Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայի սիրո ու կարոտի մասին պատմող երգչախումբը. նշվեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակը

Հայի սիրո ու կարոտի մասին պատմող երգչախումբը. նշվեց Հայաստանի ազգային 
ակադեմիական երգչախմբի 80-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված համերգային երեկոյին հնչեց ինչպես հոգևոր, այնպես էլ` համաշխարհային դասական երաժշտություն: Համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 

Հոբելյանի առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց և արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգևներ հանձնեց, կոչումներ շնորհեց վաստակավոր կոլեկտիվի մի խումբ ներկայացուցիչների:

«Վեհափա՛ռ Տեր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ես մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ նրանց և նաև նրանց նախորդներին շնորհակալություն հայտնել 80 տարի մեր ժողովրդին ծառայելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մաեստրո Չեքիջյանին և շնորհավորել նրա վաստակաշատ աշխատանքի համար, նրա համար, որ 56 տարի մաեստրոն այսպիսի եռանդով ու սիրով ղեկավարում է այս ներդաշնակ կոլեկտիվը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, այն հանդիսատեսին, որ այս 80 տարիների ընթացքում հաճույքով ըմբոշխնել է այս փառահեղ կոլեկտիվի կատարումները: Շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում եմ, որպեսզի երգչախումբը իր գործունեությունը շատ երկար շարունակի, մաեստրո՛, և Ձեր 56, 57 տարիներին գումարվեն ևս տասնամյակներ: 

Շնորհակալ եմ ձեզ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հանրապետության Նախագահը երգչախմբին ուղղված իր շնորհավորական խոսքում:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ բոլորի համար մեծ պատիվ է ներկա գտնվել այս փառահեղ երգչախմբի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

«Երգչախումբ, որ իր գոյության 80 տարիների ընթացքում կարողացավ աշխարհին պատմել մեր հավատքի, մեր սիրո, մեր կարոտի և մեր հայրենքի երազանքների մասին, երգչախումբ, որ կարողացավ միավորել, համախմբել, ներդաշնակել ոչ միայն հայ երաժշտությունը, կատարողական արվեստը,  այլև միավորել ամբողջ աշխարհում սփռված համայն հայությանն ու, իրավամբ, համարվել համահայկական երգչախումբ»,-շեշտեց  նախարարը:

Նա հավելեց, որ 1961 թվականին առաջին տիեզերագնացը՝ Յուրի Գագարինը, բարձրացավ տիեզերք, 1961-ին սկսեց կառուցվել Արևելյան և Արևմտյան Բեռլինի միջնապատը, 1961 թվականին «Բիթլս» խումբն իր առաջին համերգային ծրագիրն ունեցավ, խորհրդանշական այդ նույն թվականին Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր դարձավ 33-ամյա Հովհաննես Չեքիջյանը, որը մինչ օրս իր կախարդական ձեռքերով և մոգական երևակայությամբ միավորում է հարյուրավոր սրտեր: Պատահական չէ, որ մարշալ Բաղրամյանը Հովհաննես Չեքիջյանին անվանել է երգչախմբային արվեստի մարշալ:

Երգչախմբային արվեստի սիրահարները բուռն ծափահարություններով էին արձագանքում բոլոր կատարումներին: Յուրաքանչյուր երաժշտական գործից հետո լսվում էր հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործություններից որևէ մեկը, որը յուրահատուկ երանգ էր հաղորդում համերգային ծրագրին:

Բեմադրությունը գեղեցիկ էր ու մտածված: Բեմադրիչը Երվանդ Ղազանչյանն էր:

Համերգային ծրագրի ավարտին Հովհաննես Չեքիջյանը հուզված ասաց, որ վերջապես արժանացավ այս գեղեցիկ օրվան: «Շատ շնորհակալ եմ, հրճվանք եմ ապրում, շատ զգացված եմ, երախտապարտ:  Ցանկանում եմ, որ մենք ապրենք խաղաղ երկնքի տակ»,-եզրափակեց մեծն Չեքիջյանը:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին։ 1961-ից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Հովհաննես Չեքիջյանը:

 Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը գործունեություն է ծավալել մեր երկրի բոլոր շրջաններում: Հայաստանից դուրս համերգներ է ունեցել Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Պրահայում, Բեյրութում և այլուր: Երգչախումբը 27 լեզվով երգել է հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

1969 թվականին երգչախումբն արժանացել է ակադեմիականի կոչման, 1975-ից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է, 2012 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ շնորհվել է «ազգային» կարգավիճակ։

Երգչախումբը ձայնագրել է Եկմալյանի և Կոմիտասի պատարագների սկավառակներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]