Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռազմարդյունաբերություն, բանկային ոլորտ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն. Հայաստանն ու Չինաստանը համագործակցության մեծ ներուժ ունեն

Ռազմարդյունաբերություն, բանկային ոլորտ, գյուղատնտեսություն, 
զբոսաշրջություն. Հայաստանն ու Չինաստանը համագործակցության մեծ ներուժ ունեն

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Չինաստանը համագործակցության մեծ ներուժ ունեն: «Չինաստան-Եվրասիա» քաղաքական ու ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի տնօրեն, արևելագետ-միջազգայնագետ Մհեր Սահակյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ համագործակցության ուղղությունները տարբեր կարող են լինել:

«Համագործակցության լավ հնարավորություն կա գյուղատնտեսության ոլորտում: Չինաստանից կարելի է ստանալ գյուղատնտեսության բնագավառին վերաբերող վարկեր, տեխնիկա, ինչպես նաև գիտելիք, թե ինչպե՞ս են չինացիները նորարարությունների և գյուղատնտեսության թվայնացման միջոցով ավելացնում նույն տարածքից հավաքվող բերքի ծավալը և այս համագործակցության արդյունքում ստացված բերքն արտահանել չինական անծայրածիր շուկա։ Նույն տրամաբանությամբ կարելի է նաև ներդրումներ ստանալ մսամթերք արտադրելու համար: Չինաստանում հատկապես մեծ է տավարի մսի պահանջարկը»,-ասաց Մհեր Սահակյանը:

Նրա խոսքով, չինացիներին կարող է հետաքրքրել նաև հայկական մեղրը, այս ճյուղը Հայաստանում ևս աճում է, իսկ մեղրի գինը համեմատաբար, մոտ 4-5 անգամ թանկ է Չինաստանում։ Ի՞նչ պետք է անել, որ հայկական մեղրն արտահանվի Չինաստան, հարցին ի պատասխան Մհեր Սահակյանը նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել հզոր լաբորատորիա, որի պատասխաններն արժանահավատ կլինեն չինական կողմի համար։

«Հարց կառաջանա, եթե Չինաստանում այդ բնագավառում ամեն ինչ լավ է, չինացիների ինչի՞ն է պետք հայկական բնամթերքը, մսամթերքն ու մեղրը։ Բանն այն է, որ Չինաստանում օդի, ջրի և հողի աղտոտվածությունը քիմիական ծանր արտադրության պատճառով բարձր է։ Միջին և հարուստ խավը ներկայացնող չինացիները փորձում են գնել ավելի շատ ներմուծված սննդամթերք այն երկրներից, որտեղ չկա միջավայրի նման աղտոտվածություն։ Հայաստանում ներկայումս չկա և մոտ ապագայում չի լինի քիմիական արդյունաբերություն, ուստի այս փաստը կարելի է օգտագործել»,-ավելացրեց Մհեր Սահակյանը։

Նա կարևոր է համարում ուղիղ չվերթների կազմակերպումը՝ Երևան-Պեկին-Երևան, Երևան-Շանհայ-Երևան, Երևան-Գուանջոու-Երևան ուղղություններով։ Այս քայլի միջոցով կհեշտանա հայ գործարարների մուտքը Չինաստան, կավելանա չինացի զբոսաշրջիկների թիվը։ Ըստ նրա՝ քանի որ Չինաստանում մեծ հետաքրքրություն կա քրիստոնեության նկատմամբ, ճիշտ գովազդի դեպքում շատերը կհետաքրքրվեն ՀՀ ժամանելով, որն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել։ Հնարավոր տարբերակ է, որ հետաքրքրություն առաջացնեն նաև էկոտուրիզմն ու «մաքուր օդ» շնչելու գաղափարը։ Սա հնարավոր կլինի, եթե կրճատվեն չվերթների ժամանակն ու տոմսերի գինը։

Բանկային ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունը ևս մեծ է: Մհեր Սահակյանի դիտարկմամբ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ չինական տարադրամն արդեն ընդգրկված է Արժույթի միջազգային հիմնադրամում։ Պետք է փորձել Հայաստանի բանկային ոլորտում ընդգրկել որևէ չինական բանկ, որը ներդրումներ կկատարի ու կհաստատվի Հայաստանում: Կամ փորձել իրավունք ստանալ որևէ հայկական բանկի համար, որը կկարողանա չինական տարադրամով փոխանցում կատարել: Այս քայլով կհեշտանա նաև հայ և չինացի գործարարների գործը, նրանք հնարավորություն կստանան աշխատել մեկ տարադրամով առանց ավելորդ տարադրամի փոխանակման համար նախատեսված գումարների:

Մհեր Սահակյանի խոսքով, ընթացիկ տարում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան փոխեց իրավիճակը, ռազմական ոլորտում երկկողմ հարաբերություններում ակտիվացման միտումներ գրանցվեցին։ Հայաստանի պաշտպանության նախարարին ընդունեց Չինաստանի ՊՆ, կողմերը պայմանավորվեցին, որ Չինաստանը Հայաստանին 10 մլն յուանի ռազմական օգնություն տրամադրի:

Մհեր Սահակյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերջին տասնհինգ տարում Չինաստանը զգալիորեն զարգացրել է ռազմարդյունաբերությունը, արտադրում է նաև մի շարք մրցունակ զինատեսակներ, որոնցից հատկապես աչքի են ընկնում ոչ «ավանդական» զենքերը, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերը, ռոբոտացված զինատեսակները, գերձայնային հրթիռներն ու թռչող սարքերը։ Այսինքն՝ Հայաստանը Չինաստանի հետ համագործակցությունը կարող է զարգացնել ոչ «սովորական» զինատեսակների բնագավառում։ Նրա խոսքով, կարելի է համատեղ Հայաստանում կառուցել ռոբոտացված զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի ռազմարդյունաբերական կենտրոն, որի արտադրանքը կարելի է սպառել Մերձավոր Արևելքում և ԵԱՏՄ-ում։

«Հայաստան-Չինաստան պաշտոնական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, այսինքն` կարելի է ասել, որ ամեն ինչ դեռ առջևում է ու նոր է սկսվում, բայց, իհարկե, 25 տարին էլ քիչ չէ, և այն կոնկրետ, սթափ վերլուծման ու հետագայում վերաիմաստավորման կարիք ունի։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Չինաստանը նախագահ Ծինփինի գլխավորությամբ փորձում է դառնալ մի առանձին քաղաքական և տնտեսական հզոր բևեռ, Հայաստանի շահերից է բխում նմանատիպ երկրի հետ ստեղծել լավ հարաբերություններ, որոնց շնորհիվ քաղաքական և տնտեսական օգուտները կստանա»,-ասաց Մհեր Սահակյանը։

Հայաստանի ու Չինաստանի միջև կա գործակցություն, սակայն նա ընդգծեց, որ հայկական կողմը պետք է էլ ավելի ակտիվ գործի, Հայաստանը պետք է փորձի գործնականորեն ընդգրկվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի» հատվածում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]