Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արտաշես Գեղամյան. Լինել այնտեղ, որտեղ առավել պահանջված ես

Արտաշես Գեղամյան. Լինել այնտեղ, որտեղ առավել պահանջված ես

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային Ժողովի միջև Համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, «Ազգային Միաբանություն կուսակցության» (www.amiab.am) նախագահ Արտաշես Գեղամյանի հետ «Արմենպրես»-ի թղթակցի հարցազրույցը:

- Պարոն Գեղամյան, ԵվրամիությունՀայաստան Համաձայնագրի ստորագրումից հետո մենք տեսանք, թե ինչ է կատարվում ռուսաստանյան հեռուստաեթերում, տեսնում ենք, թե ինչ հակահայկական մեկնաբանություններ էին հնչեցվում որոշ քաղաքագետների կողմից, նույնիսկ որակումներ եղան իբր ֆաշիզմի հետ համագործակցողներին մեծարելու կապակցությամբ: Դուք որպես հայ-ռուսական բարեկամության և համագործակցության ջատագով ինչպե՞ս եք գնահատում այդ առնվազն հանիրավի զուգահեռումները:

-Գիտեք, պետք է զանազանել Ռուսաստանի պաշտոնական հեռուստալրատվամիջոցները և մասնավոր հեռուստաընկերությունների հեռարձակած նյութերը: Ձեր հիշատակած հաղորդումները, ինչ խոսք, զազրելի են, և դատապարտվեցին Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև դրանց հստակ գնահատական տվեց պաշտոնական Մոսկվան: Ավելին, օրեր առաջ Երևանում էր «Եդինայա Ռոսիայի» պատվիրակությունը, կուսակցության քաղաքական խորհրդի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակի գլխավորությամբ, որը ճիշտ հակառակ գնահատական տվեց այդ երևույթին: Եթե մենք անդրադառնանք, դիցուք, «Զվեզդա» հեռուստաալիքի հայտնի խայտառակ հաղորդմանը… 

-նաև ՝ НТВ -ի:  

-ապա՝ թե´, Վերոնիկա Կրաշենիննիկովայի և թե´ НТВ-ի հաղորդումները որքան հակահայկական էին, նույնքան էլ ուղղված էին Ռուսաստանի դեմ: Դրա հետ մեկտեղ արձանագրենք, որ մեր իսկ Ազգային Ժողովում, այն է՝ թիվ առաջին քաղաքական մարմնում, կազմակերպվել էին լսումներ՝ կապված ԵԱՏՄ-ից  Հայաստանի դուրս գալու հարցի հետ: Հնչեցվեցին հակառուսական երանգներ պարունակող մի շարք ելույթներ, այնպես որ բոլորովին էլ զարմանալի չէր Ռուսաստանում հակահայկական ուղղվածություն կրող հաղորդումների հայտնվելը: Լսումները նախաձեռնողները պետք է որ հաշվարկեին, հնարավոր հակադարձումը: Ինչ խոսք, այստեղ առկա էր նաև մեկ այլ գործոն՝ Հայաստանի կողմից Եվրամիության հետ Համաձայնագրի ստորագրման փաստը, որն, ի դեպ, կատարելապես ի չիք արեց ադրբեջանական լոբբիի, Ադրբեջանի  վիթխարի ջանքերը, միլիարդավոր դոլարների հասնող ծախսերը, որոնց  նպատակն էր և է´ սեպ խրել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մեջ, ինչպես նաև խոչընդոտել Հայաստանի կողմից որդեգրած «ևև» -ի քաղաքականությանը: Այնպես որ հակահայկական հաղորդումների հեղինակներն ըստ էության Ադրբեջանի կողմից իջեցված քաղաքական պատվերն են կատարել: Ուստի և հիմա էլ արդեն եկել է հաշվետու լինելու ժամանակը:

 Արդ, կարծում եմ, ավելի տեղին կլիներ, եթե ինքներս մեզ հարց տայինք՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է կնքում Եվրամիության հետ, այլ նաև կնքման առիքով առանձնահատուկ կարևորում է մեր երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Ավելին, եվրոպական բարձրաստիճան հանձնակատարները հայտարարում են, թե Համաձայնագիրը ամենևին էլ չի հակասում հայկական կողմի ստանձնած այն պայմանավորություններին, որոնք ձեռք են բերվել ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին իր անդամակցության արդյունքում: Սա մեր քաղաքական իշխանության և, ինչու չէ, Հայաստանի Հանրապետության Նախագահի աննախադեպ հաջողությունն է, որը, կրկնում եմ, հօդս ցնդեցրեց ադրբեջանաթուրքական շատ հզոր լոբբինգը, ինչը գործում էր ոչ միայն Ռուսաստանում և շարունակում է գործել նաև Եվրամիությունում: Եվ ի՞նչ էիք սպասում. տարիներ շարունակ այդ մարդիկ փող են ստացել թուրքազերիների ձեռքից, սակայն հանձնարարությունը չեն կատարել և տապալվել են: Բնական էին նման ջղաձիգ, ես կասեի՝ գռեհիկ, հավասարապես հակառուսական և հակահայկական դրսևորումները՝ նույն Կրաշենիննիկովայի անհեթեթ մեկնաբանությունները, թե Հայաստանում մեծարում են ֆաշիզմի հետ համագործակցողներին՝ հանձինս մեր ազգային հերոս Գարեգին Նժդեհի, այն էլ այնպիսի բնութագրումներով, որոնք ավելի շատ հակառուսական ուղղվածություն ունեին, քանի որ այդ ստահոդ մեղադրանքներն հասցեագրվել են Ռուսաստանի Դաշնության եզակի հավատարիմ գործընկերոջ, դաշնակցին: Մինչդեռ արդի Ռուսաստանը, ի դեմս երկրի Նախագահ Վլադիմիր Պուտինի, ունի պատվախնդիր լիդեր, որն ուղղակի անձնապես է ընդունում իր բարեկամին ուղղված ամեն անհարգալից հայտարարություն, էլ չասած ուղղակի զրպարտանքի մասին:

- Պարոն Գեղանյան, այնուամենայնիվ, դուք չե՞ք կարծում, որ պետք է արժանապատիվ պատասխան տալ վերոհիշյալ երևույթին, որ, այո´, Հայաստանի իշխանության վարած քաղաքականության արդյունքն է այն, որ որոշ ռուսաստանցի քաղաքագետներ Հայաստանն ընկալում են լոկ որպես իրենց երկրի ֆորպոստ, որի հետ կարող են վարվել ուզածի պես: Եվ հանկարծ «այդ Հայաստանը» համարձակվել է Համաձայնագիր կնքել Եվրամիության հետ:

-Ես համաձայն եմ այն տեսակետին, որ արհեստական, երբեմն չարդարացված, ջղաձիգ դրսևորումներով ջուր չլցնենք մեր չարակամների ջրաղացին, ակամայից չպրոպագանդենք դրանց, այլ ընդհակառակն, մեր արձագանքով ցույց տանք, թե որքան թշվառ և ծախված են հակահայկական հեռուստահաղորդումների հեղինակները, այն աստիճան, որ ականջալուր չեն նույնիսկ սեփական երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովային խնդրո առարկայի կապակցությամբ, այնքան տգետ են քաղաքականապես, որ չեն էլ գիտակցում կատարվածի ողջ խորությունն ու լրջությունը, չեն էլ անդրադառնում այն փաստին, որ նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության համաձայնագրի ստորագրումից 10 օր առաջ տեղի էր ունեցել Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի բարձր մակարդակով հանդիպումը Սոչիում, որն անցել էր փոխըմբռնման և բարեկամության ջերմ մթնոլորտում: Արդյոք չարժե՞ր, որ մեր ախոյանները մտորեին, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ նոյեմբերի 13-ին, Սոչիում Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց առաջ Էրդողանը հայտարարել էր, թե մտադիր է քննարկելու  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ առանցքում ունենալով հինգ շրջանների վերադարձը Ադրբեջանին, իսկ մինչդեռ, ի վերջո, ձեռնունայն վերադարձել էր Անկարա՝ խոստովանելով իր այդ նպատակի ձախողումը: Հետո, ճարահատյալ, 10 օր անց, էլի հարկադրված էր գալ Սոչի, բանակցել այս անգամ արդեն Սիրիայի կապակցությամբ՝ մոռանալով Լեռնային Ղարաբաղի հարցը: Իսկ որպեսզի մի կերպ փրկի դեմքը star.com.tr թուրքական կայքում ասել է, թե, այո, երկուստեք հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂՀ-ի հարցը, միաժամանակ նշելով, որ, իր պատկերացմամբ, Պուտինը հակված չէ հիմա ճնշում գործադրելու իր դաշնակցի՝ Հայաստանի վրա, ինչը, իր կարծիքով, պայմանավորված է երկու երկրների բարեկամական կապերով: Թուրքիայի մեծամիտ, գոռոզ նախագահն ինքն է հարկադրված նման բան ասում, և այդ պարագայում, մենք՝ փոխանակ այդ մանրամասներին անդրադառնալու, փոխանակ մեր ռուսաստանցի ընդդիմախոսներին հորդորելու, թե՝ գոնե լսեք, հետևեք պաշտոնական Մոսկվայի, ձեր իսկ նախագահի որդեգրած քաղաքական գծին, սեփական գործողություններով փաստորեն մի վարկաբեկեք այդ ամենը: Դուք ո՞ւմ դեմ եք գործում: Չէ՞ որ դուք որքան Հայաստանի´ դեմ եք աշխատում, զբաղվելով հակահայկական քարոզչությամբ, նույնքան էլ, նույնիսկ կրկնակի´ վնասում եք ինքներդ ձեզ այդ ըստ էության հակառուսաստանյան քարոզչությամբ: Իսկ դա, ի դեպ, ունի հեռահար գերխնդիր՝ ամեն գնով Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններից առաջ, որը պիտի կայանան 2018 թ. մարտին, խարխլել երկիրը թե´ ներսից և թե´ դրսից: Դրսից խարխլելու համար, բնականաբար, գործի են դրվում ՌԴ հավատարիմ դաշնակիցների, մասնավորապես, ՀԱՊԿ-ի անդամ երկրների ներքին վիճակի ապակայունացումը և Ռուսաստանի սահմանի ամբողջ շրջագծով ապակայունության գոտու ստեղծումը: Նույնը՝ նաև բուն Ռուսաստանում: Այս ամենը պարզ, հասարակ աշխարհաքաղաքական հաշվարկ է, որն ի չիք է դառնում թեկուզ այն փաստի արձանագրմամբ, որ Դանանգում, գրեթե ոտքի վրա՝ 5–10 րոպե խոսելուց հետո, Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը ընդունում են համատեղ Հայտարարություն՝ կապված սիրիական ճգնաժամի հաղթահարման, համատեղ հակաահաբեկչական գործողություններ ծավալելու հետ: Հայաստանի Հանրապետությունը՝ ունենալով դաշնակցային հարաբերություններ պատժամիջոցների ներքո գտնվող Ռուսաստանի հետ թե´ Ամերիկայի Միացյալ Նահանգների և թե´ Եվրամիության կողմից, պահպանելով բարիդրացիական, բարեկամական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը նույնպես գտնվում է Արևմուտքի պատժամիջոցների ներքո, որոնք, ավելին ասեմ, ԱՄՆ-ը շարունակում է  խստացնել, այնուհանդերձ, որպես ինքնիշխան պետություն և կառավարություն, Համաձայնագիր է ստորագրում ԵՄ հետ: Ասել կուազի, որ մեր երկրի Նախագահն է որոշում՝ ում հետ բարեկամություն անել, համագործակցել: Չկա համաշխարհային պատմության մեջ նման դեպք, երբ նման փոխհարաբերությունների թնջուկում հնարավոր է դառնում լուրջ հակասությունների առկայությամբ հանդերձ ունենալ մեր պետության և համայն հայության շահերից բխող նման հավասարակշիռ հարաբերություններ: Այս հանգամանքը մեր բարեկամ երկրների հանրության ամենալայն շրջանակներին հասու դարձնելու հաշվին, չգիտես ինչու, ոմանք կենտրոնանում են հակահայկական այս կամ այն, շա՜տ ներողություն, լպիրշ, անմակարդակ դրսևորումների վրա, որոնք չեն տեղավորվում Ռուսաստանի արտաքին քաղաքականության վեկտորի մեջ և չեն արտահայտում պաշտոնական Մոսկվայի տեսակետները:

- Բրյուսելում, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով իր հետագա պաշտոնավարմանը վերաբերող հարցին՝  իրեն պատկերացնո՞ւմ է երկրի ղեկավարի պաշտոնում 2018 թվականի ապրիլից հետո, նկատեց, որ դեռ չի պատկերացնում և եթե պատկերացնի՝ կասի: Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ Նախագահը այժմ չի կրկնում իր նախկին հայտարարությունը, թե՝ չի պատրաստվում դառնալ կա´մ վարչապետ, կա´մ նախագահ, կա´մ Ազգայի Ժողովի նախագահ: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ այստեղ միգուցե այլ ծրագրեր են ծագել՝ կապված Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հետ:

- Ես բացարձակապես այլ տեսակետ ունեմ խնդրո առարկայի վերաբերյալ: Սերժ Սարգսյանն այն քաղաքական և պետական գործիչն է, որը, համաձայնեք, մեծ ավանդ ունի անկախ Հայաստանի կայացման գործում: Էլ չեմ ասում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Իր անցած ճանապարհը հուշում է, որ ինքը պետք է լինի այնտեղ, ուր առավել շատ է պահանջված իր իսկ սկսած գործի տրամաբանական շարունակությունը ապահովելու իմաստով, հատկապես այն ժամանակաշրջանում, երբ մենք ականատեսն ենք տարածաշրջանային լուրջ, տեկտոնիկ փոփոխությունների՝ պայմանավորված Սիրիայի ճակատագրով, Թուրքիայի ներքին իրավիճակով՝  նկատի ունենալով քրդական գործոնը, Իրաքով, ինչպես նաև Ադրբեջանի չդադարող ոտնձգություններով: Այս պարագայում, բնականաբար, ես պատկերացնում եմ, որ նման քաղաքական և պետական կենսագրություն ունեցող անձը պարտավոր է լինել հենց անվտանգության կազմակերպչի, ապահովողի դիրքում: Իրենից լավ, համաձայնեք, այս պահին մենք չունենք որևէ այլ պետական կամ քաղաքական գործիչ, ում խոսքը ընդունվի ոչ միայն Հայաստանում, այլ նաև, որ սակավ կարևոր չէ, եթե չասենք, ստեղծված իրավիճակում առավել տրամաբանական՝ Արցախի Հանրապետությունում: Սա այն դեպքն է, երբ պետք է ելնել ոչ թե նախկինում արված ինչ-ինչ հայտարարություններից, այլ խնդրին մոտենալ ապագայում մեզ պարտադրվող մարտահրավերներին ամենագործուն կերպով հակազդելու հրամայականից: Այսօրվա դրությամբ, այո´, պահանջված է, որ Սերժ Սարգսյանը շարունակի զբաղեցնել այն պաշտոնը, ում վստահված են Գերագույն գլխավոր հրամանատարի լծակները: Իսկ դա, համաձայն փոփոխված Սահմանադրության, ՀՀ վարչապետի պաշտոնն է:

- Ասել թե, Դուք էլ կարծում եք, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի՞ է:

- Ես չասացի՝ «անփոխարինելի»: Ես նկատի ունեմ ստեղծված իրողության թելադրանքը:

- Այդ պաշտոնո՞ւմ:

- Ես ասացի՝ ստեղծված իրադրության, երբ պետական գործիչը պետք է խորհի, թե ինքը որտե՞ղ է առավել պահանջված Հայաստանի և Արցախի Հանրապետության անվտանգությունը ապահովելու գործում: Այդ տեսանկյունից, կրկնում եմ՝ այո´, նա´ է այսօր առավել քան պահանջվածը: Թե վաղը, մյուս օրը ինչ զարգացումներ կընթանան, ո՞վ գիտե. բնականաբար, յուրաքանչյուր ժամանակաշրջան իր քաղաքական հայտն է ներկայացնում՝ այն , թե ով և երբ պետք է լինի երկրի ղեկավարը նախ և առաջ անվտանգության առումով, ով պիտի իրականացնի տնտեսական, մշակութային և նյուս ուղղություններով վարվող քաղաքականությունները և այդպես՝ բնագավառ առ բնագավառ: Մենք ա´յս տեսակետից պետք է մոտենանք խնդրին: Թե չէ կառչել ենք ա´յս էր ասել, ա´յն էր ասել: Փոխվում է կյանքը, փոխվել են ժամանակները

-Իսկ՝ ի՞նչ, միթե ինքը ժամանակը չէ՞ր հաշվարկել, ճիշտ չէ՞ր կշռադատել իր հայտարարությունները, խոստումը:

- Հաշվարկի խնդիր չէ: Աշխարհաքաղաքական զարգացումներն այնպիսին են, որ 24 ժամվա ընթացքում իրավիճակը կարող է արմատապես փոխվել: Տեսեք՝ ինչ է ստացվում: Պատժամիջոցների պարագայում, ոտքի վրա, գրեթե, մի քանի րոպե խոսելով՝ Պուտինը ու Թրամփը ստորագրում են մի հայտարարություն, որը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ: Իրավիճակ է: Եվ հետո. յուրաքանչյուր դիվանագետ, իսկ երկրի առաջին դեմքը նաև առաջին դիվանագետը պետք է լինի, երբեք ու երբեք իր ծրագրերի մասին անվերապահ չպետք է ասի մի պարզ պատճառով. անկախ նրանից, թե որքանով կարող է լինել ընդունելի կամ քննադատելի: Բանն այն է, որ երբեմն էլ նման «գաղտնազերծումը» կարող է զենք դառնալ հակառակորդների ձեռքում սեփական հաշվարկներն անելիս: 2018 թ. մարտին Ռուսատանի Դաշնության Նախագահի ընտրություններն են: Վլադիմիր Պուտինը ևս դեռ չի հայտարարել իր առաջադրման մասին և ինքն էլ է ասում՝ դեռ չի որոշել: Նույնն էլ՝ մեր Նախագահը: Շատ էլ ճիշտ է անում: Ինքն ասել է այն, ինչ պարտավոր էր, կարելի էր ասել: Ես այդպես եմ գնահատում, որովհետև ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ապրող երկրի առաջին դեմքը՝ Գերագույն գլխավոր հրամանատարը, որևէ այլ պատասխան եթե տար, խոցելի կլիներ (հարյուր տոկոսով եմ ասում), գոնե թուրք–ազերիների իրազեկումը չսնելու տեսակետից: Անկասկած, այդ հիման վրա իրենք կկառուցեն ողջ հակահայ քաղաքականությունը և քարոզչությունը: Էլ չեմ ասում, որ  որոշակի տեղական բախտախնդիրներ ևս կարող են գլուխ բարձրացնել երկրի ներքին վիճակը ապակայունացնելու միտումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]