Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Արտաշես Գեղամյան. Հայաստանի միջոցով Եվրամիության հասցեագրած մեսիջը Ռուսաստանին


ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրեսը» ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հարցի քննարկման ժամանակ Արտաշես Գեղամյանի ելույթի ամբողջական տեքստը: 

Երբ ըստ իս, նման բախտորոշ հարց է քննարկվում, մենք անպայման պարտավոր ենք հաշիվ տալ մեզ, թե աշխարհաքաղաքական որպիսի զարգացումների պայմաններում է դա արծարծվում: «Աշխարհաքաղաքական զարգացումներ» ասելով` ես ի նկատի ունեմ վերջին ժամանակներս տեղ գտած մի շարք իրադարձություններ:

Իրադարձություն 1. Նոյեմբերի 11-ին Վիետնամում՝ Դանանգում ԱԽՏՀ-ի անդամ երկրների խորհրդաժողովի «դաշտում», Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեցին աննախադեպ մի հայտարարություն Սիրիայի հարցում համագործակցելու և Իսլամական պետությանը պարտության մատնելու կապակցությամբ: Դրանից 17 օր առաջ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանեց Սոչի: Նախքան Ռուսաստանում իր պաշտոնակցի հետ հանդիպելը՝ Էրդողանը Սիրիայի հարցից զատ, հայտարարել էր, որ ՌԴ նախագահի հետ քննարկելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների հարցը: Նշենք, որ նոյեմբերի 13-ին Սոչիում կայացած բանակցությունների ավարտին, ինչպես հաղորդում է star.com.tr կայքը, Թուրքիայի ղեկավարը փաստորեն խոստովանել էր, որ Մոսկվան չի պատրաստվում այդ հարցում ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչին անհամբեր սպասում էին Անկարան և Բաքուն: «Մենք պարոն Պուտինի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Ավելի վաղ ընդունվել էր որոշում 7 օկուպացված շրջաններից 5-ի վերաբերյալ: Մենք հանգեցինք նրան, որ այդ որոշումները պետք է կատարվեն. պարոն Պուտինը դրական է տրամադրված, բայց, ինչպես ես հասկացա, հատուկ հույսեր չի փայփայում: Անձամբ ինձ թվում է, որ նրա անհուսությունը կապված է երկու երկրների (Հայաստանի և Ռուսաստանի – խմբ.) հարաբերությունների հետ» – ասել է Ռ. Էրդողանը:

Իսկ մեկ շաբաթ առաջ էլ կայացավ Էրդողան - Ռոհանի - Պուտին համատեղ եռակողմ հանդիպումը, ուր նույնպես քննարկվեց սիրիական կարգավորման հարցը: Նշեմ, որ այդ հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Հորդանանի, Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարների հետ: Հատկանշական է, որ որևէ եվրոպական լիդերի հետ սիրիական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ ՌԴ նախագահը ոչ հեռախոսազրույց, ոչ էլ քննարկումներ չէր անցկացրել:

Իրադարձություն 2. Նման պարագաներում ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում ընդունվում է «Արևելյան գործընկերության» համաժողովի հայտարարագիրը, որի երկրորդ հոդվածը հաստատում է համաժողովի մասնակիցների հանձնառությունը «ամրապնդել ժողովրդավարությունը, իրավունքի և հիմնարար ազատությունների գերակայությունը, ինչպես նաև պաշտպանել միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, օժանդակել իր բոլոր գործընկերների տարածաշրջանային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»: Ընդ որում` Բրյուսելում ընդունված փաստաթղթում, ի տարբերություն Եվրոպայի ու ԱՄՆ-ի մասնակցությամբ ընդունված Հայտարարությունների, Հայտարարագրերի ու բանաձևերի, ոչ մի խոսք չկա Ռուսաստանի մասին: Դա նշանակում է, որ Եվրամիությունը վերանայում է իր քաղաքականությունը` կապված Ռուսաստանի հետ:

Հատկանշական է, որ այդ ընթացքում հետաքրքիր հաղորդումներ և հրապարակումներ են հայտնվել Եվրանյուզում, և արևմտյան այլ հեղինակավոր պարբերականներում, ուր մասնավորապես, ահազանգվում էր, թե մի շարք եվրոպական երկրներում գրանցվել է կոռուպցիայի աճ և այդ կապակցությամբ հղումներ էին արվում «Եվրոբարոմետր»-ի ուսումնասիրություններին: Նրանց, ովքեր կկամենային ծանոթանալ դրանց, ես սիրով կարող եմ տրամադրել նման վերլուծություններ պարունակող հոդվածների լինքերը:

Այս ամենով հանդերձ եկեք վերհիշենք, որ 2015 թ. «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովի նախաշեմին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ իր գլխավորած կառավարությունը հարգանքով և ըմբռնումով է վերաբերվում ինքնիշխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը՝ անդամակցել ԵԱՏՄ-ին: Անգելա Մերկելի այդ հայտարարությունից երկու տարի անց, եվրոպացիները Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդունման կապակցությամբ քանիցս նշել էին և նույնիսկ հատուկ շեշտում էին, որ Հայաստանի հետ ստորագրված Համաձայնագրի և ոչ մի դրույթ ոչ մի կերպ չի հակասում մեր երկրի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ  ստանձնած պարտավորություններին: Սույնը ի՞նչ է նշանակում: Ես համոզված եմ, որ դա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի միջոցով Եվրամիության հասցեագրած մեսիջը Ռուսաստանին առ այն, որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ անհաղթահարելի և ոչ մի խնդիր չունի, վկան Հայաստանի հետ կնքվելիք Համաձայնագիրը: Այլ կերպ ասած բացառիկ կարևորություն է տրվում Հայաստանի Հանրապետությանը, նրա լուրջ արտաքին քաղաքականությանը, որի արդյունքում մեր երկիրը հաջողում է սերտորեն և թափանցիկ համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո և ավելին, դրանք հիմա ավելի են խստացվում: Բացի այդ, Հայաստանը, որը ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում  դաշնակցային հարաբերություններ ունի ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի հետ, մշտապես հայտարարել է ԵՄ-ի հետ գործակցելու պատրաստակամության մասին:

Եվ այսուամենայնիվ նման պարագայում, համաձայնագիր կնքելով Եվրամիության հետ, թվում է, մենք պարզապես պարտավոր ենք օգտվել մեզ համար աննախադեպ բարենպաստ իրավիճակից, որը հնարավոր է դարձել մեր երկրի նախագահի և արտաքին գործերի նախարարության ջանքերի շնորհիվ: Այո, հենց Նախագահի գործունեության արդյունքում, քանի որ Սահմանադրության համաձայն հենց նա է պատասխանատու մեր պետության արտաքին քաղաքականության համար, երբ նա դառնում է համաշխարհային քաղաքականության ինքնուրույն լուրջ գործոն:

Իրադարձություն 3. Դրան զուգահեռ` մենք ականատես ենք, թե ինչպես է միջազգային հարաբերությունների ոլորտում Ադրբեջանն, ըստ էության, հայտնվում խաղից դուրս վիճակում:

Այսպես ուրեմն. Եթե այս համատեքստում անդրադառնանք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու խնդրին, ապա այս համապատկերում առնվազն պետք է արձանագրենք, որ Ազգային Ժողովում ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկությունը ժամանակավրեպ է: Բայց  և միաժամանակ նշենք, որ նման քննարկումը, ինչ խոսք, անհրաժեշտ էր, քանզի ցցուն դարձրեց այն ռեսուրսներն ու ռեզերվները, որոնք պայմանավորված են ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ և  որոնք, ավա՜ղ, առ այսօր մինչև վերջ չեն օգտագործվում, իսկ առանձին դեպքերում էլ միանգամայն արդարացի քննադատության են ենթարկվում: Սա է այն իրողությունը, որը մենք պետք է որպես լայն այս քննարկումների արդյունք (նկատի չունեմ միայն ես իմ ելույթը), այլ, ավելի ընդգրկուն ընկալենք` յուրաքանչյուրս մնալով սեփական համոզմունքներին, խորհենք, թե որն է մեր այն հաջորդ քայլը, որ պիտի մեր երկրին հնարավորություն ընձեռի թեկուզ մեկ սանդղակով էլ ավելի բարձրացնել Հայաստանի Հանրապետության, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ, ծանրակշիռ սուբյեկտի դերը գոնե առնվազն մեր տարածաշրջանում:

Եվ քանի որ խնդրո առարկա հարցի քննարկման ժամանակ խոսք գնաց նաև պոեզիայից, ես էլ մի մեջբերում անեմ` կապված Ռուսաստանի հետ, որ իմ կարծիքով, ավելի վառ, քան Ֆյոդոր Տյուտչևը, ոչ ոք չի տվել.

«Умом Россию не понять

Аршином общим не измерить:

У ней особенная стать –

В Россию можно только верить»

Եվ ավելացնեմ. մեր Ջիվան Թորոսյանի հայրենակցի, ներողություն, Շիրակ Թորոսյանի հայրենակցի՝ Ջիվանու խոսքը, թե`

«Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ »: Խելքի աշեցեք…

Շնորհակալություն:

* * *

Հետգրության փոխարեն. Երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, տեղի ունեցավ մի շատ հաճելի անակնկալ: Աշխարհահռչակ մեր հայրենակից կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանը ինձ պատիվ արեց` ընծայելով իր բացառիկ հետաքրքիր, գիտության մեր պատկերացումներում հեղափոխական ճեղքման ներուժ ունեցող «Իմ տիեզերքը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն թարգմանությունը: Ակամա մտածեցի, թե աշխարհաքաղաքական արդի բարդ զարգացումների ֆոնին որքան պահանջված կլինի, եթե մեր ազգը Երկիր մոլորակի ժողովուրդներին ներկայանա ամենահեղինակավոր միջազգային գիտական մրցանակի արժանի այսօրինակ լուրջ «այցեքարտով»: Եվ ճիշտ չի լինի արդյոք, որ այս հարցում առաջին քայլը մենք անենք` Արտավազդ Փելեշյանի գրքի անգլերեն թարգմանության գոնե սեղմագիրը ներկայացնելով “My universe and the Peleshan Matrix” միջազգային լայն հանրությանը: Ախր մեր փոխարեն դա ոչ ոք չի անի…

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ