Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Խոհարարությունն ուղղակի աշխատանք  չէ, այն արվեստ է, որը տաղանդ, գիտելիք ու նվիրում է պահանջում. Դավիթ Երեմյան


ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցի վրա վերջերս բացվել է նոր ռեստորան՝ «Շերեփ»-ը, որը հասցրել է դառնալ բնակիչների սիրելի վայրերից մեկը: «Արմենպրես»-ը զրուցել է «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ: 

Պարոն Երեմյան, Երևանի ռեստորանային խճանկարում նոր և յուրահատուկ կետ է հայտնվել՝ «Շերեփ» ռեստորանը, որն ընդամենը մի քանի օրում արդեն գրավել է երևանցիների սիրտը։ Կպատմեք մեզ, թե ինչպե՞ս է առաջացել «Շերեփ» ռեստորանի գաղափարը։

 «Երեմյան փրոջեքս»-ի ողջ անձնակազմը տարիներ շարունակ երազել է բաց խոհանոց ունենալու և խոհարարներին ետնաբեմից առաջին գիծ բերելու մասին։ Խոհանոց, որտեղ խոհարարներն այցելուների աչքի առաջ կներկայացնեն ուտեստների պատրաստման իրենց վարպետությունը, արվեստն  ու տաղանդը։

Հաճախ, երբ գնում ենք ռեստորան ու համտեսում տարբեր ուտեստներ, չենք էլ պատկերացնում, թե որքան ջանք ու հոգի է դրվում դրանց պատրաստման գործում ու այսպիսով փոխանցվում  յուրաքանչյուր ուտեստին։ Այժմ մեր հաճախորդներին տրվում է եզակի հնարավորություն տեսնելու և ինչու չէ, շնորհակալություն հայտնելու խոհարարին։

«Շերեփ»-ը նոր ձևաչափ է, Հայաստանում նախադեպը չունեցող՝ բաց խոհանոց, որտեղ շեշտադրումն ամբողջովին դրվելու է խոհարարի աշխատանքի վրա։ Սա բաց խոհանոց չէ` նախատեսված հացաբուլկեղեն կամ պիցցա պատրաստելու համար, սա խոհարարական արվեստի բարձր նմուշները հաճախորդի դատին ներկայացնելու բաց տարածք է, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ հաղորդակից է դառնում կերակուրի պատրաստման խրթին գործընթացի բոլոր փուլերին:

Իսկ ինչպե՞ս ընտրվեց հենց «Շերեփ» անվանումը:

Տեսե´ք՝ բաց խոհանոց, խոհարարներն առաջին գծում են… իսկ շերեփը խոհարարի ձեռքի հիմնական ու ամենակարևոր գործիքներից է։ Մենք չէինք կարող անտեսել դա։ Շերեփն ըստ էության խորհրդանշում է խոհարարի վարպետությունը։

Ձեր ռեստորանները հայտնի են հայկական ավանդական ուտեստներով, ինչպիսի՞նը կլինի նորաբաց «Շերեփի» խոհանոցը:

Ինձ այդ հարցը շատ հաճախ են տալիս։ Ես միշտ պատասխանում եմ՝ համեղ։ «Շերեփ»-ի խոհանոցը չի ունենալու ազգային որևէ բնութագրիչ կամ շեշտադրում, այն ուղղակի լինելու է համեղ։ «Շերեփ»-ում ներկայացված են լինելու տարբեր երկրների խոհանոցներից ընտրված և տեղայնացված ամենահամեղ ուտեստները:

Նպատակ ունենք նաև ավանդույթ դարձնել մեր ճաշացանկը յուրահատուկ կերպով ընդլայնելու գործընթացը` ներառելով մեր հրավերով տարբեր երկրներից «Շերեփ» այցելած անվանի շեֆ խոհարարների ամենահաջողված ու սիրելի ուտեստները (այսպես ասած՝ «коронное блюдо»-ն)։  Կարծում եմ այս կերպ մեր հաճախորդները կկարողանան հաղորդակից լինել ուտեստներին ոչ միայն ըստ իրենց «ազգային պատկանելիության», այլ նաև ըստ ծագման աղբյուրի` հեղինակի:

Այստեղ հաճախորդն իսկական խոհարարական շոուների մասնակիցն է լինելու, ինչպիսին էր վերջերս կազմակերպված «Շերեփամարտը»։ Ականատեսն է լինելու խոհարարական արվեստի լավագույն նմուշների պատրաստման գործընթացին: Այս ձևաչափն իր ավարտուն տեսքն է ստանում հարմարավետ ու ներդաշնակ ներքին հարդարման ու բարձրակարգ սպասարկման շնորհիվ:

Իսկ խոհարարներն արդյոք պատրա՞ստ էին այդ մարտահրավերին:

Բաց խոհանոց ունենալու ցանկությունը բավականին մեծ էր: Շուրջ 10 տարի պատրաստվել ենք` ուսումնասիրելով տարբեր երկրներում օգտագործվող փորձը: Իհարկե, մեր թիմը լավ էր պատկերացնում այն բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, որոնք անհրաժեշտ էր հաղթահարել: Այսուհանդերձ ցանկությունն այնքան մեծ էր, որ հնարավոր բոլոր քայլերն արվեցին գործը որակով ու պատվով ներկայացնելու համար:

Մեծ պատասխանատվություն և պարտավորվածություն ենք զգում հանրության շրջանում խոհարարի աշխատանքի հեղինակությունը բարձրացնելու առումով, ինչպես նաև կարևորելու հասարակությունում խոհարարների դիրքը: Այս ոլորտում ձեռք բերված հաջողության պատմությունները կարող են օրինակ ծառայել երիտասարդների համար և ուղղորդել այս պատվաբեր ու հեռանկարային աշխատանքն ընտրելու համար։

Այսօր հասարակությունում այլ են պատկերացումները խոհարարության  մասին։ Մարդիկ կարծում են, որ այս աշխատանքը հասարակ մի գործ է, որն առանձնահատուկ հմտություններ չի պահանջում՝ «․․․չստացվեց գտնել որևէ աշխատանք, գնամ, դառնամ խոհարար․․»: Մենք ուզում ենք խոհարարներին ներկայացնել այլ դիտանկյունից, որպեսզի  փոխենք նման պատկերացումները։ Խոհարարությունն ուղղակի աշխատանք չէ, այն արվեստ է, որը տաղանդ, գիտելիք ու նվիրում է պահանջում։

Ինչու՞ որոշեցիք «Շերեփ»-ը բացել Ամիրյան 1 հասցեում: Կա՞ արդյոք որևէ տրամաբանություն հերթական ռեստորանի գտնվելու վայրը որոշելիս:

Եթե նայենք մեր ռեստորանների աշխարհագրությանը, ապա որոշակի տրամաբանություն իհարկե կգտնեք այստեղ։ Ամիրյան 5 հասցեում արդեն գործում է «Պանդոկ Երևան» ռեստորանը, որը նախկին «Դիետ ճաշարանի» տեղում է։ Այս վայրը խորհրդային շրջանի սիրված ռեստորաններից էր երևանցիների համար։ Այսօր ավելացավ «Շերեփը» Ամիրյան 1-ում՝ նախկին «Արմենիա» սրճարանի տեղում: Այն նույնպես տպավորված է երևանցիների հուշերում՝ ասում են, տասնամյակներ առաջ այստեղ շատ համեղ ոսպով ու ավելուկով ապուրներ էին մատուցում։  Մեր նպատակն էր վերականգնել հինը և ներկայացնել նորովի` ավելացնելով մեր ձեռագիրը:

 «Շերեփ» բացումը իրականացվեց հետաքրքիր և յուրօրինակ ձևաչափով՝ «Շերեփամարտ»: Կպատմե՞ք այդ իրադարձության մասին։

Հաճախ գործնական այցերով լինելով Հայաստանից դուրս՝ տեսնում էի՝ ինչ բարձր հեղինակություն և պատիվ ունեն այլ երկրներում խոհարարները: Ամեն այցից հետո հասկանում էի, որ մեր խոհարարներն ունեն մեծ ներուժ, չեն զիջում  դրսի խոհարարներին, երբեմն ավելի արհեստավարժ են և, չնայած դրան, այնուամենայնիվ, նրանք ավելի քիչ հնարավորություն ունեն ներկայանալու։  Այս նախաձեռնությամբ փորձում ենք բարձրացնել մեր խոհարարների դիրքն ու վարկանիշը թե՛ Հայաստանում և, ինչու չէ, որոշ ժամանակ անց կարող ենք նաև ներկայանալ այլ երկրներում: 

«Շերեփամարտ»-ին մեր հյուրն էր «Ժեռոմ» ռեստորանի շեֆ խոհարար Անտոնիո Ֆրեզան, ում մարտահրավերն ընդունել էր Անդրանիկ Մանուկյանը՝ «Լավաշ» ռեստորանի շեֆ խոհարարը։ Իհարկե, մրցույթն ընկերական էր, բայց այն անհրաժեշտ էր մեզ, քանի որ Անտոնիոն թե՛ բաց խոհանոցում աշխատելու, թե՛ նման մրցույթների մասնակցելու բավականին մեծ փորձ ունի։ Չնայած Անդրանիկի համար սա առաջին «Շերեփամարտ»-ն էր, նա պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը։ Արդյունքում ևս մեկ գեղեցիկ ավանդույթ ձևավորվեց՝ շերեփների փոխանակումը: Ի դեպ, շուտով «Շերեփ» ռեստորանում շերեփների խորհրդանշական պատ կլինի։

 «Շերեփամարտ»-ի ժյուրիի կազմում էր Ձեր հրավերով  Հայաստան ժամանած անվանի ռուսաստանյան ռեստորատոր, հեռուստահաղորդավար, մեր հայրենակից Արամ Մնացականովը։  Ո՞րն էր այդ հրավերի հիմնական նպատակը: Կպատմե՞ք Ձեր ծանոթության և համագործակցության ծրագրերի մասին:

Աշխատանքային հարցերով հաճախ եմ Մոսկվա մեկնում։ 2014 թվականն էր, գործուղումս Մոսկվա քաղաքում էր, որտեղ  ուսումնասիրում էին ռեստորանային շուկան։ Բավականին տպավորիչ էր Մոսկվայի «ՊՐՈԲԿԱ» ռեստորանն իր բաց խոհանոցով, որակյալ սպասարկմամբ և աշխատանքի առանձնահատուկ հայեցակարգով։ Հետաքրքրվեցի և իմացա, որ այն պատկանում է մեր հայրենակից Արամ Մնացականովին։

Գործընկերներիս խնդրեցի ինձ ծանոթացնել Մնացականովի հետ։ Երբ հանդիպեցինք, պարզվեց, որ քննարկելու և համագործակցության, ինչպես նաև փորձի փոխանակման համար բազմաթիվ թեմաներ ու ծրագրեր ունենք։ Հրավիրեցի Երևան։ Մեծ սիրով ընդունեց առաջարկս։  Երևանում աշխատեցինք բավականին հագեցված ծրագրի շրջանակներում։ Այստեղ հանդիպում ունեցանք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի հետ, քննարկեցինք  ռեստորանային բիզնեսի հիմնախնդիրները, Հայաստանում գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները: Բացի այդ՝ մասնագիտական  քննարկումներ կազմակերպեցինք ոլորտի ներկայացուցիչների հետ, իսկ հետո որպես ժյուրիի անդամ մասնակցեց  «Շերեփի» բացմանը նվիրված խոհարարների մրցույթին։

Կարծում եմ, որ երկարատև ու արդյունավետ համագործակցության լավ ու ամուր հիմք է դրվել: Ունենք համատեղ հետաքրքիր ծրագրեր և նորարական գաղափարներ։  



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ