1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/88. «Կույր կետադրություն», «Միս ուտողները», «Մեղքի պարան» գրքերը համալրել են ամենավաճառվածների շարքը

Երևանյան բեսթսելեր 4/88. «Կույր կետադրություն», «Միս ուտողները», «Մեղքի 
պարան» գրքերը համալրել են ամենավաճառվածների շարքը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը:

Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի Դաշնության ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին: Խմբագիրն է Ռոբ Մանուկյանը:

Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գործը երկրորդն է մեր ցանկում: Այն ընդգրկում է «Գիրք 1․ Տեսունակ կուրություն», «Գիրք 2․ Անհետացող քաղաքի քարտեզը», «Գիրք 3․ Կետադրության համընդհանուր պատմություն» բաժինները (բանաստեղծություններ), ինչպես նաև երիտասարդ պատմաբան Երվանդ Վարդանյանի «Մեծ աչքի համաստեղություն» վերջաբանը։ Խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրիգի «Հիսուսի կատուն» վերադարձել է ցանկ և զբաղեցրել երրորդ պատվավոր հորիզոնականը: Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ՝ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ: Գիրքը խմբագրել է Գուրգեն Խանջյանը:

Չորրորդ տեղում Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքն է, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչու՞ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Վիպակը և պատմվածքները հրատարակվել են՝ հիմք ընդունելով 1983-ին լույս տեսած երկհատորյակը, որտեղ հեղինակը մասնակի փոփոխություններ է կատարել: Այն հրատարակվել է Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Լրագրող Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» գիրքը հինգերորդն է: Այն 22 պատմվածքների ժողովածու է: «Միս ուտողները» ժողովածուի թեմատիկ առանցքում մարդիկ են և նյութապաշտությունը: Գիրքը ուտելը կուռք դարձնելու մասին է, երբ նյութապաշտությունը հաղթում է շատ ավելի կարևոր բաների: Այն մարդկանց մասին է, իսկ մարդկանց իրենց մասին պատմությունները հետաքրքրում են: Խմբագիրն Արքմենիկ Նիկողոսյանն է:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցրել ժամանակակից արձակագիր Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» ստեղծագործությունը: Հեղինակի յոթերորդ գիրքը ճանաչելի իրականության, երևակայության ու երազանքի եռաշերտ վեպ է, ուր մի քանի սերունդ` հայր, որդի, դուստր, փորձում են ընդլայնել երկրի արդարության սահմանները, և նույն հարցն է հնչում. «Ո°ւր է քո եղբայրը կամ` ո°ւր է իմ որդին»: Լքված տների այս երկրում ժպտադեմ արքայի խոստում ու փնտրտուք կա, նրան փրկելու համար ընդվզող մարտիկներ: Մի կողմից հուսահատություն ու հոգեխանգարմունք, մյուս կողմից` ըմբոստացում, որ երկիրը փոխվի, և մարդիկ պարտված չհեռանան: Գիրքը խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը զիջել և յոթերորդ տեղում է հանգրվանել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը ութերորդն է: Դրանում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրած պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն և միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ժողովածուն թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել՝ Գալյա Հովհաննիսյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ իններորդ տեղում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը: Այն արծարծում է ինքնության որոնման թեման՝ ճակատագրապաշտության իշխող մոտիվով: Գրքում զուգորդված են «Ռոստամ և Զոհրաբի», «Էդիպ արքայի» սյուժեները՝ յուրօրինակ փոխակերպմամբ: Գիրքը թուրքերենից թարգմանել է Արփի Աթաբեկյանը, խմբագրել՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է «Չքնաղ նոր աշխարհ» գիրքը: 20-րդ դարի ֆուտուրիստական արձակի առանցքային դեմքերից մեկի՝ Օլդոս Հաքսլիի անունը ավանդաբար զուգորդվում է գրականության մեջ իր արժանի տեղը գտած ժանրի՝ դիստոպիայի հետ: Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» գրական այս տեսակի ամենավաղ ստեղծագործություններից է: Նախորդում է Ջորջ Օրուելի, Ռեյ Բրեդբըրիի հայտնի վեպերին, առանձնանում է մարգարեական ճշգրտությամբ նկարագրված ապագայի ահազդու տեսլականով: Վեպում իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին, երբ մարդիկ արդեն չեն ծնվում բնական ճանապարհով, ըստ էության գոյություն չունի ընտանիք, և սպառողական հասարակությունը իր զարգացման գագաթնակետին է հասել:
     Վեպը հղումներ ունի քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական համակարգերին, կերպարները հիշեցնում են 20-րդ դարի համաշխարհային պատմության հայտնի գործիչների: Հաքսլիի այս մշտարդի ստեղծագործությունը հայերեն թարգմանությամբ հրատարակվում է առաջին անգամ: Անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ Հայրապետյանի:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նարինե Աբգարյան «Մանյունյա» Լուսաբաց 73
2 Նոր     Արամ Ավետիս «Կույր կետադրություն» Անտարես 50
3 * Գրիգ «Հիսուսի կատուն» Անտարես 30
4 Նոր Վարդգես Պետրոսյան
«Ապրած և չապրած տարիներ»
Դարակ 24
5 Նոր Հովիկ Աֆյան «Միս ուտողները» Անտարես 20
6 Նոր Հովհաննես Երանյան 
«Մեղքի պարան»
Անտարես 20
7 -4 Էդգար Հարությունյան 
«Չգտնված երիցուկներ»
Անտարես 19
8 -4 Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Մարդկանց երկիրը» Էդիթ Պրինտ 17
9 Օրհան Փամուք 
«Կարմրահեր կինը»
Անտարես 15
10 Նոր Օլդոս Հաքսլի
«Չքնաղ նոր աշխարհ»
Զանգակ 15

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]