Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին ընդառաջ հետաքրքիր միջոցառումներ են սպասվում  

Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին ընդառաջ հետաքրքիր միջոցառումներ են սպասվում

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ նրա տուն-թանգարանը (Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ) կազմել է ընդարձակ ծրագիր, որով նախատեսվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ, հրատարակել շքեղ ալբոմ, նկարահանել ֆիլմեր: Բանաստեղծուհու հոբելյանը կնշվի 2019 թվականին:

Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանի հետ:

«Առ այսօր բանաստեղծությունների էկրանավորման փորձ, կարելի է ասել, մենք դեռևս չունենք, սակայն խիստ ցանկալի կլինի 100-ամյակի առթիվ էկրանավորել բանաստեղծուհու լավագույն ստեղծագործություններից մեկը: Ինքը՝ Կապուտիկյանը, զրույցների ժամանակ հաճախ կանգ էր առնում «Լիլիթի» վրա, որը սիրով առաջարկում ենք  ռեժիսորների ուշադրությանը: Վավերագրական ֆիլմի մի սցենար մշակել եմ ինքս: Էկրանավորման դեպքում այդ ֆիլմը հանդիսատեսին կպատմի  Վանի մեծ գաղթի, 1918-ին Երևանում Կապուտիկյանների երիտասարդ ընտանիքի հաստատման, այնուհետև խոլերայով վարակված Բարունակի ողբերգական մահվան մասին: Բայց ֆիլմը կունենա վերելքային վերջաբան, քանի որ կպատմի մաքառումներով ու նվաճումներով լի ուղի անցած բանաստեղծուհու մեծ ճանապարհի մասին»,- ասաց Ա. Դեմիրճյանը:

Սիլվա Կապուտիկյանը սիրված էր թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում, թե՛ արտերկրում: Նա մեր ամենաթարգմանված հեղինակներից մեկն է: Այս իմաստով նա մեզ մոտեցրել է ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ բազմաթիվ ժողովուրդների՝ հատկապես ռուսների և ուկրաինացիների հետ, ուստի տեղին կլինի 100-ամյակի առթիվ կապուտիկյանական երեկոներ կազմակերպել նաև հայկական համայնքներում, Մոսկվայում, Կիևում և այլուր:

Տուն-թանգարանի ծրագրերից մի քանիսն արդեն ընթացքի մեջ են: Հատկապես խոստումնալից են բանաստեղծությունների գերմաներեն ու ֆրանսերեն թարգմանությունների գործընթացը, տիկնիկների հավաքածուի կրկնօրինակման  աշխատանքները և 7-17 տարեկանների համար կազմակերպվող «Ծաղկանոց» մանկական գիրք-ալբոմի նկարազարդման համահայկական մրցույթը: Վերջինն անցկացվում է 2 անվանակարգում` գեղանկարչություն և գծանկար: Աշխատանքները (մինչև 40 x 60 սմ չափսերով) մինչև 2018 թ. մարտի 1-ը պետք է ներկայացնել Ս. Կապուտիկյանի տուն-թանգարան: Գրքում ներառված 88 բանաստեղծությունները էլեկտրոնային տարբերակով կարելի է ներբեռնել տուն-թանգարանի

museumkaputikyan.com կայքէջից:

«Ծաղկանոց»-ը տարբեր վերնագրերով բազմիցս հրատարակվել է ոչ միայն հայերեն, այլև օտար լեզուներով` ռուսերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, լատիշերեն, տաջիկերեն և այլն, սակայն նորաոճ ու հետաքրքրիր նկարազարդումները քիչ են:  Հաշվի առնելով այդ հանգամանքը`որոշեցինք բանաստեղծուհու հոբելյանին ընդառաջ մեր մանուկներին ներգրավել գրքի ստեղծման աշխատանքներում ու հայտարարեցինք այս մրցույթը: Գիրքը հրատարակելու նպատակով զրուցել ենք տարբեր հրատարակիչների հետ: Հուսով ենք` այս հարցում մեզ կաջակցի նաև ՀՀ մշակույթի նախարարությունը»,- նշեց Դեմիրճյանը:

Թանգարանի վարիչը խոսեց նաև տուն-թանգարանի վերանորոգման ու տեխնիկական վերազինման մասին՝ ընդգծելով, որ դրա անհրաժեշտությունը օրախնդիր է: «Մենք այդ կապակցությամբ մանրամասն ծրագիր ենք կազմել՝ մշակելով հուշային հատվածի և միջոցառումների սրահի  առանձնահատկությունները: Առաջարկությունները ներկայացրել ենք ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին և խնդրել, որ վերանորոգմանը զուգահեռ հնարավորինս լուծվեն նաև  տուն-թանգարանի արդիականացման և սարքավորումներով հագեցման խնդիրները»,- շեշտեց նա:

Սիլվա Կապուտիկյանի թողած կտակի համաձայն` թանգարանի հուշահատվածը պետք է մնա կապուտիկյանական ձևավորմամբ: Սակայն բնակարանում կա նաև ազատ տարածք, որն անհրաժեշտ է վերանորոգել և համալրել ժամանակակից տեխնիկայով: Օրինակ՝ թանգարանը չունի մեծ էկրան և պրոյեկտոր, ուստի ամեն անգամ այցելուներին ֆիլմ ցուցադրելիս աշխատակիցները լուրջ խնդրի առաջ են կանգնում:

Անդրադառնալով Սիլվա Կապուտիկյանի մահվանից հետո հրատարակված գրականությանը` Արմենուհի Դեմիրճյանն ասաց, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում բանաստեղծուհու թողած գրական հարուստ ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը: «Այս տարիներին կարողացանք մի շարք գրքեր  հրատարակել, թողարկեցինք ձայնասկավառակներ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տպագրեցինք Ս. Կապուտիկյանի 95-ամյակին նվիրված մեծադիր ալբոմը: Այստեղ մենք՝ ես և թանգարանի հիմնադիր, բանաստեղծուհու զարմուհի Ռաֆլետա Հաջյանը, զետեղեցինք հազվագյուտ նկարներ, արժեքավոր հոդվածներ ու նաև բանաստեղծուհու որդու՝ Արա Շիրազի՝ դեռևս անհայտ գործերի մի շարք: Երբ ետ ենք նայում, երբեմն զարմանալի է թվում, թե սուղ միջոցներով ինչպես կարողացանք հրատարակել այդ գրքերը: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ մեզ հաճախ ընդառաջել են հրատարակիչները, որոնց բարեհաճությունը հույս ունենք ստանալու նաև մոտ ապագայում»,- ասաց վարիչը:

Դեմիրճյանն ընդգծեց, որ ներկայումս իրականացվող բազմաբովանդակ ծրագրերի շնորհիվ տուն-թանգարանի այցելուների թիվը բավականին աճել է:

«Մեր աշխատակիցները կապուտիկյանական հետաքրքիր թեմաներ են առաջադրում, կազմակերպում ուսուցողական խաղեր` ընդգրկելով և՛ պոեզիա, և՛ թատերարվեստ, և՛ աշխարհագրություն: Վերջինով, ի դեպ, պարզաբանում է տրվում բանաստեղծուհու  լայնածավալ շրջագայություններին, որոնց շնորհիվ թանգարանում հավաքագրվել են մեծաքանակ գեղեցիկ հուշանվերներ: Այս ամենից բացի՝ մենք նախատեսել ենք ստեղծագործական դասընթացներ հիմնել, իրականացնել բարեկիրթ պահվածքի ուսուցում, քանի որ մեզ այցելող շատ խմբեր երբեմն անտեղյակ են լինում մշակութային վայրերում իրենց պահելու վարվեցողությանը: Կապուտիկյանի 100-ամյակի միջոցառումներից անմասն չի մնա նաև Երևանի քաղաքապետարանը: Արդեն իսկ առաջիկա տարվա ծրագրերում, քաղաքապետարանի ավագանին նախատեսել է բանաստեղծուհու հուշասյան տեղադրումը նրա տան հարակից հատվածում: Հուսանք, որ քանդակային ձևավորմամբ հուշասյունը մեծ շուք կհաղորդի մեր բակային տարածքին, որը ծաղկապատման ու ծառատունկի շնորհիվ կդառնա մի փոքրիկ, հաճելի պուրակ»,- եզրափակեց Ա. Դեմիրճյանը:

 

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]