Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵՄ-ն Հայաստանի միջոցով ուղերձ հղեց Ռուսաստանին. Արտաշես Գեղամյանը ՌԴ-ի նկատմամբ քաղաքականություն փոփոխություն է տեսնում

ԵՄ-ն Հայաստանի միջոցով ուղերձ հղեց Ռուսաստանին. Արտաշես Գեղամյանը ՌԴ-ի 
նկատմամբ քաղաքականություն փոփոխություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը, Հայաստանի հետ ստորագրելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, ուղերձ է հղում Ռուսաստանին` վերջինիս հետ անլուծելի խնդիրներ չունենալու վերաբերյալ: Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնության քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

«Այսինքն, բացառիկ նշանակություն է տրվում Հայաստանի Հանրապետությանը, նրա ծանրակշիռ արտաքին քաղաքականությանն առ այն, որ նա կարողանում է սերտորեն համագործակցել նաև Իրանի հետ, որը գտնվում է պատժամիջոցների տակ: Մենք տեսնում ենք, որ այդ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը դառնում է ինքնուրույն գործոն, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանը հայտնվում է խաղից դուրս վիճակում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Գեղամյանը:

Նա ընդգծեց, որ Եվրոպական Միությունը փոխում է քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում Ռուսաստանի մասին ընդհանրապես խոսք չկա:

Արտաշես Գեղամյանն այս պայմաններում ՀՀ-ում ԵԱՏՄ-ին անդամակցության հետ կապված խնդիրների քննարկումները դրական է համարում` ընդգծելով, որ դրանց արդյունքում ավելի ցցուն դարձան այն հնարավորությունները, որոնք ընձեռում է ԵԱՏՄ-ն, իսկ Հայաստանը դրանցից դեռ չի օգտվել: «Այս քննարկումների արդյունքում մենք պետք է մտածենք, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել` Հայաստանի դերը որպես միջազգային սուբյեկտ ևս մի սանդղակով բարձրացնելու համար»,- եզրափակեց պատգամավորը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]