Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարպետը երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն է տեսնում խաչքարագործության նկատմամբ     

Վարպետը երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն է տեսնում 
խաչքարագործության նկատմամբ 

 

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում հայտնի 72-ամյա խաչքարագործ  Սերգեյ Դանիելյանը 50 տարում ավելի քան 550 խաչքար է ստեղծել: Դրանցից 120-ը տեղադրվել են 14 երկրում, իսկ մնացածը՝ Հայաստանի տարբեր վայրերում:

Դանիելյանը խաչքարագործություն է սովորեցրել ավելի քան 40 աշակերտի, ովքեր իրենց հերթին քանդակագործության գաղտնիքները հիմա փոխանցում են իրենց սաներին:

«Երիտասարդների շրջանում խաչքարագործության հանդեպ մեծ հետաքրքրություն եմ տեսնում: Ես շնորհակալ եմ, որ իմ աշակերտները և ժողովուրդը գնահատում են իմ աշխատանքը: Իմ աշակերտները «Վարպետաց վարպետ» մեդալ են պատրաստել և նվիրել ինձ: Ես տարբեր երկրներում բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր եմ ստացել, իսկ 2014 թվականին  Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացել եմ «Երախտագիտության մեդալի»,- նշեց Վարպետը:
Արցախյան պատերազմի դժվարին տարիներին Դանիելյանը խաչքարեր էր ուղարկում Հայաստանին մարդասիրական օգնություն ցույց տվող երկրներին՝ որպես երախտագիտության նշան:

«1991 թվականին Գերմանիայից մարդասիրական օգնություն էին ուղարկել: Ընկերս ինձ հարցրեց, թե ինչ կարող ենք նրանց նվիրել որպես երախտագիտության նշան: Ես մի գեղեցիկ խաչքար քանդակեցի, իսկ հետևի մասում փորագրեցի «Երախտապարտ հայ ժողովրդի կողմից»: Խաչքարը մեծ դժվարությամբ հասցրեցինք Գերմանիա` մենք չգիտեինք, որ պետք է փաստաթուղթ  ունենալ սահմանը անցնելու համար. մտածեցինք նվեր ենք տանում` կթողնեն անցնել: Ուժգորոդ քաղաքի անցակետում մեզ չթույլատրեցին խաչքարը անցկացնել: Անցակետի ռուս աշխատողը խորհուրդ տվեց Ուժգորոդի թանգարանից փաստաթուղթ վերցնել: Մենք վերցրեցինք այդ փաստաթուղթը, ինչից հետո թույլ տվեցին անցնել սահմանը:  Դա իմ առաջին խաչքարն էր, որ տարել էի արտասահման: Դրանից հետո արդեն գիտեի, թե ինչպես կարող ենք անցկացնել խաչքարերը»,- հիշում է Դանիելյանը:

Վարպետի քանդակած խաչքարերը տեղադրված են եկեղեցիների բակերում, սրբավայրերում, հրապարակներում:

«Աշխատում եմ սև տուֆով, կարմիր տուֆով, գրանիտով, մարմարով, բայց ամենահոգեհարազատը ինձ համար տուֆն է: Եթե խաչքարն իր նախշերով բարդ է լինում՝ իմ աշխատանքը տևում է մեկ-երկու ամիս»,- ասաց Վարպետը:

Վարպետն իր գործերից ամենաշատը սիրում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրած խաչքարը: Այն տեղադրվել է Վանաձորի եկեղեցու բակում: «Քարի այս տեսակը հազվադեպ է հանդիպում, քանզի մի մասը սև է, մի մասը՝ կարմիր: Քարի ճաքը խորհրդանշում է երկրաշարժը: Խաչքարի վրա փորագրված է «Ի հատուցումն աշխարհի մեղաց՝ Տեր, մեզ ընտրեցիր որպես քավություն»:

Վարպետի խաչքարերը ընդհանրապես չեն կրկնվում` ամեն մեկն ունի իր յուրօրինակ զարդապատկերը:

«Խաչքարներում հաճախ եմ պատկերում հավերժության նշանը: Հայկական խաչքարներում երեք տեսակի զարդապատկեր են օգտագործվում` կենդանական, բուսական և երկրաչափական: Խաչքարներ ունեմ, որոնցում երեք տեսակի զարդապատկերներն էլ քանդակել եմ: Ես ունեմ իմ ձեռագիրը` ճանաչող մարդը միանգամից կհասկանա, որ ես եմ քանդակել»,- ասաց Վարպետը:

Ինչպես Դանիելյանը որոշեց դառնալ խաչքարագործ: «Պապիս հայրը, պապս, հայրս Էրզրումում քանդակագործ վարպետներ են եղել: Այնուհետև տեղափոխվել ենք Ղարաքիլիսա: Այդ հմտությունը ինձ փոխանցվել է ժառանգաբար: Գեղարվեստի դպրոցը գերազանց եմ ավարտել, իսկ Երևանի տեխնիկումի առաջին կուրսից փախել եմ, Երևանում չկարողացա մնալ»:

Վարպետին առաջարկել են Հունաստան, Ֆրանսիա տեղափոխվել, սակայն նա մերժել է այդ առաջարկները:

«Եթե ինձ ասեն՝ Նյու Յորքում տասը միլիոն փող ունես, պետք է գնաս ապրես, չեմ գնա: Ես սիրում եմ իմ երկիրը, իմ քաղաքը, իմ փողոցը, ուրիշ տեղ չեմ կարող ապրել: 50 տարի աշխատում եմ այս արհեստանոցում և շարունակելու եմ աշխատել»,- եզրափակեց Վարպետը:

Նյութը պատրաստվել է «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]