Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Կնեսետի փոխխոսնակը վստահ է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի վերջո կարտահայտի իր դիրքորոշումը

Կնեսետի փոխխոսնակը վստահ է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի 
վերջո կարտահայտի իր դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իսրայելական հարաբերությունների ներկայիս վիճակի, տարբեր ոլորտներում համագործակցության, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ:

-Տիկին Պլոսկով, նոյեմբերի սկզբին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Իսրայելում էր, ինչպե՞ս կգնահատեք նրա այցն Իսրայել: Ի՞նչ կասեք հայ-իսրայելական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին:

-Ես վստահ եմ, որ նախարարի այցը շատ կարեւոր էր, քանի որ այն փաստում է երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման հարցում հետաքրքրության մասին: Ասեմ ավելին, այդ հետաքրքրությունը երկկողմանի է: Նման այցերի շնորհիվ հնարավորություն է ստեղծում ոչ միայն կապ ձեւավորել քաղաքական գործիչների, այլեւ երկու երկրների ժողովուրդների միջեւ, հատկապես, երբ Իսրայելում հայերը քիչ չեն: Նրանց համար շատ կարեւոր է հիշել իրենց երկիրը, պատմությունը, ավանդույթները եւ մշակույթը: Մենք միասին փնտրում ենք աջակցության եւ միմյանց տարբեր ոլորտներում օգնելու ուղիներ: Քննարկում ունեցանք միջխորհրդարանական աշխատանքների ընդլայնման մասին, քանի որ այդ աշխատանքների հիմնական նպատակը միջազգային հարթակում աջակցության, մեր երկրների դիրքերի փոխադարձ ամրապնդման, կապերի կարգավորման տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ մեր երկու երկրների ժողովուրդների միջեւ կապերի հետագա ընդլայնման համար ուղիներ փնտրելն է: 

- Վերջին ժամանակահատվածում  երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստող ի՞նչ փոփոխություններ կառանձնացնեք:

-Ասեմ, որ վերջին երկու տարիների ընթացքում մեր կողմից իսկապես ծավալուն աշխատանք է իրականացվել,  նոր թափ է հաղորդվել երկկողմ կապերին, մեկնարկել են ուղիղ չվերթներ երկու երկրների միջեւ, ինչը նույնպես նպաստում է  համագործակցության ընդլայնմանը: Ի դեպ, հիշեցնեմ, որ առաջին մշտական Երեւան-Թել Ավիվ-Երեւան չվերթը մայիսի 17-ին  գործարկեց «Armenia» ավիաընկերությունը:  Նշեմ, որ այս ընթացքում Պետախ Տիկվայի եւ Գյումրու քաղաքապետները ստորագրել են փաստաթուղթ որոշ մտադրությունների մասին: Շուտով այդ երկու քաղաքները կդառնան քույր-քաղաքներ, որոնց միջեւ կհաստատվեն մշտական բարեկամական կապեր քաղաքների կյանքի, պատմության եւ մշակույթի մասին փոխադարձ ծանոթության համար:

-Հոկտեմբերի 26-ին նախագահի մակարդակով Իսրայելում ընդունելություն կազմակերպվեց, որի շրջանակում ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը պարգեւատրվեց Հոլոքոստի տարիներին մարդասիրական գործունեություն ծավալելու համար: Նա այդ ժամանակ խոսեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ի՞նչ կասեք այս հարցի առնչությամբ:

- Եկեք, ամեն դեպքում, համաձայնենք, որ Իսրայելի դիրքորոշումն այս հարցում, եթե այն համեմատենք երեք տարի առաջ ունեցած դիրքորոշման հետ, փոխվել է Հայաստանի համար դեպի դրականը: Այս մասին փաստում է այն, որ հարցը բարձրացվել է Կնեսետի լիագումար նիստի ընթացքում, քննարկումները շարունակվել են կրթության հանձնաժողովում, որտեղ գործնականորեն հայտարարվել է հայ ազգի ողբերգությունը ճանաչելու մասին: Ես գիտեմ, թե որն է հայ ազգի ողբերգությունը. մենք հոգով եւ սրտով Հայաստանի հետ ենք, եւ ես վստահ եմ, որ Իսրայելն ի վերջո կարտահայտի իր դիրքորոշումը՝ հօգուտ Հայաստանի:

-Երկու երկրների հարաբերություններում դեռեւս բաց է  դեսպանատներին առնչվող հարցը: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում դրանք հիմնելու եւ դիվանագիտական հարաբերությունները նոր փուլ տեղափոխելու համար:

-Ես լիովին սատարում եմ այս գաղափարը, քանի որ այս հարցը համեմատաբար վերջերս է բարձրացվել, եւ աշխատանքներն այս հարցում նոր-նոր են սկսվել: 

-Տիկին Պլոսկով, կարեւոր է նաեւ վիզայի ռեժիմի ազատականացման հարցը, ինչ-որ տեսանելի արդյունք կարելի՞ է սպասել այս հարցի առնչությամբ:

-Երկու երկրների միջեւ վիզայի ազատականացումը կարեւորագույն հարցերից է մեկն է:  Այդ մասին եւս խոսվել է նախարարի հետ հանդիպմանը: Քանի որ ներկայումս Հայաստանի եւ Իսրայելի միջեւ գործում է առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, ես կասկած չունեմ, որ մեր երկրների սովորական քաղաքացիների համար համաձայնագրի ընդլայնման մասին պայմանավորվածություններին կկարողանանք հասնել մոտակա ժամանակահատվածում:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]