Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Մինչ 2020 թվականը ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 170 միլիոն եվրո

Մինչ 2020 թվականը ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 170 միլիոն եվրո

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 25 տոկոսով կմեծացնի Հայաստանի զարգացմանն ուղղվող աջակցությունը՝ տրամադրելով նաև տեխնիկական աջակցություն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման նպատակով, որը կազմի ամենամյա գործողությունների ծրագրի մեծ մասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մինչ 2020 թվականը միասնական աջակցության շրջանակում կտրամադրվի 170 միլիոն եվրո: Սակայն սա չի սպառում այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել այս համաձայնագրի ստորագրմամբ»,- ասաց պաշտոնյան:

Անդրադառնալով համաձայնագրից բխող քայլերի կատարման արդյունքում սպասվող տնտեսական օգուտներին՝ Պյոտր Սվիտալսկին նկատեց, որ այս փաստաթուղթը պարունակում է նոր տարրեր, որոնք համադրելի են Առևտրի համաշխարհային կազմակերպության ռեժիմի հետ, միևնույն ժամանակ կարող են ծառայել երաշխիք եվրոպացի տնտեսվարողների ու ընկերությունների համար՝ մեծացնելու առևտրի ծավալն ու ներդրումները Հայաստանում: «Մենք հույս ունենք, որ այս տարրերը հանդես կգան որպես երաշխիք՝ վկայելով Հայաստանում գործարարության ժամանակակից, արևմտյան չափորոշիչների մասին: Մենք կարծում ենք, որ այս համաձայնագիրը խրախուսող դեր կունենա ընկերությունների համար»,- ավելացրեց Պյոտր Սվիտալսկին:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ