1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը վարում է արտաքին քաղաքականություն, որը հաջողություն է բերելու. Սամվել Նիկոյան

Հայաստանը վարում է արտաքին քաղաքականություն, որը հաջողություն է բերելու. 
Սամվել Նիկոյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր տնտեսական, քաղաքական կամ ռազմական միավորման մեջ գտնվելու համար առաջին հայտանիշը պետության, ազգի ընդհանրական շահերն են: Ազգային ժողովում ԵԱՏՄ կազմից Հայաստանը դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: «Մեր պետության համար առաջինն ազգային անվտանգության խնդիրներն են: Այստեղ բոլորն անդրադարձան այդ հարցին և հիմնական բացասական մոտեցումն այն էր, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեր հակառակորդին զենք է վաճառում: Դուք ճիշտ եք, ես ձեզ հետ համաձայն եմ: Ես բազմաթիվ անգամ հրապարակային հայտարարել եմ, որ անընդունելի է դա: Սակայն դրա կողքին ես հստակ ասել եմ, որ արդյունավետ գործում են բոլոր այն համաձայնագրերը, որոնք մենք կնքել են Ռուսաստանի հետ, որոնք հնարավորություն են տալիս գործարանային գներով ժամանակակից ռազմական մթերք գնել Ռուսաստանից.  դա փաստ է: Մենք մեր անվտանգությունն ապահովում ենք` մատչելի գներով Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն ձեռք բերելով: Ուստի ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր համագործակցությունը շահավետ է, որովհետև մենք կարողացել ենք լուծել մեր առջև դրված ամենակարևոր խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նիկոյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը հնարավորություն է, որից պետք է օգտվել: Նրա խոսքով` յուրաքանչյուր միավորում ունի իր շահերը, սակայն նաև տալիս է հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել և ծառայեցնել սեփական շահերին: Սամվել Նիկոյանը կարծում է, որ Հայաստանը կարողացել է օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցությունից, ինչի արդյունք են առկա տնտեսական ցուցանիշները:

Անդրադառնալով Եվրոպական Միության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագրին` Սամվել Նիկոյանն ընդգծեց, որ դա Հայաստանի արտաքին քաղաքականության հաղթանակն է: «Սա վկայում է այն մասին, որ մեր «և-և»-ի քաղաքականությունը տվել է իր արդյունքները: Մենք ունենք փայլուն հարաբերություններ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ: Ես վստահ եմ, որ մենք տանում ենք արտաքին քաղաքականություն, որը մեզ հաջողություն է բերելու, որովհետև մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք կառուցում գերտերությունների շահերի հակասությունների վրա»,- նշեց պատգամավորը:

Սամվել Նիկոյանը նորմալ է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերի քննարկումները` շեշտելով, որ դա հիմք է տալիս հայտարարելու, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ կարելի է քննարկել ցանկացած հարց: «Նորմալ է, որ քաղաքական միտքը կարող է առաջարկել քննարկումներ այս կամ այն թեմայով, և դրանք ծավալվում են: Այսպիսի քննարկումները հայ քաղաքական մտքի մեջ նորություն չեն: Իհարկե, մենք երկար ժամանակ պետություն, խորհրդարան չենք ունեցել, որպեսզի այս քննարկումները լինեն, սակայն մեզ մոտ նման քննարկումներ միշտ էլ եղել են: Այնպես որ ես այս քննարկումները նորմալ եմ համարում»,- եզրափակեց Նիկոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]