1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է: Ինչպես Այս մասին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Որքան էլ Ադրբեջանը պատեհ կամ անպատեհ փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության և դրա խաղաղ կարգավորման էությունը, միևնույնն է, հակամարտության կարգավորումը հիմնված է միջազգային իրավունքի 3 սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք առաջարկվել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս համատեքստում հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հնարավորություն է տեսնում: «Բազմաթիվ մոտեցումները, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ պետք է արդյունքի բերեն, արդեն ուրվագծվել են»,- Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Լավրովը:    

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք մեր հայ բարեկամներին ծանոթացրել ենք այդ թեմայով բանակցությունների բովանդակությանը, որը մեր պատվիրակությունը երկու օր առաջ անցկացրել է Բաքվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Լավրովը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կայացած ասուլիսի ընթացքում հստակ ուղերձ հղեց Բաքվին առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր սկզբունքները պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի մեջ և չի կարելի դրանց մի մասն առանձնացնել ու խոսել բացառապես դրա մասին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը, Սարգիս Մելիքյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։  

ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները նոյեմբերի 23-ի առավոտյան հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այս մասին ասվում է նոյեմբերի 23-ին Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի տեքստում:

Հայոց ցեղասպանության դատապարտում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ  Լավրովն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը եւ հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Այն, ինչ տեսանք ու լսեցինք, իհարկե, չի տեղավորվում նորմալ մարդու ուղեղում եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր նման բան պատահել: Ոչնչացվել են խաղաղ ու անմեղ մարդիկ, ովքեր ցանկացել են ապրել իրենց հարազատ հողում»,-ասել է Բոլեսլավ Պիրշտուկը:

Արգենտինայի Սան Լուիս նահանգը ընդունել է օրենք, որով ապրիլի 24-ը հռչակվում է որպես «Ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Այդպիսով, Սան Լուիսը դարձել է Արգենտինայի 20-րդ նահանգը, որն ընդունել է նմանատիպ օրենք:

Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղադրվեց խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Հայաստան և աշխարհ

Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից: Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ԵՄ մայրաքաղաքի «Եվրոպա» մեծ ու խորհրդանշական կառույցում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

 Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն աջակցում է տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագրի ստորագրումից հետո այդ մասին ասաց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ «Մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշեց Մոգերինին: Նա ընդգծեց, որ Եվրոպական միությունն առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրում մի երկրի հետ, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Մոգերինին ավելացրեց, որ այժմ կարևոր է, որպեսզի ԵՄ-ն և Հայաստանը միասին գործնական քայլեր ձեռնարկվեն համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Նրա խոսքով, պարբերաբար մոնիթորինգ է իրականացվելու համաձայնագրի կատարման աշխատանքների  վերաբերյալ: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր էջ է բացում  Հայաստանի և Եվրոպական Միության երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Բրյուսելում համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դարձավ այս գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը։ Այս համընդգրկուն և հավակնոտ համաձայնագիրը մեր համատեղ ձեռքբերումն է, որը նոր գլուխ է բացում Հայաստանի ու Եվրոպական Միության հարաբերություններում։ Այն կուռ իրավական հիմք է հանդիսանում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական ու ոլորտային համագործակցության ընդլայնման, առևտրի ու ներդրումների համար նոր հնարավորությունների ստեղծման, և շարժունակության մեծացման համար՝ ի շահ մեր քաղաքացիների»,-  նշեց Նալբանդյանը:

Շարքային քաղաքացին ժամանակի ընթացքում կզգա ՀՀ-ԵՄ համաձայանգրի արդյունքները, որովհետև Հայաստանն ի վիճակի է արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ բարեփոխումները: Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը  Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավոր Ֆիլիպի հետ։ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Նա մասնավորապես նշել է. «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է և կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար: Շնորհավորում եմ բոլորիս այս կապակցությամբ»։

Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի վերջնական հռչակագրի ընդունումը: Բրյուսելում այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե պատրաստվում է Հայաստանն արգելափակել Արևելյան գործընկերության հռչակագրի ընդունումը: Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն Բրյուսելում աշխատանքի արդյունքներով ընդունել են հռչակագիր: Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին, նախանշում է հետագա գործակցության ուղիները տնտեսության, քաղաքականության, հումանիտար և այլ ոլորտներում: Այս անգամ հռչակագրում չկա որևէ հղում այս կամ այն հակամարտությանը՝ անվանական:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության «Պատվո խորհրդի» անդրանիկ նիստին: Ողջունելով Նախագահին և նորընտիր Խորհրդի անդամներին` «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն շեշտել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կարևորությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման առումով:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը։ Բրյուսելում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրել են Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը։

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթի` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը և պատասխանել հարցին, թե այն ինչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների համար: «Մենք պետությունների, մասնավորապես, Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնում ենք և դա անում ենք փոխշահավետության հիման վրա: Միաժամանակ, հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքական շահերը, նպատակները, խնդիրները և հարգանքով ենք դրան վերաբերվում»,-  ասել է Զախարովան:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ողջույնի ուղերձ է հղել «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակի տարին արգասաբեր էր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից:

Լեհաստանի Սեյմը միաձայն հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել: Հայկական համայնքին առնչվող բանաձևին միաձայն կողմ է քվեարկել 435 պատգամավոր: Բանաձեւում Լեհաստանի Սեյմը, նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը, իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության համար։ 

ԳԴՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերագրերի փոխանակման պաշտոնական արարողությունը: 

Վարչապետ Կարեն Կարապետյանն մասնակցել է Երևանում անցկացված Գինու միջազգային համաժողովի բացմանը։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է. ««Արենին», «Ոսկեհատը» և «Խնդողնին» կլինեն հայկական գինու այցեքարտերը։ Հայ  գինեգործները չեն պատրաստվում հրաժարվել հայկական սորտերից, հակառակը՝ դրանով է լինելու մեր ուժեղ կողմը։  Սա չի նշանակում, որ մենք չպետք է փորձենք կուպաժավորել տեղական և ներմուծված սորտերը, որոնք կարող են տալ յուրահատուկ բույր և համ մեր գինուն։ Գինու գործարաններն իրենք կարող են որոշել, թե որն է իրենց համար ավելի ճիշտ և որ գինին ավելի շատ պահանջարկ կունենա»,- նշեց նախարարը։ 

ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում մասնակցել է Ալֆորվիլի ու Բերձորի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը: Բակո Սահակյանը Փարիզում մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին 7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջան, որտեղ ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը: 

Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացումը կայացավ Հայաստանի և Արցախի ազգային հերոսի 60-ամյակի նախաշեմին: Միջոցառմանը ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց վարժարանի սաներին կարևոր իրադարձության առիթով: Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Երևանում անցկացված Գինու միջազգային համաժողովի բացմանը։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է. ««Արենին», «Ոսկեհատը» և «Խնդողնին» կլինեն հայկական գինու այցեքարտերը։ Հայ  գինեգործները չեն պատրաստվում հրաժարվել հայկական սորտերից, հակառակը՝ դրանով է լինելու մեր ուժեղ կողմը։  Սա չի նշանակում, որ մենք չպետք է փորձենք կուպաժավորել տեղական և ներմուծված սորտերը, որոնք կարող են տալ յուրահատուկ բույր և համ մեր գինուն։ Գինու գործարաններն իրենք կարող են որոշել, թե որն է իրենց համար ավելի ճիշտ և որ գինին ավելի շատ պահանջարկ կունենա»,- նշեց նախարարը։ 

Կառավարության որոշմամբ՝ «Մուլտի Սոլար» ՍՊԸ-ն կօգտվի ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «Մուլտի Սոլար»-ը նախատեսում է Աբովյան քաղաքում կառուցել ամբողջովին նոր արևային վահանակների արտադրության գործարան: Ծրագրի ընթացքում կկատարվի 967 մլն դրամի ներդրում: Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 97 աշխատատեղ` 192 հազ. դրամ միջին աշխատավարձով։

ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է 2018-ին թողարկվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները: 

Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշը 18.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

Արցախի ՊԲ-ի 2017թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 20-23-ը, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ, անցկացվել են գումարտակային մարտավարական զորավարժություններ, որոնց ներգրավվել են կենտրոնական ենթակայության համազորային ու տանկային զորամասերի մի շարք ստորաբաժանումներ:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, սակայն սպառողների համար սակագինը կմնա նույնը:

Սփյուռք

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2017»-ի արդյունքում հավաքվեց 12 մլն 505 հազար 456 ԱՄՆ դոլար: Ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. Արցախում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաև արևային էներգիայի կայանների տեղադրմանը առաջին փուլով Ասկերանի շրջանում և Շուշիում։

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նամակում, որի բովանդակության մասին մանրամասներ հայտնի չեն, Բեքչյանն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցին: Նույն խնդրով պատրիարքական տեղապահը մեկ այլ նամակ է հղել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից հրաժարված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի, որը տարածաշրջանում թուրքական ուժերի գործողությունների ընթացքում կողոպտվել ու մեծ վնասներ է կրել:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հանդիսապետությամբ Լիբանանում սուրբ և անմահ պատարագով տեղի ունեցավ հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։

Մանհեթենում վախճանվել Է երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը՝ արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիրը: Ապագա պրոդյուսերը ծնվել Է 1919 թվականին Ռուսաստանի Արմավիր քաղաքում հայկական ընտանիքում, որն ավելի ուշ արտագաղթել Է ԱՄՆ: Երիտասարդ տարիքում նա ծանոթացել Է ջազին եւ դրա տարածմամբ զբաղվել ամբողջ կյանքում: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զինվորական ծառայության մեջ Է եղել Ֆիլիպիններում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին է հանձնել «Շիրակ» հիմնադրամի «Հակամարտությունների կանխարգելման մրցանակը», որին արժանացել է «Հրանտ Դինք» հիմնադրամը:

Միջազգային խճանկար

Եգիպտոսում` Սինայի թերակղզու հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 305-ի: Ահաբեկչության հետևանքով տուժել է 128 մարդ: Ահաբեկիչները Սինայի թերակղզու հյուսիսում տեղի մզկիթներից մեկում աղթոքի ժամանակ պայթուցիկ են գործի դրել, որից հետո կրակ են բացել մզկիթից դուրս վազողների ուղղությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը  ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Հյուսիսային Սինայի Բար էլ-Աբդ քաղաքի էր-Ռաուդա մզկիթում ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ մարդկանց կյանք է խլել։ 

Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բաշար Ասադը համաձայնել են, որ Սիրիայում ռազմական գործողությունը մոտենում Է ավարտին եւ այժմ հարկավոր Է անցնել քաղաքական գործընթացներին:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին:

Իրաքի տարածքն ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինված խմբավորումներից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին:

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են ընդունել սիրիական հակամարտության հարցում այդ երեք երկրների հետագա համագործակցության առնչությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո: «Ուրախությամբ կարող եմ նշել, որ Իրանի և Թուրքիայի առաջնորդներն աջակցություն են հայտնում համասիրիական ֆորումի՝ Սիրիայի ազգային երկխոսության Կոնգրեսի գումարմանը: Պայմանավորվել ենք անցկացնել այդ կարևորագույն միջոցառումը համապատասխան մակարդակով»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Թբիլիսիում հատուկ գործողությունը, որը Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում շարունակվում Էր շուրջ 24 ժամ, ավարտված Է: Հատուկ գործողության ընթացքում վիրավորվել են երկու հատուկ ջոկատայիններ, որոնցից մեկն ավելի ուշ մահացել Է հիվանդանոցում: Հատուկ գործողության անցկացման վայրից շտապօգնության մեքենաներով դուրս են բերել եւս երեք վիրավորների: 

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յափչին Թոփչուն կարծում է, որ երկիրը պետք է վերանայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, քանի որ դաշինքը թշնամական քաղաքականություն է իրականացնում Անկարայի նկատմամբ: Թոփչուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցը պետք է շտապ վերանայվի երկրի խորհրդարանում:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն որոշում է կայացրել երկարաձգել վեհաժողովում կոռուպցիոն վերջին իրադարձությունները հետաքննող անկախ մարմնի գործունեությունը մինչև 2018 թվականի ապրիլի 15-ը։

Մշակույթ

Սեբուն, «Վիզա» խումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը մեծ բավականություն պատճառեցին իրենց երկրպագուներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգին: Սեբուի մեղեդային կատարումներին հակադրվեց կատաղի ռոքը՝ հագեցած ֆոլկ երաժշտության տարրերով: «Վիզա» ռոք խումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը էներգետիկ, խենթ հնչյուններով ռոքի և հայկական ֆոլկ երաժշտության երկրպագուներին ստիպեցին վեր կենալ տեղից ու մոտենալ բեմին:

Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի մասնակից երկրների վիճակահանությունը կայացել Է Թբիլիսիի ազգային խորհրդարանական գրադարանում միջոցառման բացման պաշտոնական արարողության ժամանակ։Երգի մանկական տասնհինգերորդ ամենամյա մրցույթը նոյեմբերի 26-ին տեղի կունենա Թբիլիսիի Օլիմպիական պալատում: Հայաստանը ներկայացնող Միշան 16 մասնակիցների թվում ելույթ կունենա չորրորդը:

Սպորտ

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: 

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը Գրան Պրիի թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը: Արոնյանը և նույնքան՝ 5,5 միավոր հավաքած Յակովենկոն հիմնական հաղթողին որոշեցին թայ-բրեյքի միջոցով: Արոնյանը զիջել է թայ-բրեյքում և կորցրել հաղթողի տիտղոսը, թեպետ երկու գրոսմայստերներն էլ արժանացել են ոսկե մեդալի:

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցները հայտնի են:  Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մարտի 10-28-ը կայանալիք մրցաշարին կմասնակցեն՝ Լևոն Արոնյանը, Շախրիար Մամեդյարովը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը,  Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը: Հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:

Իտալիայում ավարտվեցին աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունները: Պատանիների առաջնությունում Մանուէլ Պետրոսյանը (Հայաստան), Թարի Արյանը (Նորվեգիա) և Արավինդ Չիտամբարամը (Հնդկաստան) 11 հնարավորից վաստակեցին 8.5-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Արյանը հռչակվեց չեմպիոն, Պետրոսյանը դարձավ փոխչեմպիոն, իսկ Չիտամբարամը եզրափակեց լավագույն եռյակը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի հավանական խորհրդանշական թիմի կազմում:

Ծաղկաձորում կայացած Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի կայծակնային մրցաշարի հաղթող դարձավ Արման Փաշիկյանը:

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլի առաջին տուրում հաղթեց Ալբանիային: Հայաստանի ազգային թիմը հաջորդ խաղը կանցկանցի արդեն Երևանում՝ նոյեմբերի 26-ին մրցելով Դանիայի հավաքականի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]