Երևանում՝ 11:07,   29 Փետրվար 2024

ԵՄ հետ նոր համաձայնագիրը մեծ հաջողություն է Հայաստանի դիվանագիտության համար. Դիոգո Պինտո

ԵՄ հետ նոր համաձայնագիրը մեծ հաջողություն է Հայաստանի դիվանագիտության 
համար. Դիոգո Պինտո

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված նոր համաձայնագիրը պատմական հնարավորություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության նախագահ Դիոգո Պինտոն:

Նրա խոսքով՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ոչ միայն առավել ընդլայնված բովանդակություն է առաջարկում, այլեւ նոր մակարդակի է տեղափոխում երկկողմ հարաբերությունները:

«Հատկանշական է, որ սա իր տեսակով առաջին համաձայնագիրն է, որը Եվրամիությունը ստորագրել է ԵԱՏՄ անդամ պետության հետ: Հայաստանն այսուհետ հնարավորություն կունենա շահել ոչ միայն առեւտրային եւ ներդրումային ավելի լավ պայմաններից, այլեւ ամենակարեւորը՝ Եվրամիության փորձից եւ աջակցությունից քաղաքական ու հասարակական բարեփոխումների իրականացման հարցում: Այս համաձայնագրով Հայաստանը կդառնա առավել զինված՝ Եվրամիությունը որպես գործընկեր, աջակից եւ բարոյական կողմնացույց դիտարկելու  հարցում եւ բավականին բարդ տարածաշրջանում կամրապնդի իր դիրքը՝ որպես կայունության եւ եվրոպական արժեքների խթանման օրինակ»,-ասաց Դիոգո Պինտոն:

Նրա համոզմամբ՝  սա նաեւ կարեւոր քայլ է Եվրամիության համար՝ առաջինը եւ հիմնականը, քանզի հստակ  կերպով ցույց է տալիս Եվրամիության վճռականությունը` դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը Արեւելյան գործընկերության շրջանակում:

«Մյուս կողմից, սա մեծ հաջողություն է Հայաստանի դիվանագիտության համար, քանի որ այն չի ընտրում երկու ինտեգրացիոն նախագծերի միջեւ, այլ ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում բազմակողմ հարաբերություններում»,-եզրափակեց կազմակերպության տնօրենը:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: 

Սյուզի Մուրադյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]