Էդվարդ Նալբանդյանի հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարին
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին Բրյուսելում հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան հայ-իսպանական հարաբերությունների օրակարգային հարցերին, կարևորեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության առավել խորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել դրան: Այս առումով, Էդվարդ Նալբանդյանը և Ալֆոնսո Դաստիսը կարևորեցին քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Նախարար Ալֆոնսո Դաստիսը ներկայացրեց Կատալոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված վերջին զարգացումները և լուծումներ գտնելուն ուղղված քայլերը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության գագաթաժողովի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում