Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կվերանայվի ընթերակայի ինստիտուտը. նրանց մասնակցությունը պարտադիր կհամարվի ոչ բոլոր քննչական գործողությունների ժամանակ

Կվերանայվի ընթերակայի ինստիտուտը. նրանց մասնակցությունը պարտադիր 
կհամարվի ոչ բոլոր քննչական գործողությունների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն առաջարկել է ընթերակաների մասնակցությունը պարտադիր համարել միայն որոշ քննչական գործողությունների կատարման ժամանակ: 2017 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությունը քննչական գործողություններին:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, մի շարք քննչական գործողությունների ժամանակ ընթերակաների մասնակցությունը կբացառվի, իսկ որոշների դեպքում՝ կկիրառվի տեսաձայնագրառումը։

Նախագծով նախատեսվում է, որ քննիչը, հետաքննության մարմինը ընթերականեր են հրավիրում միայն քննչական փորձարարության, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելու, խուզարկության, առգրավման, զննման կատարմանը:

Միաժամանակ սահմանված են այն բացառությունները, որոնց դեպքում ընթերակաների մասնակցությունը նախատեսված չէ, դրանք են՝ փաստաթուղթը կամ առարկան զննվում է այն ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ և փաստաթուղթը (կամ դրա պատճենը) կամ առարկան կցված է քրեական գործին: Երկրորդ` կապի օպերատորներից օրենքով սահմանված կարգով ստացված մուտքային և (կամ) ելքային հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների (sms) վերծանումների, աբոնենտների տվյալների, հեռախոսազանգերը սպասարկած ալեհավաք կայանների հասցեների մասին փաստաթղթերը կամ դրանց պատճենները կցված են քրեական գործին: Երրորդ` ՀՀ ՔԴՕ 241-րդ հոդվածով, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները կցված են քրեական գործին, չորրորդ`նամակագրության առգրավման ու զննման դեպքում:

Նախագծով առաջարկվում է որոշ քննչական գործողությունների համար պարտադիր համարել տեսաձայնագրառումը՝ ընթերականեր հրավիրելու փոխարեն։  Օրինակ՝ դիակը ճանաչման ներկայացնելու ընթացքն ու արդյունքները առաջարկվում է այսուհետև ամրագրել տեսաձայնագրառման կիրառումամբ:

Քննմանը, արտաշիրիմմանը, մարդուց նմուշ ստանալուն մասնակցում են գործի ելքով չշահագրգռված մասնագետներ կամ փորձագետներ:

Բայց գոյություն ունեն քննչական գործողություններ, որոնց ընթերակա չի մասնակցում կամ դրանց ընթացքը չի տեսաձայնագրառվում: Այս խումբ քննչական գործողությունների ցանկում են ընդգրկված այն դեպքերը, երբ փաստաթղթերը, առարկաները կցվում են քրեական գործին և կարող են յուրաքանչյուր դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից հետազոտվել: Նման պայմաններում վերանում է այն տեսաձայնագրառելու կամ, առավել ևս, ընթերակայի մասնակցությամբ զննելու անհրաժեշտությունը: Դրանք են անձի մասնակցությամբ նրա ներկայացրած փաստաթղթերի ու առարկաների զննությունը, ձայնագրությունը զննելը և լսելը, նամակագրությունը զննելը և առգրավելը (այս քննչական գործողություններին մասնակցում են գործի ելքով չշահագրգռված մասնագետներ, կապի հաստատության ծառայողներ):

Հատուկ առանձնացվել են նաև տեսաձայնագրառման ընթացակարգին վերաբերող չափանիշներ: Մասնավորապես, հետաքննության մարմինը կամ քննիչը տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ ստուգում է դրանց սարքինությունը: Ինքնին տեսաձայնագրառումը պետք է իրականացվի քննչական գործողության սկսելու պահից, առանց ընդհատման՝ բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ այլ օբյեկտիվ պատճառների առկայության դեպքերի: Տեսաձայնագրառման ընդհատման դեպքում քննչական գործողությունն ընդհատվում է, ինչի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն, որտեղ նշվում են ընդհատման պատճառների մասին: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրառումը վերսկսելու պահից: Մինչ այդ, հետաքննության մարմինը կամ քննիչը միջոցներ են ձեռք առնում քննչական գործողության կատարման վայրը, հետքերը և առարկաները պահպանելու ուղղությամբ: Տեսաձայնագրառման դեպքում ապահովվում է քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և լսելիությունը: Տեսաձայնագրառման նյութերը ենթակա չեն մոնտաժման կամ այլ կերպ փոփոխության:

Հատկանշական է, որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս՝ ընթերակաների ինստիտուտի գործունեությունն ինքնին այնքան էլ արդյունավետ չէ և երբեմն անգամ կրում է ձևական բնույթ: Ընթերակաների ինստիտուտն իսպառ բացակայում է երկրների մեծամասնությունում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, Կանադայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում: ՌԴ, Վրաստանի, Ղազախստանի քրեական դատավարության օրենսդրությունն ընթերակաների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների թիվը զգալիորեն կրճատել է, իսկ Ղրղզստանի քրեական դատավարության նոր օրենսգրքով ընթերակայի ինստիտուտը հանվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]