Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գրքի երևանյան փառատոնը մեկնարկեց գրքերի ցուցահանդես-վաճառքով

Գրքի երևանյան փառատոնը մեկնարկեց գրքերի ցուցահանդես-վաճառքով

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ անցկացվող Գրքի երևանյան փառատոնը (Yerevan Book Fest) հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելու հնարավորություն կընձեռի, կամրացնի գրող-ընթերցող շղթան, նոր հրատարակությունների մասին տեղեկությունն առավել հասանելի կդարձնի:

Գրքերի ցուցահանդես-վաճառքով նոյեմբերի 24-ին Հանրապետության հրապարակի նախկին Կառավարական 2-րդ տանը տեղի ունեցավ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

«Այս նախաձեռնության նպատակը հրատարակչական շուկայում հրատարակիչ-գրող, գրող-գրական գործակալ, գրավաճառ-ընթերցող համագործակցությունն ամրացնելն է: Ցուցահանդես-վաճառքին հրատարակիչները գրքերը վաճառում են զգալի զեղչերով: Փառատոնին գրական գործակալները կկարողանան գրողների մեջ գտնել պոտենցիալ, որը հնարավոր է ներկայացնել արտերկրում: Կանցկացվեն վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ: Կարծում եմ` ընթերցողներն իրենց հետաքրքրող գրքեը կարող են գնել այստեղ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Գրքի տոնավաճառը գործելու է փառատոնի երեք օրերին: Մասնակցում է 27 հրատարակչություն: Տաղավարներում գործելու են մինչև 30 տոկոս զեղչեր:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ողջունեց այս նախաձեռնությունը: «Սա հարթակ է, որտեղ հայ հրատարակիչը և հայ գիրքը կարող են պատշաճ հանդես գալը: Մենք հնարավորություն ունենք առարկայորեն ցույց տալ, թե ինչ է արվում: «Անտարես»-ը ներկայացրել է գրքերի իր ողջ տեսականին»,-ասաց խմբագիրը և հավելեց` ընթերցասերները կարող են հանդիպել իրենց սիրած գրողներին` Գուրգեն Խանջյանին, Գրիգոր Աճեմյանին, Գրիգին` նրանց գրքերը ձեռք բերելով զգալի զեղչերով:

 «Բուկինիստ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Վարդանյանը շեշտեց, որ գրքին առնչվող յուրաքանչյուր նախաձեռնություն հրաշալի է: Ըստ նրա`մեր երկրում գրքի հանդեպ մեծ հետաքրքրություն կա. որքան ուշադրությունը շատ լինի, այնքան կշահեն ընթերցողները:

«Մեր տաղավարում ցուցադրված են միայն մեր հրատարակչության գրքերը: Ներկայացրել ենք և’ գեղարվեստական, և’ գիտական գրականություն: Կան ստեղծագործություններ, որոնք հրատարակել ենք անգլիական, բելգիական, ռուսական հրատարակչությունների հետ համատեղ»,-ընդգծեց Վարդանյանը:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանն ասաց,  որ նման միջոցառումները ևս մեկ անգամ կարևորում, արժևորում են գիրքը, խթանում ընթերցանությանը:

«Մենք ներկայացրել ենք «Էդիթ Պրինտի» լավագույն տեսականին` «Աննա Ֆրանկի օրագիրը», Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը», «Փոքրիկ իշխանը»: Փառատոնի շրջանակում նախատեսել ենք Ջոն Գրինի երկու բեսթսելերի` «Աստղերն են մեղավոր» և «Թղթե քաղաքները» գրքերի շնորհանդեսները»,-եզրափակեց Գրիգորյանը:

Գրքի երևանյան փառատոնը կազմակերպել է «Միհր» ստեղծագործողների միությունը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության: Նախագիծը հավակնում է բացահայտել տաղանդավոր սկսնակ գրողների և նպաստել նրանց առաջխաղացմանը:

Եռօրյա փառատոնին կանցկացվի գրքերի ցուցադրություն-վաճառք, կլինեն հանդիպումներ և վարպետության դասեր, կհայտարարվեն գրականության բնագավառում մրցույթի չորս անվանակարգերի հաղթողների անունները, որոնց գրքերը կհրատարակվեն:

Փառատոնի փակմանը կազդարարվեն նախապես հայտարարված գրական մրցույթի հաղթողների անունները:

Մրցույթն անցկացվել է չորս ուղղությամբ՝ արձակ, չափածո, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն: Մրցույթին մասնակցելու համար կա մի նախապայման. ներկայացված ստեղծագործությունները նախկինում պետք է հրատարակված չլինեն: Հաղթողները կլինեն ութը: Չորսը կզբաղեցնեն առաջին հորիզոնականները՝ ստանալով 500 000-ական դրամ, և ևս չորսը կգրավեն երկրորդ հորիզոնականները՝ արժանանալով 300 000-ական դրամների: Գումարը չի հանձնվի անձամբ գրողներին: Մրցանակային գումարները կփոխանցվեն այն հրատարակչություններին, որոնց կվստահեն գրողները իրենց գրքի հրատարակման իրավունքը: Այնուհետև գրողները հրատարակչությունների հետ կկնքեն պայմանագրեր և փառատոնի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, լույս կընծայեն իրենց գրքերը:

Մրցույթի հանձնաժողովի անդամների անունները գաղտնի են: Հանձնախմբից գաղտնի են պահվում նաև մասնակից գրողների անունները. գործերն անանուն են գնահատվում։ Ժյուրիի կազմում ընդգրկվել են գրականության ոլորտի արժանի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովը կունենա 60, իսկ ազատ ընթերցողները՝ 40 տոկոս ձայնի իրավունք: Վերջիններն արդեն գրանցվել են «Yerevan book fest»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Հեղինակները փառատոնի օրերին  կմասնակցեն նաև ընթերցումների, սեմինարների, կլոր սեղան-քննարկումների: Կքննարկվեն Հայաստանում գրական գործակալների հետ աշխատելու կարևորության, հրատարակիչների հետ ճիշտ համագործակցության, ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրով աջակցություն ստանալու և երկրի սահմաններից դուրս թարգմանվել-հրատարակվելու հետ կապված մի շարք հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]