Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԼՂ հակամարտության լուծումն անհնար է առանց տեղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման. ՀՀ Նախագահ

ԼՂ հակամարտության լուծումն անհնար է առանց տեղի ժողովրդի ազատ ինքնորոշման 
իրավունքի իրացման. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Որքան էլ Ադրբեջանը պատեհ կամ անպատեհ փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության և դրա խաղաղ կարգավորման էությունը, միևնույնն է, հակամարտության կարգավորումը հիմնված է միջազգային իրավունքի 3 սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք առաջարկվել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս համատեքստում հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, էությամբ ու կարգավորման հիմքերով, և այս առումով սխալ են հակամարտությունները մեկ ընդհանրության մեջ դիտարկելու փորձերը:

«Մեկ նկատառում ևս. Միավորված ազգերի կազմակերպությունը երբեք բանաձև չի ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասով: 1993 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված չորս բանաձևերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչից Ադրբեջանը հրաժարվել է: Եվ հիմա՝ 25 տարի հետո, խոսել այն մասին, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում, կարծում եմ՝ այժմեական չէ:

Լիահույս եմ, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանում առկա հիմնահարցերի կարգավորումը թույլ կտա ունենալ ավելի խաղաղ և բարեկեցիկ Եվրոպա»,- ընդգծել է ՀՀ Նախագահը՝ հավելելով, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ խաղաղության ամրապնդման և կայուն զարգացման իր տեսլականին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]