Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար. Սերժ Սարգսյան

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ 
ծրագրերի համար. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարևոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այսօր՝ այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները»,- հայտարարել է ՀՀ Նախագահը:

Նա ընդգծել է, որ համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական և հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը։ «Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարևորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից: Հենց այս համատեղ արժեքների վրա հիմնված զարգացումն է միջազգային հանրության յուրաքանչյուր պատասխանատու անդամի երկարաժամկետ և կայուն առաջընթացի գրավականը։ Շնորհակալ եմ Եվրոպական Միության ղեկավարությանն այս գործընթացում ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով. մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ Հայաստանը որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր՝ առաջնորդելով շահերի հաշտեցման ու համադրման, համագործակցության և համակեցության ոգով, ինչը չափազանց պարտավորեցնող է։

«Ուզում եմ ընդգծել, որ այս ողջ գործընթացում Հայաստանի նպատակն ի սկզբանե եղել է մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա խորացումը: 

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է և կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար: Շնորհավորում եմ բոլորիս այս կապակցությամբ»,- ընդգծել է ՀՀ Նախագահը։

Նա հավելել է, որ վերջին երկու տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով, մասնավորապես՝ Համատեղ հռչակագրում ամրագրված՝ Հայաստանին վերաբերող դրույթների իրականացման համար գործադրված համատեղ ջանքերով։

«Հայաստանը, թերևս, ԵՄ այն գործընկերներից է, որին հաջողվեց գրեթե ամբողջովին իրագործել 2015թ․ ստանձնած հանձնառությունները։ Հավատացած ենք, որ այս գործընթացում Հայաստանի, ինչպես նաև ԵՄ մեր գործընկերների հաստատակամությունն առաջիկայում հանգեցնելու է մեր հասարակությունների առավել մերձեցմանը, ինչի համար, իհարկե, էական նշանակություն ունի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:

Մենք ժամանել ենք Բրյուսել այն համոզմամբ, որ գագաթնաժողովը կարևոր հանգրվան է լինելու Արևելյան գործընկերության համար։ Հայաստանն ի սկզբանե սատարել է համագործակցության այս ձևաչափն այն գիտակցությամբ, որ այս գործընկերությունը կոչված է խթանելու տարածաշրջանային կայուն զարգացումը և, հանդիսանալով միավորող գործոն, ջնջելու է բաժանարար գծերը՝ հիմնվելով մարդու և ժողովուրդների հիմնարար իրավունքների վրա»,- հայտարարել է ՀՀ Նախագահը: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ