Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Միջազգային փորձագետները խորհրդատվություն են տրամադրել սպանդանոց կառուցելու ցանկություն ունեցող տնտեսավարողներին       

Միջազգային փորձագետները խորհրդատվություն են տրամադրել սպանդանոց 
կառուցելու ցանկություն ունեցող տնտեսավարողներին

      

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է մասնագիտական խորհրդատվություն տրամադրել սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում հանրապետության տարբեր մարզերում սպանդանոցներ կառուցելու հայտ ներկայացրած տնտեսավարողներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի համագործակցության շրջանակում նոյեմբերի 21-ին Հայաստան է հրավիրվել «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի (PUM) ավագ փորձագետ Սին վան Էյջհովենը: Նա և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հիգիենայի հարցերով փորձագետ Շեն Տանիսինոն հանդիպել են ՍԱՊԾ պաշտոնյաների հետ, փորձագետներին ներկայացվել է սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու կառավարության ծրագիրը, սպանդանոցային կարողություններն ու ոլորտում առկա անելիքները, քննարկվել են գործակցության հնարավորությունները: Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն փետրվարին փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի հետ՝ տնտեսավարողներին շարունակական խորհրդատվություն տրամադրելու և միջազգային փորձին ծանոթացնելու համար:

Նոյեմբերի 23-ին փորձագետներն առաջին հանդիպումն են ունեցել փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ, դասընթաց անցկացրել նրանց համար՝ ներկայացնելով սպանդանոցների կառուցման մի քանի տարբերակներ և  նվազագույն ծախսերով միջազգային պահանջներին համապատասխանող սպանդանոց հիմնելու հնարավորությունները:

«Փոքր-ինչ զարմացած եմ հանդիպումից, տնտեսավարողները բավականաչափ տեղեկացված էին: Նրանց հետ քննարկել ենք ժամում մինչև 20 գլուխ կենդանիների մորթի կարողությամբ սպանդանոցների մոդելները: Շարունակելու եմ խորհուրդներով օգնել նրանց ցանկացած պահի, երբ որ ինձ դիմեն»,-ասել է Սին վան Էյջհովենը:

Այցի ընթացքում փորձագետները ծանոթացել են նաև գործող սպանդանոցների հնարավորություններին, Կոտայքի մարզի Արամուս գյուղում  այցելել են անհատ ձեռնարկատեր Կարինե Առաքելյանին պատկանող սպանդանոց: Արտադրական հզորությունը թույլատրում է օրական 7-8 գլուխ տավարի մորթ իրականացնել, միսն առայժմ միայն տեղական շուկայում է իրացվում: Սպանդանոցային տարածքում շինարարություն է ընթանում, որի ավարտից հետո՝ մոտ մեկ ամսից սպանդանոցի հզորությունը կավելանա մի քանի անգամ:        

«Արդեն ձեռք ենք բերել անհրաժեշտ սարքավորումները, նախատեսում ենք, որ նոր հնարավորությունները թույլ կտան 8 ժամում 650 գլուխ մանր եղջերավոր կենդանու մորթ իրականացնել: Գործընկերներ ունենք Իրանում, միսն արտահանելու ենք», -նշել է սպանդանոցի տնօրեն Մելսիկ Հայրապետյանը:

Սպանդանոցի հզորությունների մեծացումը հնարավորություն կտա նաև ավելացնել խոշոր եղջերավոր կենդանիների մորթի քանակը. 8 ժամում ՝ 50-60 կենդանի, բացի այդ՝ ընդլայնված արտադրամասում կսկսեն իրականացնել նաև խոզերի մորթ:

 Հոլանդացի փորձագետը համարում է, որ ներկայացված սպանդանոցի տեխնիկական հնարավորություններն ու մոդելը լավն են, կարելի է եղած փորձը մյուս սպանդանոցներում էլ կիրառել:

«Շատ տպավորված եմ, սպասում էի շատ բան տեսնել, բայց ոչ այս մակարդակի, շատ լավ է: Այս սպանդանոցը կարող եք որպես օրինակ ընդունել ու բարելավել հանրապետության սպանդանոցային կարողությունները»:

Փորձագետները ՍԱՊԾ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել են նաև Արագածոտնի մարզում նոր կառուցվող «Թալին սլոթըրի հաուս» ՍՊԸ-ի սպանդանոց: Ձեռնարկատեր Բաբկեն Հարոյանը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի ֆինանսական աջակցությամբ սկսել է նոր սպանդանոցի կառուցում: Հոլանդական փորձագիտական խմբի ավագ փորձագետը ներկայացրել է սպանդանոցի տարածքին առավել հարմար շինարարական լուծումները, խորհուրդ տվել, թե ինչ տեխնիկա ձեռք բերել: Հիգիենիկ հարցերով փորձագետն էլ առանձնացրել է «Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի» համակարգի (HACCP) կարևորությունը, պետք է հաշվի առնել նաև մարդկային գործոնը և անընդհատ վերապատրաստել աշխատակիցներին: Նա կօգնի տնտեսավարողներին սանիտարահիգիենիկ հարցերի մասին խորհրդատվությամբ: Հայաստանում ճապոնացի փորձագետը կլինի մինչև դեկտեմբերի 13-ը:

     Նախատեսվում է, որ Հայաստանը, փուլային տարբերակով, գալիք տարում ամբողջությամբ կանցնի սպանդանոցային պարտադիր մորթի: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տարբեր ձևաչափերով մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն կտրամադրի տնտեսավարողներին՝ հանրապետության ամբողջ տարածքը սպանդանոցային ցանցով ապահովելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]