Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց «Դժվար իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական ներառումը» ծրագիրը


ԳԱՎԱՌ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում «Պոդլասկա տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» աջակցությամբ եւ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Խթանել Գեղարքունիքի, Կոտայքի եւ Լոռու մարզերի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական ներառումը» ենթադրամաշնորհային ծրագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտան, դրա նպատակն է օգնել մարզերի 10 քաղաքային եւ 25 գյուղական համայնքների թվով 200 դժվար իրավիճակներում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ իրացնելու իրենց իրավունքները:
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ծրագրի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության , մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության, կրթության բաժինների, Գավառի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի, ՀՀ ոստիկանության Գավառի բաժանմունքի, Գավառի մանկատան, Գավառի հատուկ դպրոցի, ներառական կրթություն ունեցող հանրակրթական դպրոցների, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանը հակիրճ տեղեկատվություն ներկայացրեց մարզում դժվար իրավիճակներում հայտնված երեխաների հետ տարվող աշխատանքների մասին:
Խոսելով նոր ծրագրի նպատակների մասին՝ ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտան նշեց, որ այն միտված է առաջիկա մեկ տարվա ընթացքում հատուկ կարիքներ ունեցող եւ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների շրջանում հայտնաբերված խնդիրները միահամուռ ուժերով լուծելուն: «Մենք ուզում ենք մեր գործընկերների կարողությունները զարգացնել այդ ոլորտում, ակտիվացնել ՀԿ-ների ներգրավվածությունը, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ աշխատանք ծավալել նման երեխաների կամ ընտանիքների հետ եւ արդյունք գրանցել»,- նշեց ծրագրի ղեկավարը:
«Խթանել Գեղարքունիքի մարզի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական ներառումը» ենթադրամաշնորհային ծրագրի վերաբերյալ հանդիպման մասնակիցներին մանրամասներ ներկայացրեց «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տեր-Ղազարյանը: Նա խոսեց ծրագրի նպատակների, իրականացման, ծրագրի գործընկերների, դրա բաղադրիչների, թիրախ համայնքների, հիմնական գործողությունների մասին: «Ըստ ակնկալվող արդյունքների՝ կունենանք 1500 ընտանիքի կարիքների վերաբերյալ տվյալների բազա՝ որպես միջգերատեսչային ցանցի աշխատանքային գործիք, վերապատրաստված 2 մարզային ՀԿ, 200 ծնող՝ պատրաստ պաշտպանելու իրենց երեխաների շահերը, 3 ակտիվ գործող ինքնօգնության խումբ եւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ավելի իրազեկ հասարակություն»,- իր խոսքը եզրափակեց հիմնադրամի գործադիր տնօրենը:
Գեղարքունիքի մարզից այս ծրագրում ընդգրկվել են 5 քաղաքային եւ 10 գյուղական համայնքներ, որտեղ, ըստ հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունների, մեծ է սոցիալապես առավել խոցելի ընտանիքների թիվը:

Խոսրով Խլղաթյան



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ