1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության  ներկայացրած նախագծերին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության 
 ներկայացրած նախագծերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 23-ի նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 161 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել մասնավոր հատվածի կարծիքը:

Գործընթացի հստակեցման և դյուրացման համար առաջարկվում է այսուհետև բոլոր այն ծախսերը, որոնք կազմում են հիմնական միջոցների սկզբնական արժեքի 5 տոկոսից ավելին, դիտարկել որպես կապիտալ ծախսեր, ինչն էլ զգալիորեն կդյուրացնի տնտեսավարողների գործունեությունը:

Նախարարի ներկայացմամբ գործադիրը հաստատել է նաև ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

Վարդան Արամյանը նշել է, որ  հարկաբյուջետային նոր կանոնների մշակման   հարցում  տեխնիկական օժանդակություն  է ցուցաբերել Արժույթի միջազգային հիմնադրամը:

Հիմնական խնդիրն, ըստ նախարարի, հարկաբյուջետային կանոնների մասով գործող իրավակարգավորումների բավականին կոշտ լինելն է:

Նախարարի խոսքով՝ «Պետական պարտքի մասին» օրենքով, եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ ի  50 տոկոսը, ապա հաջորդ տարին բյուջեի պակասուրդը պետք է   ծրագրավորել նախորդ երեք տարիների միջին ՀՆԱ-ի 3 տոկոսից ոչ ավելի  և 60 տոկոսի գերազանցման դեպքում պարտքն առ ոչինչ է. ըստ Արամյանի սա խիստ կոշտ մոտեցում է: «Շատ երկրներ փոխում են այս նորմերը,  հիմնականում կանոնները դնում են ծախսային քաղաքականության մեջ, ինչն էլ փորձում է անել Հայաստանը: Նշել ենք երեք շեմ. 40, 50 և 60 տոկոս: Եթե պարտքը 40 տոկոսից ավելի է, պետք է աշխատի այն նորմը, որ երկրի  կապիտալ ծախսերը պետք է ավելի լինեն, քան պակասուրդը: Եթե 50 տոկոսից ավելի է, ապա անհրաժեշտ է  կոշտացնել պայմանները և կանոն  դնել  ընթացիկ ծախսերի աճի վրա, իսկ եթե պետական պարտքը  գերազանցում է 60 տոկոսըապա  վերը նշված սահմանափակումներից զատ անհրաժեշտ է ընթացիկ ծախսերը համակցել սեփական եկամուտների՝ հատկապես  հարկային եկամուտների հետ»,- պարզաբանել է նախարարը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է մինչև Հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելն առանձին իրավական նորմերի վերանայման անհրաժեշտությամբ:

Նախագծով, մասնավորապես՝ շահաբաժինների հարկման մասով, առաջարկվում է.  հարկել միայն բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հայտարարված շահաբաժինները՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը հանելով, հարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2017 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկել ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2018 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկերի վճարումից չխուսափելու համար՝ հարկային օրենսդրության իմաստով որպես շահաբաժնի վճարում համարել նաև անտոկոս կամ ցածր տոկոսով տրված փոխառությունները և այլն:

Նվազագույն շահութահարկի մասով առաջարկվում է նվազագույն շահութահարկի գումարը «չզրոյացնել»՝ թույլ տալով նվազագույն շահութահարկը նվազեցնել շահութահարկի փաստացի գումարի և այդ տարվա շահութահարկի կանխավճարի դրական տարբերություն առաջանալու դեպքում՝ առանց ժամկետային սահմանափակման:

Նախագծով առաջարկվում է նաև վերականգնել ներգնա զբոսաշրջության ոլորտի՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը, կապիտալ ծախսի ճանաչման չափանիշներում հստակեցում կատարել, կապիտալ ծախս համարել նաև տարեկան կտրվածքով որոշ տոկոսից ավելի կատարված՝ նյութական ծախս պարունակող և այն չպարունակող ծախսերը, ինչպես նաև առաջարկվում է հիփոթեքային վարկի տոկոսները եկամտահարկի հաշվին մարման հնարավորությունը որոշակիորեն նեղացնել՝ այն ուղղելով միայն միջին եւ ցածր եկամուտներ ունեցող խավին: Նախագծով այս հնարավորությունը չի գործի 55 մլն դրամ և ավելի արժողությամբ գործարքների, ինչպես նաև վարկառուի կամ համավարկառուի կողմից երկրորդ գույքը ձեռք բերելու դեպքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]