Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Ֆրանսիայի նախագահը Հրանտ Դինքի այրուն է հանձնել «Շիրակ» հիմնադրամի մրցանակը

Ֆրանսիայի նախագահը Հրանտ Դինքի այրուն է հանձնել «Շիրակ» հիմնադրամի 
մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին է հանձնել «Շիրակ» հիմնադրամի «Հակամարտությունների կանխարգելման մրցանակը», որին արժանացել է «Հրանտ Դինք» հիմնադրամը:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին հիմնադրամից, «Շիրակ» հիմնադրամի մեկ այլ՝ «Մշակույթ հանուն խաղաղության» մրցանակը շնորհվել է «Զուկակ» թատերական ընկերությանը, որը թատրոնի միջոցով նպաստում է Լիբանանի ճամբարներում ապրող փախստականների վերականգնողական ջանքերին:

Մրցանակը ստանալու կապակցությամբ Ռաքել Դինքը հանդես է եկել ելույթով, որի տեքստը ներկայացնում ենք ստորև:

«Ձերդ գերազանցություն Նախագահ Մակրոն, հարգարժան Շիրակ ընտանիք, մեծարգո հյուրեր,

Երբ 2007թ. մեր ընտանիքի վերապրած ողբերգությունից հետո մեր ընկերների հետ միասին որոշեցինք հիմնել այս հիմնադրամը, միայն մեկ մտադրություն ունեինք՝ շարունակել Հրանտի ջանքերը այս կառույցի միջոցով, ու մարդու իրավունքների համար պայքարելով փորձել լրացնել մեր կյանքում ստեղծված մեծ դատարկությունը: Ռասիստական մտածողությունը, որ նրան թիրախ եւ թշնամի դարձրեց, եւ որը սպանեց նրան, այսօր ոչ միայն ջանում է իշխանություն ձեռք բերել Թուրքիայում, այլև տարածվում է ամբողջ աշխարհում՝ ստեղծելով նոր «ուրիշներ» եւ «թշնամիներ», վեր խոյացնելով նոր պատեր: Այս աշխարհն այնքան ցավ է ապրել. արդյո՞ք սա բավական չէ: Այսքան արյուն եւ արցունք է թափվել, հերի՞ք չէ: Ցավ ու տառապանք քարոզելու փոխարեն՝ չպիտի արդյո՞ք ուղիներ գտնենք ամոքելու ցավը: Պետությունների նպատակը չպիտի լինի սպանելը, այլ կենդանի պահելը․ «Որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան:» (Աստվածաշունչ, Տիմոթեոս 2 1:7):

Որպես հայ, ով գիտի թե ինչ է նշանակում լինել տեղահանված, ես ցավ եմ ապրում՝ տեսնելով տեղահան եղած ու աշխարհով մեկ ցրված միլիոնավոր փախստականներին: Հատկապես ապշեցուցիչ է հետեւել այս իրավիճակի վերաբերյալ պետությունների արձագանքին: Ատելության խոսքը թափ է առնում ողջ աշխորհում եւ ստիպում մարդկանց էլ ավելի մեկուսանալ իրենց սեփական կրոնական եւ ազգային համայնքներում:

Միայն ատելության խոսքը չէ, սակայն, որ թափ է առնում: Մարդու իրավունքների պաշտպանների ձայները ևս բարձրանում են: Մեր հիմնադրամի նպատակն է պայքարել խտրականության դեմ՝ սկսած մեր սեփական տնից՝ Թուրքիայից, ստեղծել երկխոսության եւ խաղաղության լեզու, տարբեր ինքնության մարդկանց մերձեցնել, պահպանել մշակութային ժառանգությունը, բարելավել Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, բացել սահմանները մի ժամանակաշրջանում, երբ պատեր են կառուցվում, նպաստել Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, եւ ամենակարեւորը, հաղթահարել մարդկանց մտքում գոյություն ունեցող սահմանները: Այս ամենին հասնելու համար Թուրքիայում մենք գործում ենք միասնաբար՝ հայերով, թուրքերով, քրդերով, մահմեդականներով եւ քրիստոնյաներով: Մենք հպարտ ենք լինել մասը այդ մեծ ընտանիքը, որը կռիվ է տալիս նույն գաղափարների համար եւ ողջ աշխարհում պայքարում է մարդու իրավունքների համար: Չնայած երբեմն մեզ թվում է, թե մենք պայքարում ենք մեծ ալիքների դեմ, մեզ անչափ հույս է տալիս այն գիտակցումը, որ մենք միայնակ չենք՝ լինի Թուրքիայում, թե աշխարհում: Այս մրցանակն ստանալով ոգեշնչող «Զուկակ» թատերական ընկերության հետ միասին եւ այսօր լինելով այստեղ ձեզ հետ՝ մենք ավելի ուժեղ ենք դառնում: Իմ եւ մեր հիմնադրամի անունից՝ սրտանց ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մրցանակի համար, որը, հուսով ենք, էլ ավելի կզորացնի բոլոր նրանց, ովքեր Թուրքիայում պայքարում են ժողովրդավարության համար եւ դժվարին ժամանակներ են ապրում»:

«Շիրակ» հիմնադրամը ստեղծվել է 2008թ. Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից՝ նպատակ ունենալով «աջակցելու հակամարտությունների կանխարգելմանը, մշակութային երկխոսության հաստատմանը եւ առողջապահության որակի բարելավմանն ուղղված ջանքերին»:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ