1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մեծապատիվ մուրացկանները» ժամանակակից լուծումներով բեմադրությունը կհարստացնի Մայր թատրոնի խաղացանկը

«Մեծապատիվ մուրացկանները» ժամանակակից լուծումներով բեմադրությունը 
կհարստացնի Մայր թատրոնի խաղացանկը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» նորովի, ինտերակտիվ, պարային ու անսպասելի մեկնաբանությամբ կներկայացվի թատերասերներին:

Բեմադրության առաջնախաղերը տեղի կունենան նոյեմբերի 28-29-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

 «Արմենպրես»-ի թղթակիցը ներկա է եղել բեմադրության փորձին՝  ներկայացման և առհասարակ թատրոնի մասին զրուցելով վարկածի և բեմադրության հեղինակ Արմեն Էլբակյանի, գլխավոր դերակատարներ Ալբերտ Սաֆարյանի, Հարություն Մովսիսյանի, Աննա Էլբակյանի հետ:

«Հակոբ Պարոնյանը դասական է հենց այն պատճառով, որ խնդիրները, որոնք նա իր ստեղծագործություններով բարձրաձայնել է 19-րդ դարում, մինչ օրս արդիական են: Ներկայացման այս վարկածում օգտագործվել են նաև հատվածներ Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» և այլ  գործերից: Սա նրա երկերի բեմական տարբերակն է, որի առանցքում «Մեծապատիվ մուրացկանները» մենագրական վեպի սյուժեն է:

Մարդկանց, ովքեր ուշադիր չեն կարդացել այս գործը, կարդացել, բայց շատ բան մոռացել են, անուշադիր են եղել, հիշեցնեմ, որ այս ստեղծագործության առաջին տողերում ասվում է, որ երգիծաբան Հակոբ Պարոնյանը փորձում է ընթերցողին փոխանցել այն, որ մեծապատիվ մուրացկանները ժամանակ չունեն, ժամանակից դուրս են: Կարող են լինել և՛ երեկ, և՛այսօր, և՛ վաղը, քանի որ մարդը հավիտյանս հավիտենից միշտ նույնն է, իսկ իր բարոյական չափանիշները հավիտյանս հավիտենից անփոփոխ են»,-նշեց Արմեն Էլբակյանը:

Նա կարծում է, որ յուրաքանչյուր ժամանակ ունի իր ռիթմը, տեմպը, այդ շրջանի կնճռոտ խնդիրները, և կարևոր է հարազատ մնալ հեղինակին, միևնույն ժամանակ արտահայտել այն բացերն ու հոգսերը, կատակները, որոնք այսօր ավելի ճանաչելի են, քանի որ մեր օրերում յուրաքանչյուր ստեղծագործություն, պիես ընդամենը բեմադրության առիթ է:

Ըստ բեմադրիչի՝ժամանակն արագ է առաջ ընթանում. այն ստիպում է պահպանել ժամանակի զարկերակը, ժամանակի շունչը բերել ու փորձել շփման մեջ մտնել հանդիսատեսի հետ: «Եթե ցանկանում ես ինչ-որ բանի հասնել, պիտի լինես ճիշտ թարգմանը քո ժամանակի: Դա իմ կերպն է, թատրոնի մասին իմ մտածելու ճանապարհն է. գուցե շատերին դա դուր չի գալիս, կամ շատերը այդ մտքի հետ համաձայն չեն: Ձգտում եմ  այս թատրոնում այն գեղագիտական հիմքերը դնել, որոնք ես եմ պատկերացնում, որոնք ժառանգել եմ իմ ուսուցիչներից, այն սունդուկյանցներից, որոնց հետ ժամանակին խաղացել եմ, փորձում եմ վերադարձնել թատրոնը, որովհետև թատրոնից հանելով թատրոնը՝ մենք կորցնում ենք թատրոնը, այսինքն՝ թատերայնությունը: Դա երբեք միանգամից չի լինում, դա երկարատև, ամենօրյա ծանր աշխատանք է»,-ընդգծեց Էլբակյանը և հավելեց՝ երբեմն այն, ինչ տեսնում է աչքը, շատ ավելի կարևոր է, քան խոսքը, մարմինը երբեմն ավելի արտահայտիչ է, քան խոսքը: Ինչպես կյանքը, որը գործողության մեջ է, այդպես էլ թատրոնն է գործողության մեջ:  Գործողությունը, որը տեղի է ունենում բեմում, պետք է համապատասխանի իր ժամանակին, պետք է  համարձակ լինի:

Աբիսողոմ աղային մարմնավորած դերասան Ալբերտ Սաֆարյանը նախ շնորհավորեց բեմադրիչին, նկարչին՝ նրանց և իրեն՝ գլխավոր դերակատարին, համարելով ներկայացման համահեղինակներ: «Նորովի, ժամանակի պահանջներին համապատասխան մատուցելով Հակոբ Պարոնյանի հրաշալի ստեղծագործությունը՝ մենք նրա գործի համահեղինակներն ենք դառնում»,-ասաց նա:

Ըստ Սաֆարյանի՝ «Մեծապատիվ մուրացկանները» բավականին հետաքրքիր է, արդիական, վառ ու լուսավոր: Արմեն Էլբակյանը բոլոր ժամանակներում առկա խնդիրներն արծարծելու գեղեցիկ, ժամանակակից լուծումներ է առաջարկել: Նա օգտագործել է տեքստեր Պարոնյանի այլ ստեղծագործություններից, որոնք տիպիկ են ու տեղին:

«Ցավոք, այսօր մենք ասես կորցրել ենք գրագետ թատերասերին: Կա հանդիսատեսի մի ստվար հատված, որը ցանկանում է բեմում շոու տեսնել: Նրանց հետաքրքրելու  համար այս ներկայացման մեջ նաև շոուի տարրեր ենք օգտագործել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հեղինակ կարող է արդիական լինել, եթե բեմադրող ռեժիսորը, դերասանը նոր շունչ են բերում, հնչեցնում մտքեր, որոնք ընկալելի են»,-շեշտեց գլխավոր դերակատարը:

Ալբերտ Սաֆարյանը խոստովանեց, որ սիրում է նորովի մատուցել իր  մարմնավորած բոլոր կերպարները, իսկ Աբիսողոմ աղան հավաքական  կերպար է: «Փորձել եմ ընդգծված ներկայացնել այդ միամիտ մարդու ողբերգությունը, մարդու, ով չի կարողանում համակերպվել քաղաքին, միջավայրին, որն իրեն ճնշում է: 

Աբիսողոմ աղան ագարակատեր է. նա Տրապիզոնից եկել է Կոստանդնուպոլիս ամուսնանալու նպատակով, սակայն մեծապատիվ մուրացկանները ցանկանում են շեղել ու խաբել նրան: Չնայած՝ նրան գայթակղում է փառքը, Աբիսողոմը հասկանում է, որ բոլորն իրեն խաբում են, ցանկանում թալանել»: 

Դերասանը շեշտեց, որ թե՛ կինոյում, թե՛ թատրոնում խաղալիս մի նպատակ է հետապնդում. չկրկնվել: Ալբերտ Սաֆարյանը զանազան կերպարներ է մարմնավորել՝ թագավոր, սիրահար, իշխան և այլն: Աբիսողոմը հակադրվում  է նրանց: «Ինձ համար հատկապես կարևոր է հնարավորինս համոզիչ լինել: Կրկնում եմ՝ անում եմ ամեն բան, թատերասերներին հաճելիորեն «խաբելու». չէ՞ որ նրանք հենց դրա համար են գալիս թատրոն»,-եզրափակեց դերասանը:

Դերասան Հարություն Մովսիսյանը, ով մարմնավորում է Մանուկ աղային,  ընդգծեց, որ Հակոբ Պարոնյանը հայ ժողովրդի մեծագույն երգիծաբանն է: «Երգիծանքը ներկայացնում է մարդու ոգու, մտքի, դատողության խարխլվածությունը:  Պարոնյանի այս գործը և, հետևաբար, այս բեմադրությունը փաստում են, որ բոլոր հասարակարգերում եղել են թերություններ, սարկազմ, սատիրա: Ներկայացման միջոցով խոսում ենք խնդիրների մասին, որոնք կցանկանայինք, որ չլինեին»,-շեշտեց դերասանը:

Անդրադառնալով իր կերպարին՝ Մովսիսյանն ասաց, որ Մանուկը ձգտում է ունենալ պաշտոն, դիրք հասարակության մեջ, հարստություն, նա անդադար խոսում է փողի մասին: Փառք են ցանկանում բոլորը, անգամ Աբիսողոմ աղան:

«Այս ողջ խառնաշփոթը դիտելով՝ որոշ մարդիկ դեպի մարդկային ոգու, մտքի անարատություն տանող ելքեր են փնտրում: Այսինքն՝  այն մեծ առաքինությունը, որ մարդ  պետք է իր ուսերին կրի և կարողանա ապրել՝ բարեգործությունները, հավատը, Աստծո առաջ խոնարհությունը, հայրենիքի հանդեպ պատասխանատվությունն ու հերոսական կեցվածքը:

Ըստ իս՝ մենք ազգովի պետք է կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել և անել ամեն ինչ արդեն կայացած պետություններին նմանվելու համար: Նրանք էլ են անցել այս փուլերը»,-ընդգծեց Հարություն Մովսիսյանը:

Մանուկ աղայի կնոջ՝ Շողակաթի դերն այս բեմադրության մեջ կերտել է դերասանուհի Աննա Էլբակյանը: Նրա խոսքով՝ Շողակաթը բավականին հասուն կին է, ունի սուր բնավորություն: Դերասանուհին շեշտեց, որ մինչ օրս իր մարմնավորած հերոսուհիներն ունեցել են որոշ կողմեր, որոնք հատուկ են իրեն, իսկ Շողակաթն իր հետ ոչ մի կապ չունի: Աննա Էլբակյանն ասաց, որ անկեղծորեն հավանում է «Մեծապատիվ մուրացկանները» նոր ներկայացումը:

«Նախկինում ներգրավված եմ եղել տարբեր երաժշտական բեմադրություններում՝ լի երգ ու պարով: Սա ինտերակտիվ գործ է, գրոտեսկային: Այս բեմադրության մեջ զբաղված բոլոր դերասանները բավարարված են: Նրանք ցուցադրում են դերասանական լավագույն խաղ: Այստեղ Սունդուկյանի նախկին թատրոնի մասին լավ հիշողությունները վերադառնում են, ներկապնակը  հարուստ է վառ գույներով, դերասանները շատ են ու անգամ փոքր դրվագներում ներգրավված ստեղծագործողները հարստացնում են բեմադրությունը»,-նշեց Աննա Էլբակյանը:

Ներկայացման բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Կարինե Աթանյանը: Պարուսույցն է Լիանա Հակոբյանը: Բեմադրությունում հնչում է Ստեփան Լուսիկյանի երաժշտությունը, գործիքավորումը կատարել է Լևոն Խաչատրյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]