Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Շարմազանով

Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի խանգարի հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին: Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագրով Հայաստանը իրականացնելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներ մարդու իրավունքների, ժողովրդավարության, հումանիտար, արդարադատության և այլ ոլորտներում, իսկ Ռուսաստանը Հայաստանի առանցքային գործընկերն է, որի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն: Բոլոր նրանք, ովքեր փորձում են սեպ խրել այդ հարաբերություններում, ովքեր հայտարարում են, որ Եվրոպական Միության և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումը կարող է թուլացնել հայ-ռուսական հարաբերությունները, զբաղված են անօգուտ գործով»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Հայաստանը և Ռուսաստանը շարունակելու են զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: «Դրա վառ վկայությունն է 100 միլիոն դոլարի վարկային նոր համաձայնագիրը, որով Ռուսաստանի Դաշնությունը ժամանակակից սպառազինություն կտրամադրի Հայաստանին, դրա վկայությունն են երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները, խորհրդարանական մակարդակով հանդիպումները, Ռուսաստանի կողմից Հայաստանում սպասվող տնտեսական ներդրումները: Մենք շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար և մնացած բոլոր ոլորտներում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը վստահ է` որքան լավանան Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հարաբերությունները, այնքան կշահի Հայաստանը: Նա շեշտեց, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել երկխոսությանը` ընդգծելով, որ այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որն օգտվում է Եվրամիության GSP+ համակարգից: «Եվրոպական Միության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար, որպեսզի նրանք կարողանան Եվրամիությունից տնտեսական ներդրումներ ներգրավել կամ դուրս գալ Եվրոպական միության շուկա: Հայաստանը կարող է երկխոսության և համագործակցության կամուրջ հանդիսանալ երկու միությունների միջև»,- եզրափակեց Շարմազանովը:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է Եվրոպական միության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: ԱԼԳ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրներն են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան և Ադրբեջանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]