Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Աշոտյանը՝ ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովի հռչակագրի մասին

Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Աշոտյանը՝ ԵՄ ԱԼԳ 
գագաթնաժողովի հռչակագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք ԵՄ արևելյան գործընկերության գագաթնաժողովում ընդունվելիք հռչակագրում ակնկալում է իր ազգային շահերից բխող ձևակերպումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հռչակագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ձևակերպումների շուրջ անհամաձայնությունների մասին խոսակցություններին,  ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր աշխատանքը՝  ելնելով սպասումներից, որ  ԵՄ գործընկերները նույնպես պետք է գործադրեն համարժեք, շոշափելի ջանքեր:

«Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովը, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետ միասին որոշում է կայացրել  դեկտեմբերի 1-ին հրավիրել թեմային վերաբերող խորհրդարանական լսումներ, ինչն  իրականում,  քաղաքական ավանս է, պարտավորեցնող քայլ, որպեսզի մեր եվրոպացի գործընկերները ևս մեկ անգամ համոզվեն, որ առաջիկա գագաթնաժողովին Հայաստանն իրեն անմիջականորեն վերաբերող հարցերում ակնկալում է այնպիսի ձևակերպումներ քաղաքական փաստաթուղթ հանդիսացող հռչակագրում, որոնք բխելու են մեր երկրի ազգային և պետական շահերից: Մենք մեր եվրոպացի գործընկերներից ակնկալում ենք ընկալում, որ  արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Պատգամավորը վստահեցնում է, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի փաստաթղթի ձևակերպումները համարժեք լինեն Հայաստանի պետական շահերին, Եվրոպական Միությունից մեր ակնկալիքներին՝ հատկապես ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի համատեքստում, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին կայանալիք ԱԼԳ գագաթնաժողովի ընթացքում:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպական Միության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի արդյունքում նախատեսվում է հռչակագրի ընդունում: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հռչակագրի տեքստն ամբողջությամբ հստակեցված է՝ բացառությամբ տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ պարբերությանը, որտեղ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ներառել միմյանց հակասող ձևակերպումներ:

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է նաև Եվրոպական Միության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: ԱԼԳ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրներն են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան և Ադրբեջանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]