1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընտրող հանձնաժողովը կքննարկի «Ավրորա» մրցանակի 2018թ. առաջադրումները

Ընտրող հանձնաժողովը կքննարկի «Ավրորա» մրցանակի 2018թ. առաջադրումները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը դեկտեմբերի 4-ին Բեռլինում կայանալիք հանդիպման ընթացքում կուսումնասիրի 2018թ. «Ավրորա» մրցանակի  առաջադրումները: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հումանիտար եւ մարդու իրավունքների ոլորտների ակտիվիստներ, պետությունների նախկին ղեկավարներ: Այն գլխավորում է օսկարակիր դերասան, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ընտրող հանձնաժողովի անդամներն են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։

 Երրորդ ամենամյա «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Հայտերն ուղարկվել են 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից եւ Քենյայից:

 Անկախ փորձագետների հանձնախումբը, որը գործում է «Ավրորա» մրցանակի քարտուղարության կազմում, հավատարիմ մնալով «Ավրորա» մրցանակի ընտրական չափանիշներին, արդեն ուսումնասիրել է մրցանակին առաջադրված բոլոր թեկնածությունները եւ Ընտրող հանձնաժողովի ուշադրությանն է ներկայացրել թեկնածուների սեղմ ցանկը:

 Հանձնախմբի կազմում ընդգրկված են հումանիտար ոլորտի մասնագետներ եւ մարդասիրական, մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ղեկավարներ: 2018թ. «Ավրորա» մրցանակի Փորձագետների հանձնախմբում ընդգրկված են.

Մարիա Էլենա Ագուերո՝ «Մադրիդյան ակումբի» գլխավոր քարտուղար

Այան Հիրսի Ալի՝ ակտիվիստ, գրող, AHA հիմնադրամի հիմնադիր

Կոմֆորտ Էրո՝ Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկայի ծրագրի տնօրեն

Մեգո Թերզյան՝ Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ

Կոնստանտին Խաբենսկի՝ «Խաբենսկի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր

Չուլպան Խամատովա՝ «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր

Ջեմիլա Մահմուդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր փոխքարտուղար

Պեդրո Մուրադյան՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի փորձագետ

Լեզլի-Աննա Նայթ՝ The Elders խմբի նախկին տնօրեն

Արյեհ Նեյեր՝ Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ

Սաշա Չանոֆ՝ RefugePoint կազմակերպության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն

Նենսի Սոդերբերգ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան

Մոնիկա Վիլա՝ Թոմսոն Ռոյթերս հիմնադրամի տնօրեն

Սառա Լեյ Ուիսթոն՝ Human Rights Watch կազմակերպության Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի բաժանմունքի տնօրեն

Ջոն Փրենդերգաստ՝ Enough նախագծի տնօրեն

Թոմ Քաթինա՝ բժիշկ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Նիկոլաս Քումջյան՝ Կամբոջայի դատարանների Արտակարգ պալատների միջազգային դատախազ

Ջոնաթան Ֆանտոն՝ Արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի նախագահ

2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: «Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, երրորդ անգամ կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100,000 դոլարի պարգեւ եւ հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

 2017թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց կաթոլիկ միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինային՝ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից։ Նա հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունը սահմանափակ է: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը  Մարգարիտ Բարանկիցեն է՝ Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրը: 2016թ. «Ավրորան» շնորհվեց նրան՝ Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին որբերին ու փախստականներին խնամելու եւ հազարավոր մարդկանց կյանքի փրկության գործում ունեցած անգնահատելի ազդեցության համար»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]