1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿԲ-ն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել թղթադրամի տեսքով հավաքորդական միավոր` 500 դրամ անվանական արժեքով

ԿԲ-ն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել թղթադրամի տեսքով հավաքորդական 
միավոր` 500 դրամ անվանական արժեքով

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային արժույթի 24 ամյակի առիթով Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 500 դրամ անվանական արժեքով «Նոյյան տապան» հավաքորդական թղթադրամները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ կենտրոնական բանկի պատմության մեջ առաջին անգամն է, որ թղթադրամի տեսքով է հավաքորդական միավոր ստեղծվում: «Տարածված մոտեցում է, որ կենտրոնական բանկերը, բացի  հուշադրամներից, իրենց թողարկումներում տեղ են տալիս նաև հավաքորդական թղթադրամներին»,-թղթադրամի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը:

Նրա խոսքով` սա փորձ էր գործնականում հասկանալու, թե ինչպիսի որակական հատկանիշներ կունենան կոմպոզիտային թղթադրամները, որոնք հաջորդ տարվանից արդեն կներդրվեն Հայաստանում: «Այս թղթադրամն իր մեջ ներառում է  այս պահին գործող լավագույն պաշտպանական հատկանիշները»,-ավելացրեց ԿԲ պաշտոնյան:

Անդրադառնալով հավաքորդական թղթադրամի թեմատիկ ուղղվածությանը, Դավիթ Նահապետյանը նշեց, որ, որպես կանոն, նմանատիպ դեպքերում ընտրվում են պատմական կամ տվյալ հասարակության համար նշանակալի իրադարձություններ: «Մենք որոշեցինք, որ Նոյյան տապանի պատմությունը ճիշտ կլինի զետեղել, քանի որ այն մեր ազգի ու ինքնության հետ խիստ առնչվող թեմա է, ու ընկալելի է ոչ միայն մեր հանրության կողմից, այլև արտերկրում»,-հավելեց բանախոսը:

Դավիթ Նահապետյանի տեղեկացմամբ` այս թղթադրամը, ինչպես մյուս հուշադրամները, ունենալու է իր վաճառքի գինը, այս դեպքում` 1700 դրամ (ներառելով բրոշյուրն ու թղթադրամը) և հասանելի կլինի նոյեմբերի 27-ից ԿԲ «Դրամագետ» վաճառասրահում:

«Հավաքորդական թղթադրամի էությունը պահպանելու նպատակով վաճառքի գինը պետք է լինի ավելի բարձր, քան իր անվանական արժեքն է: Որպեսզի հավաքորդները և քաղաքացիները գայթակղությունից չօգտվեն ու չօգտագործեն այն որպես սովորական թղթադրամ, չնայած ՀՀ տարածքում այս թղթադրամը համարվելու է վճարամիջոց: Եթե որևէ մեկը կցանկանա 1700 դրամով ձեռք բերված թղթադրամը օգտագործել իր անվանական արժեքով (500 դրամով- հեղ.), դա իր որոշումն է»,-ասաց ԿԲ գլխավոր քարտուղարը` հավելելով, որ պահանջարկի դեպքում այն տրամադրվելու է նաև ՀՀ առևտրային բանկերին:

500 դրամ անվանական արժեքով «Նոյյան տապան» հավաքորդական թղթադրամի չափերն են` 140/76 մմ: Այն երկու կողմից պոլիէստերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Տպաքանակը սահմանափակ է` 300 հազար հատ:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]