1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անհանդուրժողականության, օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական գերակայություններից է. Էդվարդ Նալբանդյան    

Անհանդուրժողականության, օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական 
գերակայություններից է. Էդվարդ Նալբանդյան

 

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի անդամների հանդեպ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և դրանց հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով համաժողովը:  Այն կազմակերպվել է  ԵԱՀԿ ավստրիական նախագահության և Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից՝ ՀՀ արտգործնախարարության աջակցությամբ:  

Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մասնավորապես, կարեւորելով համաժողովի անցկացումը հենց Հայաստանում:

«Խորհրդաժողովի թեման ճիշտ է ընտրված եւ ժամանակին՝ մեզ հնարավորություններ ընձեռելով հաղթահարելու քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերի առջեւ ծառացած մարտահրավերները: Այս խորհրդաժողովը Հայաստանի համար կարեւոր է մի քանի պատճառներով: Պատմականորեն տեղակայված լինելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը ձեւավորել է այլ մշակույթների եւ կրոնների հետ համատեղ գոյակցելու եւ հարգանքի խոր արմատներ ունեցող ավանդույթներ: Լինելով քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգ՝ հայերը կանգնած են քրիստոնյա քաղաքակրթության  ակունքներում: Որպես ազգ, որը համայնքներ ունի աշխարհի մոտ 100 երկրում՝ հայերը անձամբ տեղյակ են, թե որքան կարեւոր է հանդուրժողականությունը, եւ ինչպիսին են ատելության եւ խտրականության խոսքի խնդիրները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ ընդգծելով, որ խորհրդաժողովի հյուրընկալումը Երեւանում հնարավորություն է ազգային փորձառությունը ներկայացնելու եւ փոխանակելու համար:

«Սեփական  հայրենիքում պատմականորեն լինելով հալածված օտար լծի ներքո, այդ թվում՝ նաեւ կրոնի հիմքերով, հայերն ինքնիշխան պետությունների հանրույթին միանալուց հետո չեն կարող անուշադրության մատնել նրանց տառապանքը, ովքեր շարունակում են խտրականության եւ ատելության հետեւանքներ կրել: Մենք ակտիվորեն մասնակցում ենք միջազգային ջանքերին, որոնք ուղղված են  ինքնության հիմքով խտրականության եւ բռնության կանխարգելմանը: Այս բնագավառում վերջին նախաձեռնությունները ներառում են ցեղասպանության կանխարգելման մասին բանաձեւի ընդունումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում 2015 թվականին, ինչպես նաեւ նույն տարում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ցեղասպանության զոհերի հիշատակի  միջազգային օրվա վերաբերյալ բանաձեւի ընդունումը»,-ասաց ՀՀ արտգործնախարարը՝ շեշտելով, որ այս ջանքերը շարունակական են:

Նրա խոսքով՝ ատելության խոսքի, անհանդուրժողականության եւ օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական գերակայություններից էր դեռ այն ժամանակ, երբ 2013 թվականին Հայաստանը նախագահում էր Եվրոպայի խորհրդում,  եւ ԴԱԻՇ-ի ու այլ ահաբեկչական խմբերի ակտիվացման պայմաններում ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում առաջիններից էր, որն առաջ քաշեց էթնիկ խմբերի պաշտպանության հարցը եւ ակտիվ միջոցառումներ իրականացրեց միջազգային հանձնառություններն այս ոլորտում ամրապնդելու համար:

«Հայաստանում այս խորհրդաժողովի հյուրընկալումը լրացուցիչ քայլ է այն ջանքերի շրջանակում, որոնք ուղղված են վտանգված կրոնական խմբերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Մենք օժանդակել ենք մեր գործընկեր պետությունների ջանքերին, որոնք ուղղված են էթնիկ կրոնական խմբերի պաշտպանության խնդրի կարգավորմանը Մՙիջին Արեւելքում: Հայաստանը նաեւ ուշադրություն է դարձնում փախստականների եւ միգրանտների պաշտպանության  խնդիրներին Մերձավոր Արեւելքի խոցելի խմբերի պայմաններում: Միայն ԵԱՀԿ շրջանակում մենք ձեւավորել ենք հանձնառությունների լայն շրջանակ, որոնցով նպատակ կա պայքարելու ռասիզմի, օտարատյացության, խտրականության, անհանդուրժողականության դեմ»,-նշեց նա:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ անդրադարձավ ոլորտում ԵԱՀԿ մասնակից պետությունների ստանձնած հանձնառություններին՝ ընդգծելով, որ հենց հիմա է ժամանակը, որպեսզի արդյունավետ մեխանիզմներ եւ փորձագիտական կարողություններ ամրապնդվեն՝ աջակցելու մասնակից երկրներին քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերին պաշտպանելուն ուղղված քայլերի ձեռնարկման հարցում:

«Այստեղ կհիշատակեմ 1994 թվականին Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովում հաստատված Կրակովյան փաստաթուղթը, ըստ որի մասնակից պետությունները հավուր պատշաճի ուշադրություն են դարձնելու կրոնական ծագում ունեցող հուշարձաններին եւ օբյեկտներին, որոնք իրենց սկզբնական համայնքներում այլեւս  չեն օգտագործվում, կամ դրանք  ներկայացված չեն այդ տարածաշրջանում: Բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր եւ գերեզմաններ քանդվել եւ  ջնջվել,  բռնագրավվել են 90-ականներին, 2000-ականներին այն տարածքներում, որտեղի բնիկ հայ բնակչությունը արտաքսվել է, եւ դրանք մեզ հիշեցնում են հանձնառությունների եւ դրանց իրագործման միջեւ առկա անջրպետի մասին»,-նշեց Էդվարդ Նալբանդյանը եւ հավելեց, որ նման իրավիճակները պետք է անթույլատրելի լինեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]