Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը հաջորդ տարի նախատեսում է 80 շենքի 190 պատշգամբի վերանորոգման աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանը հաջորդ տարի նախատեսում է 80 շենքի 190 պատշգամբի 
վերանորոգման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2018-ին նախատեսվում է իրականացնել Երևանի 80 շենքի 190 պատշգամբի վերանորոգման աշխատանքներ: Նախատեսվում են նաև տանիքների հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունից:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու 2017-ի ընտրությունների ժամանակ խոստացել էր հաջողության հասնելու դեպքում 2017-2022 թթ. վերանորոգել բազմաբնակարան շենքերի վթարային տանիքները, ավարտին հասցնել շքամուտքերի վերանորոգման աշխատանքները, նորոգել շենքերի ճակատամասերը: «2017 թ. ծրագրով վերանորոգվել է  69 շենքի 166 պատշգամբ: Մինչ այս տարվա նոյեմբերի 10-ը վերանորոգվել է 687 բազմաբնակարան շենքի 1124 մուտք: Երևանի քաղաքապետարանի 2017 թ. ծրագրով բազմաբնակարան շենքերի ճակատային պատերի վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, սակայն այս տարվա ընթացքում վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի հարթ տանիքներ 1044 շենքում, իսկ թեք լանջավոր տանիքներ՝ 1137 շենքում: Երևանի զարգացման 2018-2022 թթ. հնգամյա ծրագրով նախատեսվում է վերանորոգել բոլոր բազմաբնակարան շենքերի հարթ տանիքները, մշակել և իրականացնել բազմաբնակարան շենքերի թեք տանիքների ամբողջական հիմնանորոգման հիմնախնդրի հայեցակարգ: Նախատեսվում է իրականացնել շուրջ 80 շենքի 190 պատշգամբի վերանորոգման աշխատանքներ»,-տեղեկացրին քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունից:

Երևանի զարգացման 2018-2022 թթ. հնգամյա ծրագրում ներառվել է նաև «Բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացում և էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմանը՝ խթանելով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը Երևանում գոյություն ունեցող շենքերից:          
Լայնածավալ ծրագիրն իրականացվելու է ՄԱԶԾ և այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ
: Համալիր միջոցառումները կներառեն շենքի արտաքին պատերի ջերմափոխանցման դիմադրության մեծացում՝ արտաքին մակերևույթի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ, շենքի շքամուտքի աստիճանավանդակներում դռների և պատուհանների փոխարինում, նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում, տանիքի ջրամեկուսացում, շքամուտքերի լուսավորության արդիականացում, ինչպես նաև արևային կայանքների տեղադրում: Ծրագրի իրականացման արդյունքում շենքերի ջերմային մեկուսացման միջոցով նախատեսվում է ապահովել 50-60 տոկոս էներգախնայողություն:

Հանրային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների ապահովման նպատակով Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ և Եվրոպական ներդրումային բանկի հետ մշակել է նաև «Երևանի էներգաարդյունավետության և հանրային շենքերի ջերմային հիմնանորոգում» ծրագիրը, որը նախատեսում է Երևան քաղաքի շուրջ 190 հանրային շենքերում էներգետիկ  արդյունավետության բարձրացմանն  ուղղված միջոցառումներ: Ծրագրով նախատեսվում է շուրջ 7 տասնյակ հանրային շենքերում իրականացնել էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքներ (արտաքին պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման, դռների  և լուսամուտների  փոխարինման,  ջեռուցման/հովացման, օդափոխության  և օդորակման համակարգերի,  լուսավորության համակարգերի վերակառուցման աշխատանքներ, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործում, ինչպես նաև սեյսմակայունության  և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի հասանելիության ապահովման աշխատանքներ), իսկ մնացած հանրային շենքերում կիրականացվեն արագ հետգնում ապահովող էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես, օրինակ, լուսավորության, ջեռուցման համակարգերի արդիականացման և այլ աշխատանքներ: Ծրագրով նախատեսվում է նաև վերականգնվող էներգիայի՝ արևային ֆոտովոլտային կայանների և արևային ջրատաքացուցիչների կիրառումը:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]