Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոնթեի խրոխտ հայացքի ներքո ռազմամարզական վարժարանի 80 առաջին կուրսեցի երդվեց դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպան

Մոնթեի խրոխտ հայացքի ներքո ռազմամարզական վարժարանի 80 առաջին կուրսեցի 
երդվեց դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում Հայաստանի ու Արցախի ազգային հերոսի նորաբաց արձանի մոտ կայացավ վարժարանի 80 առաջին կուրսեցիների խոստման արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարժարանի փոխտնօրեն գնդապետ Ալեքսան Մինասյանի «սկսել» հրամանին հաջորդեց երդման տեքստի ընթերցումը: «Ես, ընդունվելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, հանդիսավոր խոստում եմ տալիս` դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպան, անմնացորդ նվիրվել ժողովրդիս ու Հայաստանի Հանրապետությանը, դառնալ զինված ուժերի հուսալի հենարան, անառարկելիորեն ընդունել ու առաջնորդվել վարժարանի կանոնադրությամբ, լինել ազնիվ, խիզախ ու կարգապահ, դառնալ հայոց ազգային բանակի արժանի սպա, բարձր պահել Մոնթեի վեհ անունը: Ջանք չեմ խնայելու կատարելու խոստումս և արժանի լինելու մեր փառավոր հերոսների գործը շարունակելու` ի փառս մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության: Խոստանում եմ»: Ի պատասխան հնչեց սաների հաստատումը` «խոստանում եմ»:

Երդման արարողությանը հաջորդեց հատուկ նշանակության ջոկատի մարտիկների և վարժարանի սաների կատարմամբ «Ճանապարհ դեպի բարձունք» խորագրով մարտական հնարքների ցուցադրումը:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հիմնադրվել է 1993 թվականին, 2017-ի սեպտեմբերի 1-ից սկսել է գործել Դիլիջան քաղաքում: Այստեղ կրթություն են ստանում ավագ դպրոցի՝ 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները: Ներկայում սովորողների թիվը 190 է, նրանցից 94-ն ընդունվել են այս տարի: Աշակերտները Հայաստանի տարբեր մարզերից են, այդ թվում` նաև Արցախից: Վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ծրագրով, առաջիկայում նախատեսվում է անցում կատարել «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրին: Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։ Մասնավորապես՝ սաները տեղավորվել են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։ Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։ Մատուցվում է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։ Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։ Կրթական պրոցեսը երկուշաբթիից-ուրբաթ է, հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն կամ մնալ վարժարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]