Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Կոմանդոսի կարծիքով` լավ սպան պետք է աշխատասեր, խիզախ ու կազմակերպչական հակումներով անձ լինի


ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը լավ սպայի մի քանի հատկանիշ է առանձնացնում, դրանցից ամենակարևորը` աշխատասիրությունն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ընթացքում լրագրողների հետ զրույցում Կոմանդոսը նշեց, որ սպան պետք է նաև խիզախ ու կազմակերպչական հակումներով անձ լինի: «Կարևոր է, որ նա իմանա համակարգը` հրամանատարական կազմին ու զինվորին, և անկախ նրանից, թե ով է կանգնած իր առջև, վարվի ինչպես մարդը մարդուն, հասկանա բոլորին: Բացի այդ` սպան պետք է այնպես անի, որ իր խոսքն ու գործը իրար համապատասխանեն: Ու ամենակարևորը, որ նա հավատա իր կատարած աշխատանքի կարևորությանը»,-նշեց գեներալ-մայորը:

Որպես ավագ ընկեր ու հերոս իր խորհուրդը զինվորականի մասնագիտությունն ընտրողներին այն է, որ լավ սերտեն ռազմական գիտությունն ու սովորածը կիրառեն արդեն գործում: «Ղարաբաղում էլ իմ ճանապարհը պարզապես իմ սովորածի կիրառումն էր, Պետք է շատ լավ սովորել ու դառնալ ռազմական մասնագետ»,-ավելացրեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ինչպես է Արցախյան պատերազմի կարկառուն դեմքերից մեկը գնահատում հայ սպայական կազմի կրթական կարողությունները, նա պատասխանեց. «Մենք պետք է հպարտանանք մեր սպաներով, ջանքերը, որ ներդրվում են նրանց կողմից, ըստ իս, մի քանի անգամ գերազանցում են յուրաքանչյուր նորմատիվը: Նրանք աշխատում են առանց հատուկ գրաֆիկի ու բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը»: Կոմանդոսը նաև շեշտեց հանգամանքը, որ Հայաստանից դուրս սովորող բոլոր հայ սպաները գերազանցություն են ցուցաբերում իրենց կրթության մեջ, ինչն արդեն խոսում է այստեղ ստացած գիտելիքի մրցունակության մասին:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ