Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևանի արտաքին գովազդի փառատոն»-ի կազմակերպիչների հետ  


ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևանի արտաքին գովազդի փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ Էմմա Սարգսյանի և Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին մասնակցելու նապատակով Երևանում գտնվող միջազգային ճանաչված գովազդային ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Երևանում փառատոնի անցկացումը՝ նկատելով, որ այն նաև հրաշալի հարթակ է գովազդի ոլորտում փորձի փոխանակման առումով:

«Արդեն 2-րդ տարին է, ինչ անց է կացվում այս փառատոնը, և հատկանշական է, որ այս տարի թե՛ մասնակիցների թիվն է ավելացել և թե՛ մասնակից երկրների աշխարհագրությունն է ընդլայնվել: Սա, անշուշտ, փաստում է, որ փառատոնի նկատմամբ հետզհետե մեծանում է հետաքրքրությունը և, հաշվի առնելով, որ մենք առանձնակի կարևորում ենք նաև գովազդի ոլորտի զարգացումը, վստահ ենք, որ «Երևանի արտաքին գովազդի փառատոն»-ի անցկացումը մեծապես կարող է նպաստել դրան: Այս փառատոնը նաև հրաշալի հարթակ է ոլորտի մեր մասնագետների համար, որ աշխարհի լավագույն գովազդային ընկերությունների ներկայացուցիչներից տեղեկանան ոլորտի վերջին ու ժամանակակից ձեռքբերումների և դրանց կիրառելիության մասին, ինչպես նաև իրականացնեն փորձի փոխանակումներ, ինչը հաստատ իր կարևոր ազդեցությունը կունենա Երևանի արտաքին գովազդում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու, հաջողություններ մաղթելով փառատոնի մասնակիցներին, վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու փառատոնի պատշաճ անցկացմանն ու կայացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերpվող փառատոնի անցկացմանն աջակցելու համար՝ «Երևանի արտաքին գովազդի փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ Էմմա Սարգսյանն իր հերթին նկատել է, որ այս տարի աշխարհահռչակ գովազդային կազմակերպությունների մասնակցությունն իսկապես ավելացել է, ինչն ինքնին նրանց կողմից փառատոնի անցկացումը կարևորելու վկայությունն է:

«Պարոն քաղաքապետ, անկեղծորեն շնորհակալ ենք համագործակցության պատրաստակամության համար: Նախորդ տարի համատեղ ուժերով մեզ իսկապես հաջողվեց ապահովել փառատոնի հաջող ընթացքը, և վստահ եմ, որ այս տարի ևս այն կլինի ձեռքբերումային ու արդյունավետ: Ի սկզբանե մենք մեր առջև դրել ենք երկու հստակ նպատակ՝ ապահովել գովազդի ոլորտի զարգացումը և մեր ուսանողների միջոցով բացահայտել դեռևս փորձ չունեցող մասնագետների ներուժը: Սա նաև լավ հնարավորություն է, որ փառատոնին մասնակից հայտնի ընկերությունների ներկայացուցիչներն իրենց արդեն իսկ հաջողված փորձը փոխանցեն մեր մասնագետներին», - նշել է Էմմա Սարգսյանը:

Հանդիպման ավարտին «Երևանի արտաքին գովազդի փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ Էմմա Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել փառատոնի հատուկ մրցանակներից մեկը: 



Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ