1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Դիլիջան» գործարանի արտադրանքը մրցակցում է ներկրված գարեջրի հետ

«Դիլիջան» գործարանի արտադրանքը մրցակցում է ներկրված գարեջրի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի բնակիչների համար շուրջ 90 աշխատատեղ ստեղծած «Դիլիջան» գարեջրի գործարանի արտադրանքը կիրացվի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Գարեջրի սեզոնին նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել մինչև 150-ի: Ներկայում գործարանում միջին աշխատավարձը 100 հազար դրամ է: Նոյեմբերի 21-ին՝ գործարանի պաշտոնական բացման արարողության շրջանակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց գործարանի համասեփականատեր, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Գործարանի կառուցման աշխատանքներն սկսել ենք չորս տարի առաջ, այսօր պաշտոնական բացումն է: Այս պահին երկու տեսակի գարեջուր ենք արտադրում՝ «Դիլիջան» ու «Դիլիջան 1»: Համային հատկանիշներով մեկը գերմանական, մյուսը չեխական գարեջրին է մոտ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հակոբ Հակոբյանը` հավելելով, որ իրենց գարեջրի մրցակցային առավելությունը դիլիջանյան ջուրը, մարդիկ ու բնությունն են:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Գործարանն սկսել է արտադրանք տալ այս տարվա օգոստոսի վերջերից, մինչ այժմ թողարկվել է 430 հազար շիշ գարեջուր, ընդհանուր արժեքը՝ 130 միլիոն դրամ: Ներկայում թողարկվում է 0.33 և 0.45 լ ապակե շշերով գարեջուր: Առաջիկայում նախատեսվում է 1լ պլաստմասե տարայով, ինչպես նաև 30 լ տակառներով գարեջրի արտադրություն:

Ինչպես նշեց Հակոբ Հակոբյանը, արտադրանքն իրացնում են Հայաստանում, մրցակցում են ոչ թե տեղական արտադրանքի, այլ ներմուծվող գարեջրի հետ: «Նախատեսում ենք նաև արտահանում իրականացնել Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան և եվրոպական երկրներ»,-նշեց մեր զրուցակիցը: Բացի այդ՝ նպատակ ունեն գրավել իրանական շուկան ոչ ալկոհոլային գարեջրի արտադրանքով: «Եթե կարողանանք մտնել այդ շուկա, բավականին ծավալուն աշխատանք պետք է կատարենք, քանի որ մեծ շուկա է»,-հավելեց Հակոբ Հակոբյանը:

Ինչ վերաբերում է գարեջրի որակին, ապա գործարանի շշալցման արտադրամասի պետ Տիգրան Ստեփանյանը նշեց, որ ժամը մեկ կատարվում է գարեջրի նմուշառում, ստուգվում ու համապատասխան լաբորատոր փորձաքննության է ենթարկվում արտադրանքը: Նրա խոսքով՝ պատրաստվում են նաև ձմռանը աշխատել, եթե ոչ ամբողջ հզորությամբ, ապա մասնակիորեն: «Ձմռանը հայերը գարեջուր չեն խմում, բայց, եթե արտահանենք, ձմռանն էլ լրիվ տեմպով կաշխատենք: Այս պահին նախատեսվում է աշխատել, եթե շաբաթվա մեջ ոչ հինգ օր, ապա երեք օր հաստատ»,-ասաց Տիգրան Ստեփանյանը:

Գոհար Բուռունսուզյանը, ով պատասխանատու է շշալցված արտադրանքի որակի համար, ստուգում ու հայտնաբերում է խոտանված արտադրանքը, ասում է՝ երկար ժամանակ էին սպասում կայուն աշխատանքի: Այս գործարանն աշխատանքով է ապահովել նաև բնիկ դիլիջանցի Գոհարի որդուն:

«Դիլիջան» գարեջրի գործարանի ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 2.5 միլիարդ դրամ է, որից 1 միլիարդը՝ շենք-շինությունների, իսկ 1.5 միլիարդը մեքենա-սարքավորումների համար: ՀՀ կառավարությունն օժանդակել է գործարանին՝ արտադրական կարիքների համար արտերկրից ձեռք բերված սարքավորումների մի մասի համար ԱԱՀ-ի վճարումը հետաձգելով երեք տարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]