Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը՝ անշուշտ պետք է շարունակել բանակցությունները. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը տրամադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կառուցողական հանդիպումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Կարգավորման հիմնական սկզբունքները եւ տարրերն արդեն դրված են սեղանին, կան աշխատանքային փաստաթղթեր: Մենք շատ երկար ենք վարել բանակցությունները հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ, իսկ Ադրբեջանն ասում էր, որ կարիք չունի բանակցելու հիմնական սկզբունքների հարցով: Եվ չնայած Ադրբեջանի այս, մեղմ ասած, ոչ կառուցողական դիրքորոշմանը, անշուշտ պետք է շարունակել բանակցությունները, որովհետեւ չկա այլընտրանք բանակցային գործընթացին»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նոյեմբերի 20-21-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում