Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Գյումրու Սև բերդը նոր շունչ է ստանում. ամրոցը երեկ և այսօր 


ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրի քաղաքի Սև բերդ կոչվող ամրոցն այսօր արդեն գործում է որպես մշակութային կենտրոն։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամրոցի ներսում՝ երկրորդ հարկում, նորոգվում են նաև սենյակներ, որոնք նախատեսվում է հետագայում դարձնել հյուրանոցային համարներ։ Համարները կկրեն այն քաղաքների անունները, որտեղից Հայաստանը օգնություն է ստացել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո։ 
Սև բերդի տարածքով զբոսնելիս Գյումրու քաղաքապետարանի արտաքին կապերի ու ծրագրերի բաժնի մասնագետ Արմեն Հովսեփյանը լրագրողներին ներկայացրեց շենքի ողջ պատմությունը 1830 թվականներից մինչ այսօր։ 


… Շենքը կառուցվել է 1830-ական թվականներին Նիկոլայ առաջինի որոշմամբ։ Այն եղել է պաշտպանական կառույց և կոչվել է Սև ղուլ (Սև բերդ)։ Ոչ այնքան մեծ հեռավորությամբ տեղակայված է մեկ այլ բերդ, որը նույնպես եղել է ամրոց և կոչվել է Կարմիր բերդ։ Երկու շինություններն էլ պատկանել են Ռուսաստանի կայսրությանը, և այժմ Կարմիր բերդի տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը Հայաստանում ամենամեծն է։ Այդ տարիներին Ալեքսանդր թագավորը փոխում է Գյումրու անունն իր կնոջ՝ Ալեքսանդրայի անունով, իսկ Կարմիր բերդի ներսում կառուցում է ռուսական եկեղեցի, որն անվանում է Սուրբ Ալեքսանդրա։ Այժմ եկեղեցին կա և գործում է հենց ռազմաբազայի տարածքում։ 


Սև բերդի ստորգետնյա ուղիները տանում են դեպի «Մայր Հայաստան» հուշարձան և Կարմիր բերդ։ 
Ծանոթացնելով բերդի ամեն մասին ու կարևոր հատվածներին՝ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցը նկատեց, որ Սև ամրոցի բաց տարածքում գտնվում է սուրբ սեղան, որը պատրաստվել է 2016 թվականին, երբ Հռոմի պապը Գյումրի էր այցելել։ Սեղանը տեղադրված է հատուկ բեմ-խորանի հենց մեջտեղում, որը նույնպես այդ ժամանակ է կառուցվել։ Խորանի պատերին փակցված են այդ օրն արված լուսանկարները։ 
Բերդ մուտք գործելիս տեսնում ենք հսկայական կլոր բեմ, որը նախատեսված է համերգների համար։ 
Ամրոցի ներսում շրջելիս կարծես հայտնված լինես մոտ երկու դար առաջ ինչ-որ մի ժամանակահատվածում՝ կլոր ամրոց, սև քարեր, պատերից կախված ջահեր, ջրհոր և այլն։ 


Ջրհորն ունի 30 մետր խորություն։ Այնտեղից նախկինում զինվորները ջուր են վերցրել։ Բերդի պատերին տեղ-տեղ փորագրություններ կան, որոնք արել են ռուս զինվորները՝ գրելով իրենց անունները և այն քաղաքների անվանումները, որտեղից եկել են։ 
Բերդի տարածքից գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի քաղաքի տարբեր հատվածներ՝ նորակառույց Մուշ թաղամաս, Կարմիր բերդ, երևում են եկեղեցիներ, Ախուրյան գետը։ 
Նյութը պատրաստվել է «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ։

Լիլիթ Դեմուրյան

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ