Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Բյուրականի աստղադիտարանի տարածքում կստեղծվի դենդրոպարկ


ԵՐԵՎԱՆ,  20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրականի Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանում կստեղծվի բուսական լավագույն ծառատեսակներով դենդրոպարկ:  Այս  կապակցությամբ նոյեմբերի 20-ին ՀՀ բնապահպանության նախարարության և աստղադիտարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կարևորեց  աստղադիտարանի հետ համագործակցությունը և դենդրոպարկի հիմնադրումը:

«Չափազանց կարևոր է, որ Հայաստանի խոշորագույն գիտական կառույցը արժևորում է շրջակա միջավայրի պահպանությունը: Այդ շրջանակում կյանքի կկոչվի աստղադիտարանի տարածքում դենդրոպարկի հիմնադրման գաղափարը: Գործադրվելու են բոլոր ջանքերը, որպեսզի աստղադիտարանի տարածքը բերվի այնպիսի մի տեսքի, որն առաջին հերթին կնպաստի փոշու վերացմանը, կբարձրացնի գիտնականների աշխատանքի արդյունավետությունը և ավելի կակտիվացնի գիտական և ճանաչողական այցելությունները աստղադիտարանի տարածք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Նրա խոսքով` աստղադիտարանի հետ համագործակցությունը կլինի շատ ավելի լայն, և  տիեզերական գիտությունը հետագայում կօգտագործվի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը նշեց, որ աստղադիտարանը հարուստ բուսաբանական այգի ունի և ամբողջ տարածքը բնապահպանական տեսանկյունից իրենից մեծ արժեք է ներկայացնում:

«Աստղագետները կարևորում են բնապահպանական խնդիրների լուծումը, և այս առումով հուշագրի ստորագրումը շատ կարևոր քայլ էր: Դենդրոպարկը կվերածվի զբոսաշրջային կենտրոնի, որովհետև ներկայումս աստղադիտարանը մեծ հետաքրքրություն է վայելում թե տեղական, թե արտասահմանյան զբոսաշրջիկների շրջանում»,- ասաց Միքայելյանը:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ