1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գրադարանը կհարստանա նոր գրքերով

Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գրադարանը կհարստանա նոր գրքերով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի սահմանամերձ Բաղանիս գյուղի գրադարանը կհամալրվի նոր գրքերով: Այդ կապակցությամբ նոյեմբերի 20-ին «Միրզոյան գրադարան»-ում տեղի ունեցավ միջոցառում, որի շրջանակում բազմաթիվ հայտնի ստեղծագործողներ՝ գրողներ, դերասաններ, հաղորդավարներ, երաժիշտներ, իրենց սիրած գրքերով միացան նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց, որ քաղաքակրթության կարևոր գրավականներից մեկը գիրքն է: «Ինձ հետ բերել եմ իմ մտերիմ ընկերոջ` Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գիրքը, սակայն իմ սիրելի ստեղծագործությունները շատ են: Ուրախ եմ, որ դրանք իրենց ուրույն տեղը կունենան Բաղանիս գյուղի գրադարանում»,-ասաց նա:

Հաղորդավար Արման Մարգարյանը խոստովանեց, որ բանակում ծառայելիս շատ է ցանկացել հետաքրքիր ու բովանդակալից գրքեր կարդալ, սակայն իրենց զորամասի գրադարանն այդ հնարավորությունը չի ընձեռել: Նա շեշտեց, որ եթե Բաղանիսի գրադարանում լավ ստեղծագործությունների լայն ընտրանի լինի, ապա բնակիչներն անպայման կկարդան դրանք: «Բերել եմ մի զարմանալի գիրք, որում հետաքրքրաշարժ պատմություններ են հայտնի մարդկանց մասին, որոնք դպրոցում լավ չեն սովորել, բայց հետագայում մեծ հաջողությունների են հասել»,-ընդգծեց հաղորդավարը:

Հեռուստատեսային և ռադիոհաղորդավար Լուսինե Բադալյանը ողջունեց այդ նախաձեռնությունն ու ասաց, որ արմատներով սահմանամերձ գյուղից է ու գիտի, որ այդ վայրերի բնակիչները, հատկապես երիտասարդները, զբաղվածության լուրջ խնդիր ունեն, իսկ գիրքը կարող է նրանց լավ ընկերը դառնալ:

«Սա հրաշալի ծրագիր է: Կարծում եմ` Բաղանիսի բնակիչներին կոգևորի այն փաստը, որ հեռուստատեսությամբ հաճախ ելույթ ունեցող մարդիկ իրենց սիրած գրքերը նվիրում են գյուղի գրադարանին: Ասեմ, որ բավականին դժվարությամբ եմ բաժանվում իմ նախընտրած գրքերից: Քանի որ մասնագիտությամբ պատմաբան-արվեստաբան եմ, բերել եմ հայոց պատմության կարևորագույն էջերին վերաբերող երեք գիրք, որոնց կհետաքրքրեն շատերին»,-նշեց հաղորդավարուհին:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` այս միջոցառումը գրքի շուրջ է համախմբում բոլորին: «Բերել եմ իմ սիրելի հեղինակներ Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի և Կոստան Զարյանի գրքերը»,-ընդգծեց նա:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]