1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գոշավանքի ս. Աստվածածին եկեղեցու տանիքածածկը նորոգվում է

Գոշավանքի ս. Աստվածածին եկեղեցու տանիքածածկը նորոգվում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին կառուցված կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն Գոշավանքի նորոգման, ամրակայման աշխատանքները շարունակվում են: Այս տարի վերականգնման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերին:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նոյեմբերի 19-ին լրագրողների ուղեկցությամբ այց կատարեց Գոշավանք՝ հետևելու իրականացվող աշխատանքներին:

«Ամրակայման գործընթացը սկսվել է դեռ 2012 թվականին: Չորս տարվա ընթացքում  ավարտվել են Մխիթար Գոշի դամբարանի նորոգման աշխատանքները, նորոգվել է եկեղեցու վեղարը: Այս տարի Ս.Աստվածածին եկեղեցու տանիքածածկի մի մասն է  փոխվել, սակայն աշխատանքները չեն կարող շարունակվել եղանակային վատ պայմանների պատճառով: Դրանք նոր թափ կստանան գարնանը:  Եկեղեցու տանիքի ծածկն ամբողջությամբ նորոգելն առաջնահերթություն է մեզ համար: Հաջորդ տարի անհրաժեշտ է ավարտին հասցնել դա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Արմեն Ամիրյանը շեշտեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի աշխատանքի ձգձգում, անհեռատես պլանավորում է եղել, անփույթ վերաբերմունք: Նա ասաց, որ հուշարձանների ամրակայման, վերականգնման հարցում անհրաժեշտ է խիստ հսկողություն սահմանել: Մինչ օրս եղել է տեխնիկական, հեղինակային հսկողություն, սակայն դա այնքան էլ արդյունավետ չէ:

Այս տարի դրանց ավելացել է նաև հանրային վերահսկողությունը լրագրողների օգնությամբ: Նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել հոգևոր սպասավորների հետ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին աշխատանքների կատարման գործում գրանցամատյանների օգնությամբ վերահսկողություն սահմանեն, որ պարզ դառնա՝ շինարարը երբ է գալիս աշխատանքի, օրվա ընթացքում որքան գործ է կատարում: Հաջորդ տարի հանրային վերահսկողությունն էլ ավելի կընդլայնվի հուշարձանների տարածքում տեղադրվող տեսախցիկների միջոցով:

Անդրադառնալով գալիք տարի Գոշավանքում իրականացվելիք ծրագրերին՝ Ամիրյանն ընդգծեց, որ նախարարությունը ցանկանում է վերականգնել վանքի գրադարանը, որը նախկինում բավականին հարուստ է եղել: Պատերազմների ժամանակ տեղացիներն իրենց ունեցվածքը տվել են հարձակվողներին, միայն թե նրանք չդիպչեին գրադարանին: Սակայն ԽՍՀՄ տարիներին ակտիվիստ կոմունիստները հրկիզել են այն: Վերականգնվող գրադարանի նախագիծն արդեն կա: Այն կունենա գործող ընթերցասրահ:

Նախկինում Գոշավանքի տարածքում նաև թանգարան է եղել, որը, սակայն, ներկայումս չի գործում: Նախարարն ասաց, որ իրենք ցանկանում են նոր թանգարան կառուցել:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԱՐՀՈՎՇԻՆ» կազմակերպությունը:

Գոշավանքը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին՝ Գետիկ գետի աջ ափին: Այն 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը և այստեղ տեղափոխել միաբանությունը: Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք:

Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ, քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն: Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի վարժապետարանի ավանդները: Գոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը:

Գոշավանքի համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում խաչքարերը, որոնց շարքում առանձնանում են վարպետ Պողոսի ասեղնագործ նրբությամբ քանդակած զույգ խաչքարերը՝ դրված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատի առջև, մուտքի երկու կողմերում (հարավային խաչքարը 1935 թվականին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան: Հյուսիսային կողմում մնացած խաչքարը, ըստ արձանագրության, 1291 թվականին կանգնեցրել է Սարգիս վարդապետը): 13-րդ դարի վերջին Դասապետ վարդապետը և իր մորեղբայր Իգնատիոսը նորոգել են Ս. Աստվածածին եկեղեցին, պարսպապատել, այգի տնկել, որի բերքի մի մասը հատկացվել է վանքի հյուրանոցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]