Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։ Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։Քննարկվել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։ 

Եվրոպական Խորհրդարանում տապալվել է ադրբեջանական խեղաթյուրումների մասշտաբային փորձը, որը նպատակ ուներ հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ ստվերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացումը: Ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերը հնարավոր եղավ տապալել Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության,  Բրյուսելում  գործող հայ ազգային լոբբիստական կազմակերպությունների կողմից իրականացված նպատակային աշխատանքի շնորհիվ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման արդյունքներով համանախագահները հայտարարություն են տարածել. «Համանախագահներն արտաքին գործերի նախարարների հետ քննարկել են 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացած գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանն ուղղված հստակ քայլեր, ինչպես նաև Ժնևում համանախագահների կողմից բարձրացված այլ հարցեր: Հանդիպումների ժամանակ համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են ներկայում բանակցային սեղանին գտնվող մի շարք աշխատանքային առաջարկներ: Նախարարները համաձայնել են հանդիպել 2017 թվականի դեկտեմբերին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում: Համանախագահները կնախապատրաստեն այդ հանդիպման օրակարգը, որը կներառի քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր, ինչպես նաև շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված հստակ միջոցներ: Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերջնական աշխատանքներին»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հեծանիվ հնարելը բավական դժվար է: Եթե Ադրբեջանը մի փոքր աչալուրջ լինի այն կոչերին, որոնք ներկայացնում են եռանախագահող երկրները, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ տանելու եւ արդյունքներ ունենալու համար: Այս մասին ԱԳ նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Անդրադառնալով Բաքվից վերջերս հնչեցված ԼՂ հիմնախնդրի բանակցություններից կոնկրետ արդյունք ունենալու հայտարարություն-պահանջին՝ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին, որովհետեւ բանակցային գործընթացին այլընտրանք չկա:

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նա եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում. «Առաջին անգամ եմ լինում թանգարանում եւ խորապես ցնցված եմ այն տառապանքներից, որոնք կրել է հայ ժողովուրդը։ Սարսափելի եւ ահավոր է»։ 

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հենց նա է Բրազիլիայի Սենատում 2015-ի մայիսի 27-ին որպես օրենսդիր մարմնի անդամ նախաձեռնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը: Ալոիզիո Նունես Ֆերեիրան Երևանում ՀՀ ԱԳ նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին անդրադարձավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելությանը. «Ես գիտեմ հայ ժողովրդին պատուհասած ողբերգության մասին եւ այսօր շատ մեծ հուզմունքով այցելեցի Երեւանում այդ սոսկալի իրադարձություների զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը: Նա նշեց, որ նման երևույթներ չպետք է կրկնվեն: «Խոսքը միայն Հայաստանին չի վերաբերում, այլ ողջ մարդկությանը եւ դրա մասին պետք է մշտապես խոսել: Անհանդուրժողականությունը, մարդատյացությունը տեղ չունեն, եւ դուք կարող եք վստահ լինել իմ համերաշխությանն այս հարցում»։

Հայաստան և աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ Է հղել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի կազմավորման 300-ամյակի հանդիսությունների մասնակիցներին: Պետության ղեկավարի հեռագրի տեքստը նոյեմբերի 15-ին հրապարակվել Է Կրեմլի կայքում։

Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տալիս է դրական արդյունքներ: Կրեմլում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ երկու երկրների նախագահների թիմերը լարված աշխատում են այս տարվա մարտին Մոսկվա կատարած ՀՀ Նախագահի այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: «Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում քաղաքական կապերի, անվտանգության ոլորտներում մեր համագործակցության մասին, այլև տնտեսության մեջ: Անցած տարի արդեն սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է, և ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

 

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարում ակնհայտ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով: Կրեմլում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված կտավը հանձնեց Նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀ Նախագահը շնորհակալություն հայտնեց ռուսաստանցի գործընկերոջը՝ նկարը Հայաստանին վերադարձնելու համար: «Ուրախ եմ այս նկարը Հայաստանին փոխանցելու համար: Այն տարիներ առաջ գողացվել էր, սակայն նախորդ տարի գտնվեց: Ուրախ եմ ասել, որ Հայաստանում այսուհետ կրկին հնարավորություն կունենան տեսնել այս նկարը»,- իր հերթին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախագահ Սերժ Սարգսյանն Կրեմլի պալատում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և մշակութային ոլորտներում: Նախագահներ Սարգսյանը և Պուտինը բարձր են գնահատել փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը երկու երկրներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հայաստանն ու Ռուսաստանը միասնական են երկու երկրների բազմաշերտ փոխգործակցությունը բարձր գնահատելու հարցում: Երկկողմ կապերը հաջողությամբ և դինամիկ կերպով զարգանում են բոլոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների` ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Տրետյակովյան պատկերասրահում «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացման հանդիսավոր արարողությանը իր խոսքում նշեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելին: Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական հիացմունքն ու երախտագիտությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր առաջ են տանում քաղաքակրթությունը՝ դառնալով ժամանակի խորհրդանիշներ: Նախագահի նստավայրում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի, Հանրապետության Նախագահի անունից տրվել է ընդունելություն: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը համոզված է՝  Հայաստանը ճիշտ ուղու վրա է, որպեսզի կերտի թվային հասարակություն:  «Դուք իսկապես հավատում եք, որ կարող եք ձեր երկիրն հասցնել ապագայի հանգրվանին: Հաջողության միջավայր ստեղծելու համար կան երեք գործոններ, որոնցից առաջինը կրթությունն է՝ բոլոր հարթություններում: Այսօր աշխարհն ավելի արագ է փոխվում, իսկ տեխնոլոգիայի միջոցով զարգացումը միայն ու միայն արագանալու է, աշխարհի քաղաքացիները դրան պետք է պատրաստ լինեն ոչ միայն իրենց կրթությամբ, այլ նաև ամենօրյա կենսափորձով: Ցանկացած ծրագիր, որը կստեղծեք, որպեսզի շարունակաբար ձեզ և ձեր քաղաքացիներին կրթեք, այնքան ավելի լավ կլինի ձեր տնտեսության համար և այդ պարագայում կլինի նոր զարգացումների հնարավորություն»,- ասաց Թոնի Ֆադելը: ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցավ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկված ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրարի մարումը: Ծրարի վրա պատկերված է 2017 թվականին ՏՏ ոլորտում Նախագահի մրցանակին արժանացած 8-րդ դափնեկիրը՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը: Հատուկ ծրարի վրա պատկերված են նաև նախորդ տարիների յոթ մրցանակակիրները:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլին: ՀՀ Նախագահը վերահաստատել է հայ-նիդերլանդական բարեկամությունն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով առավելագույնս ամրապնդելու Հայաստանի շահագրգռվածությունը: Նախագահը մեծապես կարևորել է նաև համագործակցությունը միջազգային կառույցներում։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային: Բարձր գնահատելով հայ և բրազիլացի ժողովուրդների պատմական բարեկամության և մշակութային ու բազմաթիվ այլ ընդհանրությունների ամուր հենքի վրա խարսխված միջպետական հարաբերությունները՝ Նախագահն այդ բարեկամության ամրապնդման գործում մեծապես կարևորել է Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի անձնական ներդրումը: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ղեկավար, հայտնի սրտաբան, վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիային, ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով եռօրյա այցով ժամանել է Հայաստան՝ բժշկական կենտրոնների հետ համագործակցություն զարգացնելու, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:

Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կարևորագույն իրադարձություններից մեկն ակնկալվում է, որ կլինի ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Այս թեմային իր հոդվածում անդրադարձել է New Europe կայքի հոդվածագիր Վիոլետա Ռուշևան: «Եթե հաջորդ շաբաթ Հայաստանը Բրյուսելում ստորագրի համաձայնագիրը, այն կլինի ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ առաջին երկիրը, որը շրջանակային համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ: Թվում է, թե Հայաստանը, որը գտնվում է Արևելքի հետ ավանդական կապերի ու Արևմուտքին ինտեգրվելու ցանկության միջև, ընտրել է երկրորդ տարբերակը»,- գրել է հեղինակը:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2017թ. հոկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացման օրենքի նախագծին: Համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար:

ԱՊՀ և ԵԱՏՄ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման հիմնախնդիրների քննարկման նպատակով Երևանում մեկ հարկի տակ հավաքված մեդիա-փորձագետները միակարծիք են՝ ինտեգրացիան ինքնանպատակ չէ, այն կոնկրետ նպատակ ունի: Այդ նպատակին հասնելու համար պահանջվում է որոշակի ռեսուրս, որոնցից մեկն էլ ինֆորմացիան է: «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» թեմայով մեդիաֆորումին ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն ընդգծեց, որ քննարկմանը փորձ է արվելու ներկայացնել ինչպես ինտեգրացիայի, այնպես էլ նրա լուսաբանման հետ կապված տարբեր տարրեր:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի դիտարկմամբ` այսօր պետություններն աշխարհում հանդես չեն գալիս որպես մեկուսացած կղզիներ: Արագ փոփոխվող աշխարհում առկա են գործընթացներ, որոնք թե պետությունների, թե լրատվամիջոցների համար ձևավորում են նոր մարտահրավերներ: Այդ մարտահրավերների պատասխանները հաճախ քաղաքացիները փնտրում են լրատվամիջոցների էջերում: «Այդ իսկ պատճառով լրատվամիջոցների միջև հանդիպումներն ու նմանատիպ քննարկումները հնարավորություն են տալիս համադրել ուղղությունները, հասկանալ, թե ինչպես են մտածում գործընկերները: Ուրախ եմ մեր գործընկերներին հյուրընկալելու այստեղ, և միասին հասկանալու, թե որն է ինտեգրման հաջողության բանաձևը»,-ասաց նա:

Մեդիաֆորումի ընթացքում «Արմենպրես»-ի և «ԲԵԼՏԱ» բելառուսական պետական լրատվական գործակալության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը և «ԲԵԼՏԱ»-ի տնօրեն Դմիտրի Ժուկը։ «Այս հուշագիրը հնարավորություն կտա մեզ ավելի ինտենսիվ օգտվել միմյանց տեղեկատվական հոսքերից։ Մենք կկարողանանք լայնորեն լուսաբանել երկու երկրներում տեղի ունեցող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործընթացները, ստեղծել համագործակցության նոր հարթակներ։ Պատրաստվում ենք համատեղ իրականացնել միասնական նախագծեր և ծրագրեր»,- ասաց Արամ Անանյանը։ 

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և այլ օրենքներ։ ՀՀ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսիական «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության, ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Կասկադ էներգո-Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի բացման արարողությանը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելությունից հետո Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, այլ պաշտոնատար անձանց ու հյուրերի հետ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի մեկ այլ ձեռնարկի՝ ռուսաստանյան խոշորագույն «Ռիո» ցանցի մաս կազմող «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի բացման արարողությանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջիկա տասը տարվա ներդրումային ծրագրով ֆինանսական միջոցների 30 տոկոսը կուղղվի լարման ցանցերում սարքավորումների արդիականացմանը:  «Տաշիր» խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2018- 2027 թթ. ներդրումային ծրագիրը կազմում է 248 միլիարդ 224,9 միլիոն դրամ (առանց ավելացված արժեքի հարկի), որից 6 միլիարդ 276,1 միլիոն դրամը՝ 2018 թվականին:

ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագիծը: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի առնչությամբ դժգոհություն ունեցող ուսանողներն Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում հանդիպումից հետո հայտարարեցին հացադուլը դադարեցնելու և նորմալ դասապրոցեսի վերադառնալու մասին: Հանդիպմանը միացել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: 

Կառավարությունը քննարկեց և հավանություն տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին փաթեթի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ՏՏ ոլորտով զարգանալու համար: Հանրապետության բոլոր մարզերից ՏՏ ոլորտով հետաքրքրվող ավելի քան 200 երիտասարդ հավաքվել էին Գյումրիում՝ ծանոթանալու ոլորտի խնդիրներին ու ձեռքբերումներին՝ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի օրինակով: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ համաժողովի անվանումը ճիշտ նպատակ է արտահայտում. Հայաստանում խնդիր է դրվել զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսության առաջ մղող ուղղություններից մեկը, որը ներդրումների ներգրավման և արտահանման մեծ ներուժ ունի:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը: Դատախազ Արամ Արամյանը հանդես եկավ մեղադրական ճառով և պահանջեց Սամվել Բաբայանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 7 տարի ազատազրկում:

Ակնաշեն բլուր-բնակատեղիում այս տարի իրականացված պեղումները վաղագույն արտադրող տնտեսության փաստեր են ի հայտ բերել: Աարշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանն ասաց, որ հնավայրը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է:

Սփյուռք

Թուրքիայի քաղաքական ասպարեզում հայտնված նոր՝ «Լավ» կուսակցությունը, որի հիմնադիրը նախկին պաշտպանության նախարար Մերալ Աքշեներն է,  լուրջ հայտ է ներկայացնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեջլիս մտնելու համար: Շատերն այս կուսակցությանը միանալու նպատակով լքել են «Ազգայնական շարժում» կուսակցության շարքերը: Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը վերջին օրերին կենտրոնացած է այն տեղեկատվության վրա, որ կուսակցության հիմնադիր անդամների շարքում երկու հայ կա:

Ստամբուլի Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի, ինչպես նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշ խորհրդականների հետ: Այս մասին գրել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը՝ ընդգծելով, որ պատրիարքական ընտրությունների կազմակերպման հարցում առկա բարդությունների պարագայում իրականացված նման հանդիպումները հատկապես մեծ ուշադրություն են գրավում: Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է մի շարք մանրամասներ փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի և նախագահ Էրդողանի որոշ խորհրդականների հետ հանդիպման վերաբերյալ: Շիրինօղլուն հայտնել է, որ Անկարա գնալու պատճառը Չավուշօղլուին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորելն է եղել (Հաքան Չավուշօղլուն փոխվարչապետի պաշտոնին է նշանակվել 2017 թվականի հուլիսի 19-ին): «Խնդրեցի, որպեսզի շուտափույթ կերպով որոշում կայացվի պատրիարքական ընտրության վերաբերյալ, սակայն Չավուշօղլուն հայտնեց, որ պատրիարքի ընտրության հարցով զբաղվում է ներքին գործերի նախարարությունը: Նաև տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս նախարարությունն այս հարցով հանդես կգա հայտարարությամբ»,- ասել է Շիրինօղլուն:

530 հազար ԱՄՆ դոլար գումար է հավաքագրվել կանադահայ համայնքի կողմից։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում Տորոնտո քաղաքում ավելի քան 400 կանադահայեր մասնակցել են նվիրատվությանը։ Ճաշկերույթի ընթացքում տեղի է ունեցել նաև աճուրդ։ Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։

Ստամբուլի հայկական Դադյան դպրոցի աշակերտները Անկարայում այցելել են Թուրքիայի մեջլիս: Մեջլիսում նրանք հանդիպել են հայ պատգամավորներ Գարո Փայլանի, Սելինա Դողանի և Մարկար Եսայանի հետ:

Միջազգային խճանկար

Իրանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 530-ի, հայտնել են իրանական ԶԼՄ-ները: Ավելի վաղ հաղորդվել Էր առնվազն 445 մարդու զոհվելու մասին: Երկրաշարժն զգացվել Է հանրապետության յոթ նահանգներում, որոնցում այս կամ այն չափով տուժել են 1650 քաղաքներ ու բնակավայրեր: Ամբողջովին ավերվել Է 12 հազար տուն, եւս նույնքանն զգալի վնասվածքներ են ստացել: Տուժածների թիվը գերազանցել Է 7 հազարը: Շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: 

Արական սեռի Մուհամեդ եւ Մոհամադ մուսուլմանական անունը նորածինների ամենատարածված անուններից մեկն Է դարձել Ավստրիայի մայրաքաղաքում:

Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարք արտադրող այն իսրայելական ընկերության դեմ, որի արտադրանքի միջոցով Ադրբեջանը 2017 թվականին ԱԹՍ փորձարկման ժամանակ փորձել էր ռմբակոծել հայկական դիրքերը:

Եվրամիության մեջ մտնող 23 երկրների ներկայացուցիչներ Բրյուսելում համատեղ հայտարարություն են ստորագրել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում մշտական համակարգված համագործակցության (PESCO) վերաբերյալ:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իսկ այնուհետեւ ընդլայնված կազմով խոսել են Սիրիայի մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ նախագահները դեմառդեմ զրուցել են երկու-երկուսուկես ժամ: Դրանից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, որոնց մասնակցել են պատվիրակությունները: Բանակցությունները, Պեսկովի խոսքով, բարդ Էին, դրանց մանրամասները հրապարակման ենթակա չեն:

Թուրքիայի մեջլիսում մերժվել է Paradise Papers-ի օֆշորային սկանդալում վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների ներգրավվածությունը հետաքննելու մասին քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջարկը: 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ընդունել Է բանաձեւ Օլիմպիադայից մեկ շաբաթ առաջ եւ Պարալիմպիադայից մեկ շաբաթ հետո զինադադարի վերաբերյալ:

Մշակույթ

Մոսկվայում Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողություն։ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում բացվեց մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այն հանդիսավորությամբ բացվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: 

 

«Ռոլան» մանկապատանեկան 13-րդ միջազգային փառատոնի «Գրան Պրի» մրցանակին է արժանացել Ռուսաստանը ներկայացնող ռեժիսոր Վալերի Իգնատևի 2015-ին նկարահանած «Երկուսով դաշնամուրի առջև» ժապավենը:

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկելու Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:

Սպորտ

Սամբոյի Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Մխիթարյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Սոչիում կայացած մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում 52 կգ քաշային նա  եզրափակչում 7:0 հաշվով գերազանցել է Ղրղզստանի ներկայացուցչին։Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ`Վաչիկ Վարդանյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Կիպրոսին (3։2)։ 

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 տարեկանների թիմը ոչ-ոքի է խաղացել Լյուքսեմբուրգի ընտրանու հետ՝ 2:2 հաշվով: Հայաստանի թիմը իր ենթախմբում հավաքեց միայն 2 միավոր և գրավեց միայն երրորդ տեղը: Այս ենթախմբի հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Շոտլանդիան և Չեխիան:

Իսպանական Marca հայտնի հանդեսը Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը չմասնակցող ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականում

Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող «Միկի` հայ հերոսը» ֆիլմը, որը նկարահանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի MUTV-ն, արդեն համացանցում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]