Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում մեկնարկեց առաջին հանրապետական հայ-թեք համաժողովը

Գյումրիում մեկնարկեց առաջին հանրապետական հայ-թեք համաժողովը
 ԳՅՈՒՄՐԻ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ՏՏ ոլորտով զարգանալու համար: Հանրապետության բոլոր մարզերից ՏՏ ոլորտով հետաքրքրվող ավելի քան 200 երիտասարդ նոյեմբերի 17-ին հավաքվել էին Գյումրիում՝ ծանոթանալու ոլորտի խնդիրներին ու ձեռքբերումներին՝ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի օրինակով: Առաջին անգամ անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հանրապետական ամենամեծ հայ-թեք համաժողովի նպատակն է բացահայտել կրթությունից բիզնես անցնելու հնարավորությունները և մարտահրավերները, քննարկել և բացահայտել ՀՀ կառավարության դերը մարզերում՝ բիզնես միջավայրի ստեղծման գործընթացում, նպաստել մարզերում բիզնես միջավայրի զարգացմանը, ցույց տալ Շիրակի մարզի հաջողված փորձը բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների՝ կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորման գործընթացներում: Երկօրյա համաժողովի արդյունավետության համար նախաձեռնողները ոչ միայն նախատեսել էին պանելային երեք քննարկում՝ «Բիզնես միջավայրի աջակցություն», «Բիզնես մտածելակերպի խթանումը մարզերում», «Առաջընթացը կրթության ոլորտում` ՀՀ զարգացման գրավական», այլ նաև վորքշոփեր միջազգային և տեղական փորձագետների կողմից: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ համաժողովի անվանումը ճիշտ նպատակ է արտահայտում. Հայաստանում խնդիր է դրվել զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսության առաջ մղող ուղղություններից մեկը, որը ներդրումների ներգրավման և արտահանման մեծ ներուժ ունի: Միաժամանակ, Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականի մեջ առանցքային կարևորություն ունի մարզային և համայնքային զարգացումը: «Այս երկուսի համադրումը ցանկալի արդյունք կարող է ապահովել: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է մարզում հիմնել և զարգացնել մի կառույց, որը խթանում է տեխնիկական և գործարար հմտությունների զարգացումը, նպաստում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն հետազոտմանն ու զարգացմանը, իրականացնում մտքի և տաղանդի կոմերցիալիզացիա և այն վերածում գործող հաջողակ բիզնեսների», -նշեց կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մոտ երեք տարվա գործունեության արդյունքում Տեխնոլոգիական կենտրոնն արդեն ստեղծել է շուրջ 200 աշխատատեղ, ունի մոտ 100 շահառու կազմակերպություն, տարեկան պատրաստում է ավելի քան 500 մասնագետ: Կենտրոնում գործում են 25 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ: Դրանցից շատերն իրենց լուծումներն արտահանում են Հայաստանից դուրս: Վարչապետի համոզմամբ, այս ամենից շահում են մեր քաղաքացին, քաղաքն ու մարզը, և գործընթացը դրական է ազդում մեր երկրի տնտեսության զարգացման վրա:

Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումն անմիջական կապ ունի ստրատեգիական նշանակություն ունեցող Թվային օրակարգի հետ, որը ձևակերպելու և իրականացնելու համար «Թվային Հայաստան» հիմնադրամը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն աշխատում են միասին: «Վստահ ենք, որ համաժողովին մարզային երիտասարդության մասնակցությունը, նրանց կողմից Գյումրիում տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ արձանագրված հաջողության պատմություններին ծանոթանալը, ինչպես նաև տեղական ու միջազգային փորձագետների ներգրավմամբ կամակերպվելիք աշխատաժողովներին մասնակցությունը, մեծ խթան կհանդիսանան երիտասարդների համար՝ մուտք գործելու տեխնոլոգիական ոլորտ, դառնալու հաջողակ ձեռներեցներ, նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը››,-ողջունելով բոլոր ներկաներին՝ նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Համաժողովի բոլոր հյուրերին շնորհավորեցին և բարի ու արդյունավետ աշխատանքային ընթացք մաղթեցին նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ԵՄ համագործակցության բաժնի պետ Հոա-Բինհ Աջեմյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Համաժողովն անցկացվում է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ գործակցությամբ (ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից և իրականացվում GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից):

Համաժողովի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և Թվային Նուռ ընկերության հիմնադիր Թոդ Ֆաբաքերի միջև կնքվեց հուշագիր՝ ՀՀ ճանապարհների թվայնացման պիլոտային ծրագրի մեկնարկի մասին: Այս ծրագրի մեկնարկը ևս Շիրակից է:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]