Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայաստանը թվային հասարակություն կերտելու ճիշտ ուղու վրա է, այնպիսին, ինչպիսին աշխարհը երբևէ չի տեսել. Թոնի Ֆադել

Հայաստանը թվային հասարակություն կերտելու ճիշտ ուղու վրա է, այնպիսին, ինչպիսին 
աշխարհը երբևէ չի տեսել. Թոնի Ֆադել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը համոզված է՝  Հայաստանը ճիշտ ուղու վրա է, որպեսզի կերտի թվային հասարակություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման ժամանակ Թոնի Ֆադելը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին, վարչապետին, հանձնաժողովին՝ մրցանակին առաջադրելու և իրեն ՀՀ Նախագահի մրցանակին արժանացնելու համար:

«Դուք իսկապես հավատում եք, որ կարող եք ձեր երկիրն հասցնել ապագայի հանգրվանին: Հաջողության միջավայր ստեղծելու համար կան երեք գործոններ, որոնցից առաջինը կրթությունն է՝ բոլոր հարթություններում: Այսօր աշխարհն ավելի արագ է փոխվում, իսկ տեխնոլոգիայի միջոցով զարգացումը միայն ու միայն արագանալու է, աշխարհի քաղաքացիները դրան պետք է պատրաստ լինեն ոչ միայն իրենց կրթությամբ, այլ նաև ամենօրյա կենսափորձով: Ցանկացած ծրագիր, որը կստեղծեք, որպեսզի շարունակաբար ձեզ և ձեր քաղաքացիներին կրթեք, այնքան ավելի լավ կլինի ձեր տնտեսության համար և այդ պարագայում կլինի նոր զարգացումների հնարավորություն»,- ասաց Թոնի Ֆադելը:

Նրա խոսքով, երկրորդ գործոնը վերաբերվում է պետական կառավարմանը և կառավարման միջոցով առաջնորդելուն: Ֆադելի համոզմամբ, այսօր ՀՀ  կառավարությունն ունակ է, կարող է ոչ միայն նոր տեխնոլոգիաները կառավարության ներսում կիրառել, այլ նաև ստեղծել օրենքներ և պետություն-մասնավոր գործընկերության միջոցով ձևակերպել թվային հասարակության էությունը, տվյալների մատչելիությունը՝ բնակչության բոլոր խմբերի համար: «Կարծում եմ, հավատացած եմ, որ Հայաստանը դա ունի, Նախագահի հետ խոսելուց հետո ես հավատում եմ, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, որպեսզի կերտի թվային հասարակություն, այնպիսին, ինչպիսին աշխարհը երբևէ չի տեսել, քանի որ դուք այստեղ ունեք միկրոտիեզերք: Եթե դիտարկեք ձեր ձեռնարկությունները, իրենք միշտ սկիզբ են առնում փոքրիկ թիմով: Դուք ունեք փոքր պետություն, բայց այն կարող է մեծանալ, եթե օգտագործեք ձեր ունեցած միկրոտիեզերքը, միկրոհամայնքը: Ես գիտեմ հայ ժողովրդի անխոնջությունը, եթե նույնիսկ լինեն վայրիվերումներ, դուք կհասնեք դրան, քանի որ կառավարությունն այդ աշխատանքը շարունակելու է, իսկ այս հոգեվիճակով դուք կկարողանաք կերտել թվային հասարակություն»,- վստահություն է հայտնել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակակիրը:

Նրա դիտարկմամբ՝ հաջողության միջավայր ստեղծելու երրորդ գործոնը պետություն-մասնավոր գործընկերությունն է: «Շատ կարևոր է, որպեսզի լինեք բաց և ընդունող ինձ նման մարդկանց, ներդրողների նկատմամբ, վարպետների համար, նրանց ներգրավեք ձեր հասարակության մեջ, ձեր ներկայացուցիչներին մեզ մոտ ուղարկեք և աշխարհից քաղեք առավելագույնը: Համոզված եմ, եթե կերտեք թվային հասարակություն ու դա անեք այլ երկրներից շուտ՝ աշխարհը կսկսի ձեզ, ձեր հաջողված փորձը ուսումնասիրել: Վստահ եմ, որ դուք դա կարող եք անել: Ըստ իս՝ այս գործոններն են ձեզ առաջ տանելու և ստեղծելու նոր աշխարհը՝ հենց այստեղ:

Եթե հավատացած եք, որ ապագան ձեր համոզմունքն է՝ կհասնեք դրան, եթե ճանապարհին շարունակեք հընթացս սովորել: Ես ձեզ մարտահրավեր եմ նետում, հուսով եմ՝ կվերադառնամ և կօգնեմ ձեզ, որպեսզի կառուցեք թվային հասարակություն, որպեսզի աշխարհին ցույց տաք, թե ինչ ասել է պատրաստ լինել հաջորդ հազարամյակին: Ինչպես այբուբենն եք ստեղծել, առաջինը քրիստոնեությունն ընդունել, այնպես էլ կարող եք լինել թվային հասարակության մեջ և կրկին անգամ դուք տոն կտաք՝ ինչպես անցյալում եք արել»,- ընդգծել է Ֆադելը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]