1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտունի գյուղում բացվեց մանկապարտեզ

Մարտունի գյուղում բացվեց մանկապարտեզ

ԳԱՎԱՌ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում նախադպրոցական տարիքի 20 երեխաների առջեւ իր դռները բացեց նորանորոգ ու կահավորված մանկապարտեզը, որի շինարարությունն իրականացվել է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցներով եւ Մարտունու գյուղապետարանի համաֆինանսավորմամբ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Մարտունի գյուղում 2014 թվականից ներդրումային ծրագրերի իրականացրած 8 կազմակերպությունների՝ «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության», «Շեն», «Վորլդ Վիժն Հայաստան», «Հայաստանի մանուկների հիմնադրամ», «Զարգացման սկզբունքներ», «Դասավադիր Հայաստան», «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամ», «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, Մարտունի գյուղի դպրոցի մանկավարժներ, ծնողներ:
Պատվավոր հյուրերին աղուհացով դիմավորեցին մանկապարտեզի սաները: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը: Այնուհետ հյուրերն այցելեցին նորաբաց մանկապարտեզի սենյակներ, ճաշարան եւ խոհանոց՝ տեղում դիտելու կատարված աշխատանքները, կահավորանքը, ստեղծված հարմարությունները: Մանկապարտեզն ընդունեց նաեւ իր առաջին սաներին, ովքեր իրենց ծնողների հետ տոնական տրամադրությամբ մուտք գործեցին հաստատության շենքից ներս:«Նման երազանք ունեցել են 1921 թվականից այս գյուղը հիմնադրած մեր պապերը, բայց այդ երազանքը հաջողվեց իրագործել մոտ մեկ դար անց, բարեգործ հայ մարդկանց շնորհիվ:Երբ մեր գյուղից ուրիշ տեղ բնակության տեղափոխված ընտանիքները լսեցին, որ մանկապարտեզ ենք բացում, վերադարձան գյուղ, ու հիմա մենք 20-ի փոխարեն 25 երեխա ենք ընդունելու: Այստեղ մեր մատաղ սերունդը կկրթվի հավուր պատշաճի, մեր գյուղը կամրանա ու կզարգանա: Սա մեզ համար մի ուրիշ տոն է, աննկարագրելի հաջողություն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Մուրադյանը:
«Այստեղ դրվել են համահայկական ջանքեր, եւ Մարտունի գյուղը կարողացել է լուծում տալ ամենաառաջնահերթ խնդիրներից մեկին:Այս ձեռնարկի արդյունքում մենք կունենանք ավելի կիրթ, ավելի հայրենասեր ու զարգացած սերունդ, մարդիկ սիրով կկապվեն իրնեց հող ու ջրին: Բարեսիրական կազմակերպությունների հետաքրքրությունները մի քանի ոլորտներում արդեն տվել են դրական արդյունք, իսկ շարունակությունը եւս կլինի տեսանելի: Ինձ մնում է շնորհավորել հերթական ձեռնարկի ավարտի ու նախադպրոցական հաստատության շահագործման առթիվ եւ վստահեցնել, որ Գեղարքունիքի մարզպետարանը հնարավորինս կաջակցի ձեզ՝ մանկապարտեզի գործունեությունը կանոնավոր կերպով ապահովելու համար»,-ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
Ինչպես ներկայացրեց «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության» ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը, Մարտունու մանկապարտեզի բացումը մեկն էր այն ձեռնարկներից, որն իրականացվել է մեկ նպատակի շուրջ համախմբված համահայկական 8 կազմակերպությունների համատեղ միջոցներով եւ ուժերով:«Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ Հայաստանում իրենց բազմամյա ավանդով եւ հեղինակությամբ հայտնի 8 հասարակական կազմակերպություն նախաձեռնեցին եռամյա համատեղ ծրագիր՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում կյանքի պայմանները բարելավելու նպատակով: Այս գյուղն ընտրվեց այն չափանիշով, որ նրա բնակիչները Մեծ եղեռնից վերապրած մարդկանց ժառանգներն են:2014 թվականից ի վեր վերը նշված կազմակերպությունների ռեսուրսներով բարեփոխումներ են իրականացվել Մարտունի գյուղի սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային, մշակութային, կրթական, առողջապահական եւ բնապահպանական ոլորտներում: Ընդհանուր առմամբ մեր համատեղ ուժերով Մարտունի գյուղում կատարվել է 79 միլիոն դրամի ներդրում, որը նպաստել է տարբեր ոլորտների զարգացմանը՝ գյուղտեխնիկայի ձեռքբերումից, ջրամատակարարման համակարգի կառուցումից, հղի կովերի տրամադրումից մինչեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման կազմակերպում, մանկապարտեզի ստեղծում, բուժկետի բացում, այլ բնույթի ծրագրերի իրականացում: Ինչպես մեր համագործակցությունը,այնպես էլ զարգացման ծրագրերը Մարտունիում եւ թիրախային այլ համայնքներում լինելու են շարունակական»,-նշեց Հարութ Ներսեսյանը:
Մարտունու մանկապարտեզի կառուցման համար «Շեն» հիմնադրամը տրամադրել է շուրջ 21 միլիոն դրամ: Մարտունու գյուղապետարանի ներդրումը կազմել է 1 միլիոն 200 հազար դրամ: Մանկապարտեզի շինարարությանն աջակցել է նաեւ «Հայաստանի մանուկների հիմնադրամ»-ը՝ ֆինանսավորելով մանկապարտեզի սանհանգույցների նորոգումը:Մանկապարտեզը հիմնանորոգվել ու բացվել է Մարտունու դպրոցի շենքի անօգտագործելի տարածքում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի մայիսից եւ ավարտվել 2017 թվականի նոյեմբերի ընթացքում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]