Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մարտահրավեր եմ նետում, որ ստեղծեք ձեր սեփական միջավայրն ու չսահմանափակվեք ուրիշների գծած շրջանակով. Թոնի Ֆադել

Մարտահրավեր եմ նետում, որ ստեղծեք ձեր սեփական միջավայրն ու 
չսահմանափակվեք ուրիշների գծած շրջանակով. Թոնի Ֆադել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր կյանքում բազմաթիվ հաջողություններ, բայց նաև շատ ձախողումներ ունեցած Թոնի Ֆադելը հայ սկսնակ մասնագետներին խորհուրդ է տալիս ստեղծել սեփական պատկերացումներով աշխարհն ու չսահմանափակվել ուրիշների գծած շրջանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, «Apple» ընկերության iPod-ի ստորաբաժանման ավագ փոխնախագահ Թոնի Ֆադելն առաջին անգամ է Հայաստանում` ստանալու ՀՀ Նախագահի ՏՏ մրցանակը: «Ինձ հյուրընկալող բոլոր անձանց ուզում եմ երախտագիտությունս հայտնել, 7 տարի պահանջվեց, որ հասնեմ Հայաստան, այդքան ժամանակ է, որ Թոնի Մորոյանն ու ուրիշ ընկերներ հրավիրում են Հայաստան»,-տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների և ուսանողների հետ հանդիպմանն ասաց Սիլիկոնային հովիտի դեմքերից մեկը:

Լսարանին ուղղված իր ելույթում նա նշեց, որ իր կարիերան միայն հաջողության պատմություններ չի ներառում, ինքը բազմաթիվ ձախողումներ է ունեցել և սովորել նույն սխալն այլևս չկրկնել: «Ես միայն մի աշխատանք եմ ունեցել, որի շրջանակը մեկ ուրիշ անձի կողմից էր գծված, բոլոր մյուս աշխատանքները ես եմ ստեղծել զրոյից: Մարտահրավեր եմ նետում ձեզ, որ ստեղծեք ձեր պատկերացրած աշխարհը և լինեք այնպիսին, ինչպես դուք եք ուզում և չսահմանափակվեք ուրիշի ստեղծած շրջանակով: Ստեղծեք ձեր սեփական դիրքը, բայց հիշեք հաջողությունը գալիս է բազմաթիվ ձախողումներից»,-ասաց Թոնի Ֆադելը:

Նա նկատեց, որ Սիլիկոնային հովտում է արդեն 25 տարի, որից 10-ը ձախողված բիզնեսների շրջան էր իր կյանքում: Հետո եկան 90-ականների կեսերը, ինքը զբաղված էր փոքրիկ սարքերի ստեղծմամբ, ինչպես իր ընկերներից շատերը: Բայց երբ նրանք տեսան համացանցի գալուստը, արագ այդ դաշտում սկսեցին գործել: «Ես շարունակեցի նույն գործը, և 2001 թվականն էր, երբ «Apple»-ից հեռախոսազանգ ստացա, թե արդյոք պատրաստ եմ գնալ այնտեղ ու նախագծել iPod-ը: Ձեզ հայտնի իմ կարիերան այդ պահից է սկիզբ առնում,  բայց դրան նախորդել է երկարամյա փորձություն, ձախողումների շրջան, որի ժամանակ սեփական միջավայրի, սեփական «ես»-ի ստեղծմամբ էի զբաղված»,-ասաց Թոնի Ֆադելը:

Նա ներկաներին խորհուրդ տվեց համալսարանական կրթությունն ավարտելու հետո գտնել հետաքրքիր տեսլականով ընկերություններ, որոնց ղեկավարները հաջողության հասած առաջնորդներ են, և աշխատել նման միջավայրում` կուտակելով մեծ փորձ ու գիտելիք, այնուհետև ստեղծել սեփականը:

«Տարիքի հետ հասա մի հանգրվանի, երբ որոշեցի տարիներիս փորձն ու կուտակած գումարը ներդնել սկսնակներին օգնելու ուղղությամբ: Ամբողջ աշխարհում ավելի քան 200 փոքր ընկերությունների եմ օգնում: Ինչո՞ւ, որովհետև ես այսօր այստեղ կանգնած չէի լինի, եթե ժամանակին էլ ինձ նույն կերպ օգնած չլինեին բազմաթիվ մարդիկ»,-նշեց ՏՏ մասնագետը` հավելելով, որ 200 ընկերություններից շատերը տեղակայված են տարբեր երկրներում, տարբեր մշակույթների կրող են, բայց բոլորի հիմքում գործի նկատմամբ նվիրում ունեցող ձեռնարկատերեր են կանգնած: «Ուստի քաջալերում եմ ձեր ներսում փնտրեք ու գտեք ձերը, ստեղծեք ձեր սեփական երազանքը, լինի ձեր երկրում, թե տարածաշրջանում»,-եզրափակեց Թոնի Ֆադելը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017թ. մրցանակը
յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած անձանց: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի նախորդ տարիների դափնեկիրներն են` Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը (2016), «Kaspersky Lab» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, «Cisco systems» կորպորոցիայի Զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, Synaptics ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, Ինտել կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը (2010):

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]