Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մարտ

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ընտանիքում բռնության կանխարգելման օրինագծերի փաթեթին. այն զգալի փոխվել է


ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը քննարկեց և հավանություն տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին փաթեթի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ փաթեթի ընդունման նպատակները երկուսն են՝ մեկը կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել: Քննարկումների փուլում ավելացել է նաև երրորդ՝ համերաշխության վերականգնման նպատակը: «Ընդհանուր առմամբ, փաթեթով նախատեսվում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմանական միջոցներ՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական որոշում: Նախատեսվում է բռնության գործած անձի նկատմամբ մի շարք սահմանափակումներ՝ պաշտպանել որոշակի հեռավորություն տուժողից, չմտնել կոնտակտի մեջ, չկրել, չպահել զենք, անցնել բուժման կուրս՝ օրինակ` ալկոհոլամոլությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ պաշտպանական մեխանիզմները ևս սահմանափակումներ են ենթադրում, և խախտումների համար նախատեսված են քրեական և վարչական պատասխանատվության միջոցներ: «Անհետաձգելի միջամտության պարագայում տուժողի կամքը պարտադիր չէ, քանի որ շատ հաճախ տուժողները բողոքելու դեպքում կրկնակի են ենթարկվում բռնության», - նկատեց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ պաշտպանական որոշումը կախված է միայն տուժողի կամքից:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախատեսվում է երկու այլ ինստիտուտի ստեղծում, մեկը՝ սոցիալական աջակցության կենտրոնները տրանսֆորմացիայի պետք է ենթարկվեն, և երկրորդը՝ ապաստարաններն են: «Թեև թյուր կարծիք կա և կա նման հակընդդեմ շարժում, որով փորձում են օրենքում գոյություն չունեցող կարգավորումները ներկայացնել որպես օրենքի կարևորագույն թերություն: Պետք է մեկ անգամ ևս հայտարարեմ, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ սահմանափակման որևէ նոր հիմք և նոր հիմք չի պարունակում, որը կարող է խարխլել ընտանեկան արժեքները: Օրենքը բազմիցս քննարկել ենք տարբեր հարթակներում, պետք է նշեմ, որ առաջին տարբերակից մինչև այն տարբերակը, որ ներկայացնում եմ, մի շարք լուրջ փոփոխություններ են այստեղ ամրագրվել, ինչպես նաև ամրագրվել են մտահոգիչ հարցեր, օրինակ՝ արդյոք կարելի է անչափահասին վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան առանց ծնողի: Իրականում՝ ոչ և դա ստիպված կոշտ ամրագրել ենք, որպեսզի դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին», - ընդգծեց նախարարը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ