1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ Մոսկվայում բացվեց Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ Մոսկվայում բացվեց 
Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը

ՄՈՍԿՎԱ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում  նոյեմբերի 15-ին բացվեց մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այն հանդիսավորությամբ բացվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: 

Ինչպես Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ Նախագահը փաստեց, որ այսօր Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի մշակույթն անհնար է պատկերացնել առանց այնպիսի մեծությունների, որոնք են Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Միքայել Թարիվերդիևը և շատ այլ ականավոր գործիչներ, ովքեր դարձել են հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշեր:

«Պատահական չէ, որ Հայաստանի մշակույթի օրերը մենք բացում ենք 20-րդ դարի մեծագույն գեղանկարիչներից, համարձակ նորարար Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսով, ով վարպետորեն միավորել է Արևելքի գեղարվեստական ավանդույթները 20-րդ դարի ռուսական և եվրոպական մշակույթի նոր միտումների հետ: Իսկ տառացիորեն այսօր Մոսկվայում բացվել է մեծ վարպետին նվիրված հուշատախտակ այն տան պատին, որտեղ նա ժամանակին ապրել է: Դեռ կես դար առաջ Սարյանն ասել է. «Արվեստը կարող է մարդկայնացնել, մոտեցնել մարդկանց գիտության և տեխնիկայի բոլոր զարմանալի հայտնագործություններին»: Այսպիսին էր սարյանական աշխարհընկալումն ու մշակույթի ընկալումը, որը հավերժացած է նրա արվեստում համամարդկային և վերժամանակային արժեքներով: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կունենանք նոր սարյաններ ու այվազովսկիներ, խաչատրյաններ ու թարիվերդիևներ, իսկ մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը կհարստանա տպավորիչ և հետաքրքիր նախագծերով: Հարգելի՛ բարեկամներ, հատկանշական է, որ «Հայաստանի մշակույթի օրերն» անցկացվում են ոչ միայն Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, այլև Ռուսաստանի տարածաշրջաններում: Սա հրաշալի հնարավորություն է առավել մոտիկից ծանոթանալու միմյանց հետ, բացահայտելու մեր երկրի պատմության, մեր ժողովրդի մշակույթի անհայտ էջերը: Համոզված եմ, որ մշակութային այս մեծ նախագիծը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և դրանց հետագա փոխհարստացման համար: Ռուսական մշակույթի բացառիկ գրական և երաժշտական ժառանգությունը, Ռուսաստանի ճարտարապետական հուշարձանները, Ռուսաստանի ժողովրդի ավանդույթները միշտ մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր երկրում: Կարծում եմ՝ դա փոխադարձ է, և «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում կազմակերպված միջոցառումները հավասարապես հետաքրքրական կլինեն ինչպես մշակույթի և արվեստի գործիչների, այնպես էլ լայն հասարակայնության, մասնավորապես, երիտասարդ սերնդի համար: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին իր մասշտաբով եզակի այս իրադարձությանն աջակցելու համար: Հենց նմանատիպ նախաձեռնություններից էլ ձևավորվում է մեր բարեկամության կենդանի հենքը»,- ասաց Սերժ Սարգսյանը: 

ՀՀ Նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին նաև հռչակավոր նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը Հայաստանին վերադարձնելու համար, որը Հայաստանից գողացվել էր դեռևս 1995 թվականին: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուսաստանցի բարեկամներին` այսօրվա ցուցահանդեսի անցկացմանը հիմնավորապես և սրտանց մոտենալու համար, ինչպես նաև` միջոցառումների ամբողջ շարքին, որոնք կայանալու են Մշակույթի օրերի շրջանակներում»,- եզրափակեց Հանրապետության ղեկավարը: 

ՌԴ նախագահը նշեց՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը արձանագրվել է, որ երկու երկների հարաբերությունները զարգանում են արդյունավետ բոլոր ուղղություննեիով: «Կա փոխշահավետ համագործակցություն, մեր հարաբերություններն ունեն դարավոր պատմություն, ամուր հիմքերի վրա ձևավորված ավանդույթներ: Ռուսաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերը ևս մեկ հնարավորություն են մոտիկից ծանոթանալու դարավոր պատմություն ունեցող ժողովրդի մշակույթին, ավանդույթներին: Այսպիսի միջոցառումները էլ ավելի են ամրապնդում երկու ժողովուրդների կապերը»,- հավելեց նա:

Բացման արարողությունից հետո ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Սարյանի ցուցահանդեսի բացումը Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի գլխավոր իրադարձությունն է, որի շրջանակում ներկայացվելու է նկարչի 30 ստեղծագործություն:

«Շատ հետաքրքիր փաստ, երբ մենք քննարկում էինք, թե քանի նկար պետք է բերվի ցուցահանդեսի համար,  պարզվեց, որ շատ քիչ նկար է անհրաժեշտ: Այն տարիներին, երբ Մարտիրոս Սարյանը սովորելիս է եղել Մոսկվայում, Տրետյակովյան պատկերասրահը երիտասարդ նկարչից գնել է իր աշխատանքները: Կարծում եմ, որ դա Մարտիրոս Սարյանի աշխատանքների ամենամեծ գնահատականն է եղել: Այս ցուցահանդեսին ներկայացված կտավների հիմնական մասը պատկերասրահի սեփականությունն է»,- ասաց Արմեն Ամիրյանը: 

Ցուցահանդեսի ընթացքում  մեծանուն արվեստագետի աշխատանքների մի մասը բերվել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահից, Երևանում  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից:

«Այս ցուցահանդեսին մենք ցանկանում էինք ցույց տալ Սարյանի լավագույն աշխատանքները: Նրա ստեղծագործություններում զարմանալիորեն արևի լույս է ճառագում: Յուրաքանչյուր այցելու կարող է տեսնել, թե ինչ ջերմություն, ինչպիսի վառ գույներ կան»,- նշեց Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի համակարգող Լյուդմիլա Բաբրովսկայան:     

Ցուցահանդեսը կտևի մինչ 2018 թվականի հունվարի 14-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]