Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանի ներկայացուցիչ Միշայի համարում հեքիաթային մթնոլորտ կտիրի

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանի ներկայացուցիչ Միշայի համարում հեքիաթային մթնոլորտ կտիրի

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Միշան իր «Բումերանգ» երգով ցանկանում է բարություն տարածել աշխարհում: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան:

Նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը փոքրիկ ղարաբաղցին նշեց, որ դիտել է մրցակից երկրների ներկայացուցիչների երգերը, անգամ դրանց քավր տարբերակներն է կատարել:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը նոյեմբերի 26-ին կանցկացվի 15-րդ անգամ՝ «ShineBright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո, Թբիլիսիում:

 «Շատ ոգևորված եմ: Շատ եմ հավանում Ավստրալիայի ներկայացուցչի երգը: Մրցակիցներ եմ համարում Ռուսաստանին, Վրաստանին, Բելառուսին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միշան:

Նա շեշտեց, որ իր երգով ցանկանում է բարություն տարածել ու իր համար ամենալավ նվերը Արցախի խաղաղությունն է: Միշան հատվածներ կատարեց Ավստրալիայի, Բելառուսի ներկայացուցիչների և իր «Բումերանգ» երգերից:

Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանի խոսքով` Հայաստանը վերջին մի քանի տարում շատ մոտ է հաղթանակին: «Հուսանք` այս տարի Միշան կհաղթի: Դա նաև մեզանից է կախված: Նա պատրաստ է: Եթե երկու ժամից մեզ ասեն, որ Միշան պետք է դուրս գա բեմ և երգի, նա կանի դա»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով Միշայի մրցութային համարին` պրոդյուսերը շեշտեց, որ այն բավականին հետաքրքիր է: «Միշան բեմում միայնակ կլինի` առանց պարային խմբի և բեք վոկալի: Նրա հագուստը բավականին պարզ կլինի: Ելույթին կտիրի հեքիաթային մթնոլորտ, որը համապատասխանում է Միշայի տարիքի երեխայի երազանքներին»,-ասաց նա:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ այս տարի միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: «Ըստ նոր կարգի՝ մասնակից երկիրը օնլայն քվեարկության միջոցով կկարողանա քվեարկել նաև իր պատվիրակի օգտին: Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից www.junioreurovision.tv կայքում, որտեղ հնարավոր կլինի դիտել բոլոր 16 մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո կկարողանա միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին»,-նշեց Գասպարյանը:

Նա ընդգծեց, որ քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 26-ին` մրցույթի օրը` անմիջապես շոուից առաջ, եւ կվերաբացվի մրցույթին ընթացքում բոլոր 16 ելույթներից հետո: Տվյալ քվեարկությունը կտեւի 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն կվերածվի միավորների, որը կդառնա մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը կձեւավորվի ժյուրիի գնահատականի հիման վրա: Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը:

9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: «Փոքրիկ Ղարաբաղցին» 2016 թվականին մեր հայրենիքը ներկայացրել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ «Շողա պայծառ» («Shine Bright») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցի ևս 15 երկրի ներկայացուցիչ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:

Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]