Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Հակաբիոտիկները դեղատներից փետրվարից բաց կթողնվեն միայն դեղատոմսերով


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվար ամսից 3632 անուն դեղ, որոնց թվում են նաև հակաբիոտիկները, բաց կթողնվեն միայն դեղատոմսերով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանն ասաց, որ դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգն արդեն իսկ հաստատվել է եւ ուժի մեջ կմտնի երեք ամիս անց: «Վերահսկողական մարմինն արդեն ձեւավորման փուլում է: Այն կիրականացնի պատշաճ վերահսկողություն, եւ ինքնաբուժումը կբացառվի»,-նշեց նա:

Գյուրջյանի խոսքով` նոյեմբերի 13-ից մեկնարկած հակաբիոտիկների պատշաճ կիրառման համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման աշխատանքներ կիրականացվեն ոչ միայն հանրության, այլեւ  բուժաշխատողների լայն շրջանում: «2015 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է հակաբիոտիկների պատշաճ օգտագործման իրազեկմանն ուղղված շաբաթ: Այն նպատակ ունի հանրությանը ներկայացնել հակաբիոտիկների հետ կապված չարաշահումների եւ ոչ նպատակային կիրառման պատճառած վնասները: «Դրանց ոչ նպատակային կիրառումը հանգեցնում է հակաբիոտիկական կայունության զարգացման: Հակաբիոտիկը պետք է պահել  որպես ռեզերվ: Այն շատ կարեւոր եւ անհրաժեշտ դեր է կատարում նաեւ մի շարք վարակիչ հիվանդությունների պայքարի հարցում»,-ասաց մասնագետը՝ հավելելով, որ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում  այս տարի կանցկացվեն համապատասխան միջոցառումներ` ուղղված  դեղակայուն մանրէների վարակից խուսափելուն: «Միջոցառումներ են տարվում նաեւ անասնապահության ոլորտում հակաբիոտիկների ճիշտ եւ նպատակային օգտագործման ուղղությամբ, քանի որ դրանք անասնապահության մեջ կիրառվում են ոչ միայն բուժման, այլեւ աճը խթանելու համար»,-ասաց նա:

Քրիստինե Գյուրջյանը հորդորեց հակաբիոտիկ օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ, ճիշտ ժամանակին, ճիշտ դեղաչափով եւ այնքան օր, որքան բժիշկն է նշանակել: «Չի կարելի կիսատ թողնել բուժումն ու առանց բժշկի հետ խորհրդատվության դադարեցնել հակաբիոտիկի կիրառումը: Չի կարելի նաեւ ինքնաբուժմամբ զբաղվել»,-ասաց Գյուրջյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ