Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Արժեքավոր սփյուռքագիտական, հանրագիտարանային աշխատություն. «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքի՝ Էդիկ Մինասյանի գրախոսականը


ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ. պրոֆեսոր Էդիկ Մինասյանը Հրանուշ Հակոբյանի «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» մենախոսության գրախոսականն է ներկայացրել: «Արմենպրես»-ը հրապարակում է այն ամբողջությամբ.

«Հրատարակվել է ընթերցող հասարակության և հատկապես հայ սփյուռքագիտության հարցերով զբաղվող ուսանողության համար վաղուց սպասված՝ Հրանուշ Հակոբյանի «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» (Երևան, հեղ. հրատ., 2017, 662 էջ) ծավալուն մենագրությունը: Այն իր բնույթով ընդհանրական ու ամբողջական, եզակի աշխատություն է, որի առաջադրած հիմնախնդիրներն ու լուծումները խիստ արդիական են ու կարևոր, ունեն գիտագործնական, ճանաչողական և պատմագիտական մեծ նշանակություն:

Հեղինակը գիտական վերլուծության ենթարկելով Սփյուռքի պատմության փուլերը՝ մեծ քանակությամբ տեղեկատվություն է տալիս, որի շնորհիվ հասկանալի են դառնում Հայրենիք-Սփյուռք համագործակցության ոչ միայն այսօրվա արդյունքները, այլև կանխատեսվում է նրա ապագան:

Գիտական հետազոտողի  ուսումնասիրության առարկան Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ընթացքն է, արդյունքները և հեռանկարները: Աշխատության առաջին գլուխը նվիրված է Սփյուռքի պատմությանն ու նրա արդի բնութագրին: Այստեղ առաջին անգամ փորձ է արվել ուսումնասիրել և գիտականորեն մեկնաբանել հարափոփոխ աշխարհում «Սփյուռք» հասկացության էությունը, ընդհանրական կետերով ներկայացնել հայկական սփյուռքի ծագման, ձևավորման, զարգացման պատմական փուլերը, արդի վիճակն ու առանձնահատկությունները: Սփյուռքը դիտարկվում է ոչ թե որպես մի ինքնաբավ երևույթ՝ ամփոփված հայրենիքի ցեղասպանված ու հայազրկված անցյալով, այլև անկախ պետականության, Արցախի ու նրա խնդիրների հետ ունեցած բազմաթիվ կապերով: Գիտական վերլուծության օգնությամբ բացահայտվում են Սփյուռքի առաջացման պատմական պայմանները, քննարկվում են նոր իրավիճակում երևան եկած արդիական ու իրական խնդիրները:

Հանգամանորեն լուսաբանվում են Սփյուռք-ազգային պետություն, Սփյուռք-ասպնջական երկիր արտահայտությունների իմաստն ու բովանդակությունը, Սփյուռքի անդրազգային հատկանիշները և այլն: Հայկական համայնքների առանձնահատկություններից ելնելով՝ մենագրության հեղինակը առանձնացնում և մեծ կարևորություն է տալիս սփյուռքի իրողությունների վրա հենված Հայրենիք-Սփյուռք կապերի ու հարաբերությունների խորացմանը: Առաջնորդվելով հայոց ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով՝ նա առկա պայմաններում հայկական պետության հզորացման կարևորագույն գրավականներից է համարում հզոր սփյուռքի գոյությունը և վերջինիս անմիջական մասնակցությունը համահայկական տեսլականի իրագործմանը՝ իբրև մեկ միասնական ամբողջություն, հանուն Մայր հայրենիքի հզորացման:

Հեղինակը համակողմանիորեն և խորությամբ քննելով ու վերլուծելով հին, միջնադարի և նոր ժամանակաշրջանների հայ գաղթօջախների և նորագույն ժամանակահատվածի սփյուռքի խնդիրները, ճանաչել ու գնահատել է արդի սփյուռքի ներուժն ու կարողությունները՝ համաշխարհանայցման պայմաններում: Նրան հաջողվել է ներթափանցել հարցերի խորքերը, ցույց տալ նաև միգրացիոն գործընթացները, արտագաղթի երևույթները, հատկապես իրենց հետևանքներով:

Ուսումնասիրողն առանձնացնում է հայկական Սփյուռքի ձևավորման 6 փուլ. առաջին փուլը՝ հնագույն ժամանակներից մինչև 1894 թ., երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև երկարատև հակամարտության արդյունքում՝ 428 թ. հայոց պետականության անկումից հետո հայ ժողովրդի համար արտագաղթը դարձավ անբաժան ուղեկից:

Երկրորդ փուլը՝ 1894-1923 թթ., հայկական Սփյուռքի ձևավորման հիմնական ժամանակաշրջանն էր: Այս փուլում Օսմանյան կայսրությունում Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած 300 հազար, իսկ 1915 թ. 1,5 մլն հայերի ցեղասպանությունից հետո ստեղծվեց գաղթավայրի կամ գաղթօջախի նոր տեսակ, որի համար, հեղինակի խոսքերով ասած, կիրառվեց բոլորովին նոր եզրույթ՝  «Սփյուռք», որը հայերենում մինչև այդ չէր կիրառվել (Տե՛ս աշխատությունը, էջ 33-34):

Երրորդ փուլը՝ 1923-1948 թթ., անվանվում է Սփյուռքի կառուցվածքային փոփոխությունների փուլ, երբ 1946-1948 թթ. կազմակերպվեց հայերի մեծ հայրենադարձությունը:

Չորրորդ փուլում՝ 1948-1991թթ., ձևավորվեցին ու բարգավաճեցին նոր ավաններ ու գյուղեր, որոնք կոչվեցին հայրենադարձների ծննդավայրերի անուններով՝ Նոր Մալաթիա ու Նոր Սեբաստիա, Նոր Արաբկիր ու Նոր Զեյթուն, Նոր Կիլիկիա ու Նոր Արեշ, Նոր Հաճն և այլն: Այս փուլում՝ 1964 թ. ստեղծվեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն: Հինգերորդ փուլը վերաբերում է անկախության շրջանին՝ 1991-2008 թթ., երբ Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման նոր շրջափուլ սկսվեց, փակ սահմանները բացվեցին, կապերն ամրապնդվեցին, իսկ 1990-ական թթ. սկսվեց ու շարունակվեց արտագաղթը Հայաստանից:

Վեցերորդ փուլը՝ զարգացումներով, որը սկսվեց Հայաստան-Սփյուռք գործակցության նոր զարացումներով, որը 2008 թ. արձանագրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումով: Այս փուլում որպես երկրի նախագահի քաղաքական ծրագրի մաս՝ Սփյուռքի նախարարությունը մշակեց Հայկական սփյուռքի նկատմամբ Հայաստանի պետական քաղաքականությունը: Հեղինակը, որպես ՀՀ սփյուռքի նախարար, կանգնած լինելով այդ քաղաքականության մշակման և իրականացման ակունքներում, բերում է իր անմիջական նախաձեռնությամբ կազմակերպված, բազմաթիվ միջոցառումների (գիտաժողովներ, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի կենսագործում և այլն) իրականացման վերաբերյալ փաստաթղթեր և նյութեր, վիճակագրական տվյալներ և այլն, որոնք ուսումնասիրողների համար ունեն սկզբնաղբյուրի արժեք: Հեղինակը դիպուկ և ընդհանրական բնութագիր է տալիս հայկական Սփյուռքին՝ այն համարելով «տարիների ընթացքում ձևավորված համահայկական և  հայկական կազմակերպություններից ու հաստատություններից, ենթակառուցվածքներից ու տաղանդավոր անհատներից բաղկացած հսկայածավալ հանրույթ, որը հայտնի է ամբողջ աշխարհին» (էջ 49): Գրքում ներկայացնելով Սփյուռքի կառույցների (833 համայնք, 30 հազար կազմակերպություն և այլն) բազմաբովանդակ բնութագրերը՝ խորաթափանց գիտնականը ընդգծում է դրանց տեսակներն ու գործունեության յուրահատկությունները ազգային ինքնության պահպանման ու հայրենիքի հետ կապերի խորացման ոլորտներում: Հեղինակն առանձնացնում և առանձին հավելվածով ներկայացնում է 44 համահայկական, համասփյուռքյան հասարակական, եկեղեցական, մշակութային, բարեգործական և այլ կազմակերպությունները՝ հայ եկեղեցին, ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը, ՍԴՀկ-ն, ՀԲԸՄ-ն՝ իրենց կից կառույցներով, որոնց լրացնում են կրթամշակութային, առողջապահական և մարզական միությունները, հանձնախմբերը, հիմնարկություններն ու հիմնադրամները, որոնք ոչ միայն Սփյուռքը ցանցային ու կազմակերպված դարձրին, այլև համախմբեցին, կազմակերպեցին ու ամրապնդեցին Սփյուռքի կենտրոնները, այսօր էլ կապող օղակ են հանդիսանում Հայրենիք-Սփյուռք և Սփյուռք-Սփյուռք հարաբերություններում պաշտպանելով հայկական շահերն ամենուր ( էջ 50): Անգնահատելի համարելով վերոնշյալ համահայկական կազմակերպությունների դերակատարությունը Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման և ազգային խնդիրների լուծման գործում, հետազոտողը ընդգծում է, որ «համահայկական կառույցները վիթխարի դեր են կատարում համազգային առաջնահերթությունների հարցում՝ հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ բանաձևերի, հայտարարությունների ընդունման, ԼՂ հիմնախնդրի ներկայացման, Սփյուռքի կազմակերպման, Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդման ուղղությամբ» (էջ 51):  Հեղինակը անձնական դիտարկումների  և Սփյուռքում հավաքած նյութերի վերլուծությամբ ի մի է բերում և արժեվորում 27 հայկական եկեղեցիների, մատուռների ու վանքերի, 1000-ի հասնող ամենօրյա և մեկօրյա դպրոցների ու դասընթացների, աշխարհի տարբեր երկրներում գործող 107 հայագիտական կենտրոնների գործունեությունը, միաժամանակ ներկայացնում հայ ավանդական հանձնախմբերի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի Հայ դատի Ազգային կոմիտեի և այլ ազգային գործունեության մանրամասներ, որոնք, անկախ ծրագրային զգալի տարբերություններից, համազգային խնդիրներում ունեն միասնական մոտեցում (էջ 53): Հեղինակը քննելով հայկական Սփյուռքի կառուցվածքը համայնքների ձևով, որոնք գործում են համապատասխան երկրներում, տարածաշրջանում առանձնացնում է նրանց ըստ տեղային կառուցվածքների, ինչպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների հայկական համայնքներ և այլն: Նախօրոք մշակված հարցաթերթիկների համաձայն, ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների օգնությամբ համայնքների մասին հավաքված տեղեկությունների հիման վրա, որոնք մշակվել են ՀՀ ԳԱԱ փիլիոսփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի մասնագետների կողմից և ներառվել են աշխատության մեջ, նշանավոր գիտնականը հարուստ տեղեկատվությամբ առաջին անգամ ամբողջական տեսքով ներկայացնում է ընթերցողի դատին՝ սկսած ԱՊՀ երկրների, Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր և Միջին Արևելքի հայկական համայնքներից, վերջացրած Ասիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ու Աֆրիկայի հայկական համայնքներով: Ընդ որում, արդի՝ 2016 թ. սկզբնաղբյուրների տվյալներով ցույց են տրված յուրաքանչյուր երկրի հայկական համայնքում բնակվող հայության թվաքանակը, տեղաշարժերը, աշխարհի տարբեր երկրներում գործող եկեղեցիները, կրթօջախները, մշակութային կենտրոնները, առողջապահական հիմնարկները, ԶԼՄ-ները, երիտասարդական կազմակերպությունները, մասնագիտական միությունները, հայագիտական ամբիոններն ու կենտրոնները և այլն։ Շատ հաճախ սփյուռքահայ ազգային և հանրային կյանքի նկարագիրը պահպանելու համար հեղինակը համոզիչ զուգահեռներ է անցկացրել հայկական համայնքների և այլազգի սփյուռքների՝ հրեական, հունական, թուրքական, իռլանդական և նաև լոբբիստական կառույցների հետ։ Ուսումնասիրելով Սփյուռքին ուղղված մարտահրավերները՝ Հ․ Հակոբյանը ոչ միայն բացահայտում է դրանց առանձնահատկությունները, այլև գործնական առաջարկներ անում դրանց հաղթահարման ուղիների ու միջոցների վերաբերյալ։ Այդ առաջարկները Սփյուռքի կառուցվածքային զարգացման, համախմբման և մարտավարության մշակման գործում ունեն ուղենշային ու ծրագրային բովանդակություն։ Այստեղ հեղինակը հարուստ բովանդակային տեղեկատվությամբ ներկայացնում է համահայկական մասնագիտական կառույցները, սփյուռքահայ թանգարանները, գրադարաններն ու հայագիտական կենտրոնները, լրատվամիջոցները, որոնց ամբողջական ցուցակը տրված է առանձին հավելվածների տեսքով: Հանրագիտարանային այս գրքում, ըստ պատշաճի, համապատասխան փաստերով, վերլուծվում և գնահատվում է սփյուռքի հետ հայոց պետական հարաբերությունների ողջ պատմությունը, սկսած խորհրդային շրջանից, հակիրճ և բովանդակալից անդրադարձ է կատարվում Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեի գործունեությանը։ Ամբողջական և ընդհանրական է ներկայացվում Սփյուռքում գործող հայ եկեղեցին։ Արժեքավոր տեղեկություններ ներկայացնելով հայապահպանության գործում հայոց եկեղեցու ծավալած գործունեության մասին՝ խորաթափանց գիտնականը առաջինը անդրադառնում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու, Մայր Աթոռի գործունեությանը, ապա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը, հայ կաթողիկե, հայ ավետարանական եկեղեցիներին և այլն։ Նա միաժամանակ բացահայտում է հայոց եկեղեցու՝ ազգի միասնականության ուղղությամբ ծավալած գործունեության առանձին մանրամասներ, հատկապես անկախության տարիներին հակադրվելով մեր ժողովրդին բաժանելու, հատվածականությունը քաջալերելու գործելակերպին։

Աշխատության երկրորդ գլխում, որը վերնագրված է «Հայաստանի և Սփյուռքի մարտահրավերները», հեղինակին հաջողվել է հիմնահարցի վերաբերյալ իր պատկերացումները ներկայացնել ամբողջական տեսքով: Համապատասխան պատմական փաստերի և իրողությունների վերլուծության միջոցով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրները անկախության ավելի քան 25 տարիների ընթացքում։ Ընդգծելով անկախության տարիներին մեր ժողովրդի ձեռքբերումները, հեղինակը գրում է․ «Ցավոք, անցնող տարիները եղել են բարդ ու խոչընդոտներով լեցուն, ժողովուրդը ծանրագույն պայմաններում, մի կողմից երկիր է կառուցել, մյուս կողմից՝ ստիպված եղել պայքարել նենգ ու անկանխատեսելի հակառակորդի թշնամական գործողությունների դեմ։ Օբյեկտիվ դժվարությունների (արտաքին մարտահրավերներ, տնտեսական ճգնաժամեր, պատերազմական իրավիճակներ, փախստականներ, ԼՂ-ի չկարգավորված հակամարտություն) գոհացուցիչ համարվել չեն կարող, մտահոգիչ է երկրում աղքատության և արտագաղթի մակարդակը, որը քննարկվում է հատկապես անկախության սերնդի կողմից (էջ 258, 259)»։ Քննարկելով տարածաշրջանային մարտահրավերները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ գրքի հեղինակը ընդգծում է, որ «ԼՂ-ի շուրջ ծավալված հակամարտությունը, շուրջ երեք տասնամյակ չի հանգուցալուծվել և անընդհատ թեժանում է Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչությունների, դիվերսիաների, դիպուկահարների գործողությունների հետևանքով» (էջ 262)։ Հայ-ադրբեջանական դիմակայության մեջ հեղինակը կարևորում է նաև թուրք-ադրբեջանական մարտնչող քաղաքականության մերկացումը ի հակակշիռ բանակցային գործընթացի ձախողման և տարածաշրջանային ապակայունացման։ Նոր մարտահրավերների և նոր մոտեցումների, ինչպես նաև Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների բաժնում հեղինակը ուշադրություն է հրավիրում հայկական իրողությունների վրա ազդող նոր երևույթների վրա, որ նորահայտ մարտահրավերները պահանջում են նոր մոտեցումներ սփյուռքահայ կյանքի ահագնացող վտանգների պայմաններում։ Այդպիսի վտանգները, ըստ ուսումնասիրողի, երևան են գալիս Սփյուռքի ներքին տեղաշարժերի ձևով, այնպիսի դժվարությունների ի հայտ գալով, ինչպիսին է ընդունող երկրի և Հայաստանի տնտեսական ու քաղաքական շահերի անհամապատասխանությունը և այս պայմաններում՝ Հայաստանի և Սփյուռքի ճիշտ կողմնորոշվելու խնդիրը։ Իբրև առաջարկ-անելիքներ մարտահրավերներին դիմակայելու համար, հեղինակը համարում է նորաստեղծ բազմանդամ (3 և ավելի երեխա) հայ ընտանիքի ստեղծումը, հայության միասնական հավաքական ուժով «հզոր Հայաստանի» կայացումը, որպես հայության կարևոր խնդիր և այլն։ Այս գլխում բազմաթիվ փաստերի համեմատական քննությամբ և վերլուծությամբ գիտնականը ցույց է տալիս հայկական համայնքի գործունեությունը, Թուրքիայում ցեղասպանության ճանաչման հարցում թուրքական ժխտողականության և նենգափոխման քաղաքականության էությունը, որի դեմ հայության պայքարը դիտարկվում է որպես հայության միավորող գործոն։ Այս հիմնախնդրի առաջարկ-անելիքների մեջ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը դիտարկվում է որպես մի հանգրվան, որից ելնելով հայոց պետությունը և հայ ժողովուրդը այսուհետ պետք է կառուցեն իրենց գործունեության նոր ծրագիրը (էջ 301)։

 Որպես դիմակայության առաջնային ոլորտներ, առանձնացվում է կրթական գործը (հայկական դպրոցների թվաքանակի նվազումը Ստամբուլում), լեզվի և խառնամուսնությունների տագնապալից վիճակը, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության անձեռնունայն կացությունը, Թուրքիայի հայ համայնքը և բռնի մահմեդականացած, իսմլամացած հայության խնդիրը, պատմամշակութային ժառանգությունը, որպես հայ ինքնության մաս, հայկական ունեցվածքի և գույքի ժառանգության հիմնախնդիրները և այլն։

Գլխի վերջում, քննարկելով հայ ինքնության հիմնահարցերը, հեղինակը այն պահպանող հիմնասյուներն է համարում ազգային լեզուն և դպրոցը, հայ ընտանիքն ու բարքերը, մշակույթը, եկեղեցին և պատմական հիշողությունը։ Յուրաքանչյուր ոլորտում հեղինակն անում է արժեքավոր, հետաքրքիր և կոնկրետ առաջարկներ, որոնք ունեն գործնական նշանակություն։ Հեղինակը համապատասխան փաստերի վերլուծությամբ, աղյուսակների տեսքով, ներկայացնում է Սփյուռքի ներդրումները ՀՀ տնտեսության մեջ (էջ 282-289)։ Սփյուռքի ինքնության ամրապնդման ուղղությամբ հեղինակը կատարում է շատ արժեքավոր և ընդհանրացված եզրակացություններ․

ա․ համայնքներում հայերենի գործածության սահմանափակումներից մինչև հաղորդակցության միջոցի վերացում,

բ․ ազգային դպրոցի քանակական ու որակական տեղատվությունները օտար դպրոցների առջև,

գ․ զուտ հայկական ընտանիքիների քանակի աղետալի վիճակ և այլն։

Աշխատության այս գլխում համոզիչ տվյալներ են բերվում Ամերիկայում խառնամաուսնությունների քանակական աճի մասին (60-80%), ուծացման երևույթի դրսևորում, որը սպառնում է առաջին հերթին քրիստոնեական երկրներին: Սփյուռքի հայկական համայնքներում նման երևույթների կանխման համար հեղինակը իր առաջարկների մեջ դրանց հակադրում է ազգային, մշակութային և հոգևոր կառույցների միասնական գործունեությունը, հատկապես հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական եկեղեցիների միասնական գործունեությունը: «Սփյուռքի ներդրումները» բաժնում հանգամանորեն քննարկվում և վերլուծվում են ներդրումների տեսակներն ու շրջանառության ոլորտները, քաղաքական, տնտեսական, իրավական, հոգեբանական և բարոյական գործոնների նշանակությունը, կազմակերպչական խնդիրները և այլն:

Գրքի վերջին՝ երրորդ գլուխը վերաբերում է Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում պետական-քաղաքականության վերլուծությանը (1908-1916թթ.): Հայտնի է, որ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակմամբ որակապես նոր փուլ սկզբնավորվեց Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում:

Այստեղ տարաբնույթ փաստերի հանգամանալից և համակողմանի վերլուծությամբ ցույց է տրվում Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման խնդիրները՝ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո պատմական հենքի վրա արդիական բնութագրմամբ: Տալով հայկական Սփյուռքի սահմանադրական ձևակերպումը՝ հեղինակը շեշտադրում է Հայաստան-Սփյուռք համագործակցության գործնական դրսևորումները, որոնք ընկած են այդ գործակցության զարգացման հայեցակարգի (2009 թ.) մշակման հիմքում: Այս համագործակցության ամրապնդման գործում առանձնահտուկ ձևակերպում ունի ՀՀ սփյուռքի նախարարությունը, որի ստեղծման (2008 թ. հոկտեմբերի 1-ից) և ղեկավարման ակունքներում է գրքի հեղինակը: Նա, սեփական փորձառության և իրազեկության համոզչությամբ ղեկավարելով այդ կառույցը, իր ակտիվ և արդյունավետ գործունեությամբ մշակել և իրականացրել է պետական քաղաքականությունն այս ոլորտում: Բնութագրելով այս պետական կառավարման մարմնի առանձնահատկությունները, որոնք բխում են Հայրենիք-Սփյուռք գործակցության սկզբունքներից, հեղինակը սեփական նախաձեռնությամբ կամակերպված աշխատանքով փաստում է իր իսկ մշակած բազմաբնույթ ծրագրերի իրականացման արդյունավետությունը վերոնշյալ համագործակցության ամրապնդման գործում: Հայաստան-Սփյուռք գործակցությանը նպաստող ծրագրերից առանձնացվում են «Արի տուն» ծրագիրը, «Իմ Հայաստան», «Կոմիտաս» փառատոնները, «Սփյուռք» ամառային դպրոցը և այլն, ինչպես նաև հետազոտությունների ծրագիր, մասնագիտական համաժողովներ, գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, հավաք-հանդիպումներ: Հայոց ցեղասպանության ճանաչմանը, զարգացմանը և հետևանքների վերացմանը նպատակաուղղված միջոցառումների ծրագիր, «Մեր մեծերը» ծրագիրը, տարածաշրջանային ծրագրեր, Հայաստան տեղափոխված սիրիահայերի աջակցության ծրագիրը և այլն: «Եզրակացություններ» բաժնում 16 կետով գիտնականը ընդհանրացրել և ներկայացրել է սեփական արժեքավոր եզրահանգումները ՀՀ անկախության շրջանում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Նրանից առանձնացվել են կրթամշակութային և տնտեսական ոլորտները, ներդրումները, հայոց ցեղասպանության և ԼՂ հիմնախնդիրը, Հայաստան-Սփյուռք գործակցության հեռանկարային քայլերը և այլն: 150 էջ ընդգրկող հավելվածներում գիտական մակարդակով կազմվել են գործնական արժեք ներկայացնող վիճակագրական, տեղեկատվական բազմաթիվ տվյալներ ամփոփող աղյուսակներ, որոնք ներկայացում են Սփյուռքի իրական կացությունը, հայերի ճշգրտված  թվաքանակն ըստ պետությունների, համահայկական մասնագիտական կառույցները, հայազգի նշանավոր գիտնականները, Սփյուռքի հայ գործարարները և բարերարները, այլ պետությունների պառլամենտներում, նահանգային, տեղական մարմիններում ընդգրկված հայազգի պաշտոնյաները, լրատվամիջոցները և հայրենիքի հետ նրա փոխհարաբերությունների տարբեր ոլորտներ: Ուսոմնասիրությունը հարուստ և բազմաբովանդակ նյութերի գիտավերլուծության հիման վրա կառուցված հետազոտություն է, որից ոչ միայն կարելի է ահռելի քանակությամբ արժեքավոր տեղեկատվություն ստանալ, այլև հասկանալ ժամանակակից արդյունքները և կանխատեսել վաղվա օրը: Աշխատությունը գրված է գեղեցիկ հայերենով, ունի խորը գիտական բովանդակություն, կարող է ծառայել ոչ միայն իբրև մենագրություն, այլև ուսումնական ձեռնարկ, դասագիրք բուհերի, հատկապես սփյուռքագիտության հարցերով զբաղվող ուսանողների համար: Կատարված հսկայածավալ աշխատանքը լուրջ ներդրում է սփյուռքագիտության ոլորտում, որը պահանջում է այս արժեքավոր գրքի թարգմանությունը աշխարհի տարբեր լեզուներով օտար ընթերցողին ծանոթացնելու՝ մասնավորապես հայ սփյուռքի հարուստ պատմությանն ու մշակույթին: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել հեղինակին, ԵՊՀ պատմության ֆակուլտետին և մասնավորապես նրա սփյուռքագիտության ուսանողության անունից նման արժեքավոր նվեր մատուցելու համար: Համոզված ենք, որ այն կդառնա մեր ուսանողության սեղանի գիրքը»:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ