Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Ադրբեջանի ԶԼՄ-ները խեղաթյուրել են Հայաստանի մասին Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմիի հայտարարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրանագետ Արմեն Իսրայելյանը հայտնում է, որ այս անգամ խոսքը Ղասեմիին ուղղված ԱՊԱ լրատվական գործակալության լրագրողի հարցի մասին է, որն առնչվել է ՀՀ ԱԳ նախարարի՝ Իսրայել կատարած այցին:

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը հետևյալ կերպ է արձագանքել հարցին. «Իրանը անկախությունից ի վեր Հայաստանի հետ լավ հարաբերություններ է ունեցել, ՀՀ-ն այն հարևաններից է, որի հետ մենք քիչ խնդիրներ ունենք: Հայաստանն իր քաղաքական հարաբերություններն է կառուցում, և մենք այդ երկրի ներքին գործերին միջամտելու նպատակ չունենք, սակայն, ճանաչելով Իսրայելին, վստահ ենք, որ այդ երկրի գործողություններն ուղղված չեն կայունության հաստատմանը, ուստի մեր հայ բարեկամներին հորդորում ենք ուշադիր հետևել տարածաշրջանում Իսրայելի իրականացրած գործողություններին, վստահ ենք, որ Հայաստանը տեղեկացված է այդ հարցում»:

Իսկ ադրբեջանական աղբյուրը, թեև վերնագրում ներկայացրել է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրությանը մոտ ձևակերպում, սակայն բուն նյութում այլ կերպ է ձևակերպել՝ ներկայացնելով հետևյալ տարբերակով. «....Հայերին խորհուրդ ենք տալիս ուշադիր հետևել իրենց գործողություններին կովկասյան տարածաշրջանում»:

«Նման վարքագիծը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում գիտակցում են, որ հենց Բաքուն է տարիներ շարունակ մասնակցում Իսրայելի մշակած հակաիրանական գործողություններին»,- եզրակացրել է իրանագետը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ